Jump to content

Դրագոբետե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դրագոբետե (ռումիներեն՝ Dragobete), ռումինական բանահյուսության հերոս, Բաբա Դոկիայի որդին։

Դրագոբետեին նվիրված ավանդական տոնը Ռումինիայում և Մոլդովայում[1][2] նշվում է փետրվարի 24-ին և Սուրբ Վալենտինի օրվա անալոգն է։ Հնում համարվել է, որ այդ օրն սկսվում է գարունը, արթնանում է բնությունը և թռչունները զույգ են կազմում, իսկ մարդիկ պետք է մասնակցեն համընդհանուր ուրախությանը։ Ըստ առասպելաբանական ավանդության՝ Դրագոբետեն ավելի շատ նման է Էրոսին կամ Կուպիդոնին, քան կաթոլիկական սուրբ Վալենտինին։ Այդ կերպարը փոխառվել է հին դակերից, որոնց մոտ այն եղել է կենդանիների հովանավորը։ Ռումինիայում վերածվել է սիրո հովանավորի։

Փետրվարի 24-ին Ռումինիայի գյուղերում սովորաբար կազմակերպվում է մեծ տոն։ Համարվում է, որ այդ տոնին մասնակցողը հաջորդ տարի ազատ կլինի հիվանդություններից, առաջին հերթին՝ տենդից, իսկ Դրագոբետեն տանտերերին կբերի առատություն այդ տարի։ Այդ օրը ասել են․ «Դրագոբետեն համբուրում է աղջիկներին» (ռումիներեն՝ Dragobetele sărută fetele

Պատանիներն ու աղջիկներն այդ օրը հանդիպել են եկեղեցու մոտ և գնացել անտառ՝ հավաքելու գարնանային առաջին ծաղիկները։ Ռումինիայի հարավում՝ Մեխեդինցի ժուդեցում, գոյություն է ունեցել հետևյալ սովորույթը։ Աղջիկներն անտառից վերադարձել են վազելով։ Նրան պետք է հետապնդեր նրան սիրող տղան։ Եթե նա հասնում էր աղջկան, իսկ նա էլ սիրահարված էր տղային, ապա աղջիկը պետք է համբուրեր տղային բոլորի աչքի առաջ։ Այդ ժամանակ նրանք համարվում էին նշանված։ Այդպիսով տոնի ժամանակ պարզվել է, թե ինչ հարսանիքներ են լինելու եկող աշնանը։

Տարեցներն այդ օրը նույնպես զբաղմունք են ունեցել․ նրանք կենդանիներ են զոհ մատուցել, որովհետև համարվել է, թե դրա շնորհիվ կավելանա հարսանիքների թիվը։ Որպեսզի ամբողջ տարին լինեն սիրված, կանայք պետք է դիպչեին ուրիշ գյուղի բնակիչ տղամարդու։ Աղջիկները երեկոյան հավաքել են ձյան վերջին մնացորդները, որ կոչել են «փերիների ձյուն»։ Այդ ձյան ջուրն օգտագործվել է տարվա ընթացքում որպես գեղեցկության պահպանման ու սիրային հմայությունների միջոց։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Драгобете в Молдавии» (румынский). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. В Румынии и Молдове отмечают день влюбленных "Драгобете"