Դաշտ գյուղատեղի (Ջուղայի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղատեղի
Դաշտ գյուղ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար Հանրապետություն Նախիջևան
ՇրջանՋուղայի շրջան
Այլ անվանումներՎարդուտ,
Գյուլիստան
Ազգային կազմՀայեր
Դաշտ գյուղատեղի (Ջուղայի շրջան) (Ադրբեջան)##
Դաշտ գյուղատեղի (Ջուղայի շրջան) (Ադրբեջան)

Դաշտ գյուղատեղի (հայտնի է նաև Դաշտ գյուղ, Վարդուտ, ներկայում՝ Գյուլիստան անուններով), լքված, ավերված հայկական գյուղ ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանի վարչական կենտրոն հանդիսացող Ջուղա քաղաքի մոտակայքում[1][2]։ Գյուղատեղիի տարածքում ներկայում գտնվում է ադրբեջանաբնակ Գյուլիստան գյուղը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր ժամանակներում բնակավայրն ունեցել է տարբեր անուններ։ Առավել հայտնի անուններից է Դաշտը։ Այն առաջացել է գյուղի՝ հարթ վայրում գտնված լինելու հանգամանքով[1]։

Դաշտ գյուղի տարածքը բավականին լավ է մշակվել և կանաչազարդ ու վարդերով պատված լինելու համար անվանվել է նաև Վարդուտ[1]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին մեծության այս գյուղը գտնվում էր Ջուղա քաղաքից 1,5 կմ արևելք՝ Արաքս գետի ափին, կամրջի մոտ հարթ վայրում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշտ գյուղը հանդիսացել է պատմական Հայաստանի բարգավաճ գյուղերից։ 1605 թվականին գյուղի բնակչությունը Ջուղա քաղաքի բնակչության հետ միասին նույնպես բռնագաղթի է ենթարկվել[1]։

1881 թվականին գյուղի տարածքում հողային աշխատանքներ իրականացնելու ընթացքում երևացել են Դաշտի եկեղեցու և այլ շինությունների հետքերը[1][2]։

Խորհրդային ժամանակներում պատմական բնակավայրն արդեն հիմնովին ավերված էր, նշմարվում էին միայն հիմքերի հետքեր[1]։ Ներկայում գյուղից հետքեր չեն մնացել[3]։

Գյուլիստան գյուղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավերված Դաշտ գյուղի տարածքում հետագայում հիմնվել է մեկ այլ գյուղ, որը անվանվել է Վարդուտ, որը 19-րդ դարի կեսերից հետո ուղիղ ձևով թարգմանվելով ստացել է Գյուլիստան անվանումը։ Այս գյուղը ներկայում ադրբեջանաբնակ բնակավայր է[1]։

Հայտնի դաշտեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնունդով Դաշտ գյուղից էր 17-րդ դարի բանաստեղծ, հանելուկագիր, ժամանակագիր, հրապարակախոս Ստեփանոս Դաշտեցին, ով մի շարք պատմական ու կրոնական աշխատությունների, բանաստեղծությունների ու հանելուկների հեղինակ է։ Իր բանաստեղծություններից մեկում Ստեփանոս Դաշտեցին իր ծննդավայրի մասին գրել է

«Է անունն իմ Ստեփանոս,
Որ է Դաշտէն եղէ սերեալ,
Թէպէտ հաւն իմ տեղափոխմամբ,
Ի յԱսպահան եղև տարեալ»[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Արգամ Այվազյան, Ջուղա, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան - 1984 թվական, էջ 32։
  2. 2,0 2,1 Մ. Սմբատյանց, Նկարագիր Շամախւոյ թեմի, Տփխիս, 1896, էջ 148։ «Կռունկ հայոց աշխարհի», Թիֆլիս, ապրիլ, 1863, էջ 322։
  3. «Նախիջեւանում հայկական հուշարձանները վանդալիզմի են ենթարկվում» (արխիվացված
  4. Ռ. Աբրահամյան, Ստեփանոս Դաշտեցի, «Տեղեկագիր հասարակական գիտությունների», իքշ 12, 1956, էջ 102։