Jump to content

Դիաթերմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմունկի դիաթերմիա (1945 թվական)

Դիաթերմիա (հուն․՝ διά - միջով և νέρμη - տաքություն), էնդոթերմիա, թերմոպենետրացիա, էլեկտրաբուժության մեթոդ, հյուսվածքների և օրգանների տաքացումը բարձր հաճախականություն (1,6 Մհց) և 3 Ա ուժ ունեցող հոսանքով։ Մեթոդն առաջարկել է չեխ բժիշկ Ռ․ Ցեյնեկը, 1905 թվականին, իսկ «դիթերմիա» տերմինը՝ գերմանացի բժիշկ Ֆ․ Նահելշմիդը։ Մարմնի օրգաններն ու հյուսվածքներն օժտված են տարբեր էլեկտրահաղորդականությամբ․ ամենամեծ դիմադրությունն ունեն մաշկային, ճարպային, ոսկրային ու մկանային հյուսվածքները (սրանք ավելի ուժեղ են տաքանում), ամենափոքրը՝ արյունով և ավիշով հարուստ օրգանները՝ թոքեր, լյարդ, ավշային հանգույցներ (ավելի թույլ են տաքանում)։ Ջերմային ազդեցություններից բացի բարձր հաճախականության հոսանքը օրգանիզմում առաջացնում է առանձնահատուկ պրոցեսներ, որոնց էությունը բացահայտված չէ։ Ենթադրվում է, որ հոսանքի ներգործմամբ բջջային իոնները տեղաշարժվում են, իոնների սահմանային որոշ կոնցենտրացիաների դեպքում կոլոիդները քայքայվում են, և բջիջն անցնում է գրգռված վիճակի։ Դիաթերմիայի հիմնական ազդեցությունը արտահայտվում է ֆիզիոլոգիական ռեակցիաներով, բարձրանում է վեգետատիվ նյարդային համակարգի ակտիվությունը (ավիշի, արյան շրջանառության, նյութափոխանակության արագացում, լեյկոցիտների ակտիվության ուժեղացում), զգացող նյարդերի գրգռման շեմքը, թուլանում են կմախքային և ներքին օրգանների մկանները։ Այդ պատճառով դիաթերմիան կիրառում են միզածորանի, լեղուղիների, լեղապարկի և արյան անոթների կծկումներից առաջացող այլ հիվանդությունների, ինչպես նաև նյարդերի, նյարդարմատների ոչ թարախային բորբոքումների, մկանների և հոդերի ցավերի դեպքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 370