Գրքի դիզայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդգես Պետրոսյան, «Կրակե շապիկ»

Գրքի դիզայն, ձևավորում, գրքարվեստի բաղկացուցիչ մաս, գրքի (ձեռագիր, տպագիր) պատրաստման փուլերից։ Կատարում է գեղարվեստական խմբագիրը, դիզայները կամ էջկապողը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցյալում առավել տարածված էր «գրքի ձևավորում» հասկացությունը։ Գրքի դիզայնը սերտորեն կապված է գրքի պատրաստման տեխնիկայի հետ. տպագրության յուրաքանչյուր նոր եղանակ (ձեռքի հաստոցից մինչև թվային տպագրություն) որոշակիորեն ազդել է գրքի արտաքին տեսքի և ներքին կառուցվածքի վրա։ Գրքի դիզայնի առաջին տարրերը տպատառերն են, որոնց միօրինակացման համար XV դարի վերջին սահմանվել են ընդհանուր նորմեր։ XIX դարի կեսերին տպագրվել են շարվածքի տեղեկատուներ՝ գրքերի ձևավորման նույնականությունն ապահովելու նպատակով։

1890-ական թվականներին ծագել է առավել հարմար տպատառերի պատրաստման և էջում շարվածքի տեղադրման կանոնների մշակման խնդիր (Վ. Մորիս)։ Պոլիգրաֆիական արդյունաբերյան զարգացմամբ գրքի դիզայնի գեղարվեստականությունն իր դիրքերը մասամբ զիջել է արդյունաբերական դիզայնին, երբ կարևորվել են տպագրության միջոցների խնայողությամբ ու գրքի գործառնական նշանակությամբ պայմանավորված լուծում­ները։

Հիմնական սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի դիզայնի սկզբունքները պայմանավորված են գրքի երկակի բնույթով. նախ, որ այն հոգևոր մշակութային երևույթ է՝ իր գիտական, գաղափարական, գեղարվեստական և այլ արժանիքներով, ապա՝ նյութական մշակույթի առարկա, որ ստեղծվում է պոլիգրաֆիական միջոցներով։ Գրքի դիզայնի հիմնական խնդիրը դրանց միասնաբար բավարարումն է՝ գեղարվեստական և պոլիգրաֆիական հնարավորություններով, գրքի բովանդակության բացահայտմանը նպաստելը, դյուրընթեռնելիությունն ու հեշտ օգտագործումը, ամրությունը, երկարակեցությունը ապահովելը և այլն։

Գրքի (տպագիր արտադրանք) ստեղծման գործընթացը բաղկացած է 3 հիմ­նական փուլերից՝ հրատարակչական, գեղարվեստական և արտադրական։ Գրքի դյուրընթեռնելիության համար կարևոր են տեքստի տառերի ու պատկերների չափերի համամասնությունը, տողի երկարությունը, միջտողային հեռավորությունը, գույների թնդությունը ևն։ Օգտագործման հարմարավետությունը պայմանավորված է գրքի չափերով ու ձևով, ամրությունը՝ շապիկի (կազմ), կազմանյութի, թղթի տեսակով ու որակով։ Բովանդակությունից և ուղղվածությունից կախված՝ գրքերը պայմանականորեն բաժանվում են գիտական, ուսումնական, հասարակական-քաղաքական, գրական-գեղարվեստական և այլ խմբերի, որոնց համար ստեղծվել են ձևավորման տիպային սխեմաներ։ Իսկ դիզայնի առումով տարբերում են հանգիստ (գրքի առանձին, նաև կից էջերի համաչափություն՝ նույնական ուղղանկյուն էջեր, նույնատեսակ շարվածքներ, փոքրաչափ աղուսակներ, պատկերազարդում­ների և վերնագրերի կենտրոնական դասավորություն) և շարժուն (էջերում ընդգծված հատվածներ, վերնագրերի, պատկերազարդման տարրերի տեղաշարժեր դեպի եզրեր և այլն) ձևավորում­ներ։

Տառատեսակի ու տառաչափի ընտրությունը պայմանավորված է գրականության տեսակով և մեծապես նպաստում է տեքստի ընթեռնելիությանը. մասնավորապես 10–12 կչփ-ի շարվածքը նախընտրելի է գեղարվեստական գրականության, 7–9-ը՝ բառարանների և հանրագիտարանների համար։ Որպես գրքի դիզայնի տարրեր օգտագործվում են տառերի չափերի, թեքության, ուրվագծի, ցայտունության ու մակատեսքի փոփոխման հնարավորությունները, նաև բառամիջան ու տողամիջան հեռավորությունները, գլխատառերի տեսակն ու ձևավորման եղանակները և այլն։ Գրքի հիմնական տեքստից բացի՝ ձևավորման կարևոր տարրերից են նաև ներտեքստային վերնագրերը, լրացուցիչ տեքստերը (աղուսակ, վկայակոչում, տողատակ, տակագիր, բանաստեղծական տող և այլն) և պատկերների մակագրությունները, էջատիտղոսները, էջաթվերը, գրքի նախաբանն ու վերջաբանը, որոնց գեղեցիկ ու համաչափ ձևավորումը էապես լրացնում է գրքի դիզայնի կառուցիկությունը։

Գրքի դիզայնի յուրատեսակ խտացում են տիտղոսաթերթերի և կազմերի (շապիկների) ձևավորում­ները, որոնք ոչ միայն արտահայտում և ամբողջացնում են գրքի բովանդակությունը, այլև ապահովում նրա ապրանքային գրավչությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։