Մակոսն «Իլիուպոլի» երիտասարդական թիմի սան է։ 2003 թվականին դարձել է «Պանիոնիոս» ակումբի խաղացող։ Առաջին թիմում իր նորամուտը կատարել է 2004 թվականի մայիսի 23-ի «Պրոոդեֆտիկի» ակումբի դեմ խաղում[3]։ Իր առաջին գոլը «Պանիոնիոսում» խփել է 2005 թվականի հոկտեմբերի 1-ին՝ գրավելով «Լևադիակոս» ակումբի դարպասը[4]։ Մակոսն արագ դարձել է «Պանիոնիոսի» կարևոր խաղացողներից մեկը, իսկ արդեն 2006 թվականին 19 տարեկան հասակում ընտրվել է թիմի ավագ։ Մակոսի վստահ խաղի շնորհիվ նրանով հետաքրքրվել են Հունաստանի առաջատար ակումբները, ինչպես նաև արտասահմանյան թիմեր, ինչպիսիք են գերմանիական «Մյունխեն-1860» ակումբը[5]։ Արդյունքում «Պանիոնիոսը» համաձայնել է վաճառել Մակոսին Աթենքի ԱԵԿ ակումբին[6].
2009 թվականի հունիսի 24-ին Մակոսը հնգամյա պայմանագիր է կնքել ԱԵԿ-ի հետ[7]։ Գրիգորիսը նշել է, որ ԱԵԿ տեղափոխվելու պատճառներից մեկը եղել է թիմի գլխավոր մարզիչ Դուշան Բաևիչը[8]։ Նոր թիմում Մակոսը շարունակել է հանդես գալ 14 համարով, որով նա խաղում էր երիտասարդ տարիներից սկսած[9].
Օգոստոսի 20-ին Գրիգորիս Մակոսը կատարել է իր նորամուտը ԱԵԿ-ի կազմում Եվրոպայի լիգայի՝ ռումինիական «Վասլույ» ակումբի դեմ խաղում[10]։ Հունաստանի առաջնությունում իր առաջին խաղը անցկացրել է օգոստոսի 30-ին ընդդեմ «Ատրոմիտոս» ակումբի և օգնել է իր թիմին հաղթել 1:0 հաշվով[11]։ Ընդհանուր առմամբ Մակոսն առաջին մրցաշրջանում ԱԵԿ-ի կազմում անցկացրել է 28 խաղ, որոնցից 21-ը՝ առաջնությունում, 1-ը՝ Հունաստանի գավաթի խաղարկությունում, 6-ը՝ Եվրոպայի լիգայում։ Հաջորդ մրցաշրջանը Մակոսն անցկացրել է բարձր մակարդակում և եղել է ակումբի այն քիչ ֆուտբոլիստներից մեկը, որոնք չեն ենթարկվել քննադատության երկրպագուների կողմից։ Տարվա վերջին նվաճել է առաջին տիտղոսը ԱԵԿ ակումբում՝ հաղթելով Հունաստանի գավաթի խաղարկությունում[12]։
«Պանիոնիոս» ակումբի հիմնական ֆուտբոլիստներից մեկը դառնալուց հետո Մակոսն սկսել է հրավիրվել Հունաստանի երիտասարդական հավաքական։ Երիտասարդական հավաքականում անցկացրել է 17 խաղ։ 2008 թվականի փետրվարի 5-ին կայացած Չեխիայի հավաքականի դեմ խաղում կատարել է իր նորամուտը Հունաստանի ազգային հավաքականում[13]։ Մակոսն ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում 2010 թվականի աշխարհի առաջնությունից առաջ[14], բայց վերջնական հայտացուցակում չի ընդգրկվել[15]։
Մակոսը ընդգրկվել է Հունաստանի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու 2012 թվականին Եվրոպայի առաջնությանը[16]։ Մրցաշարում անցկացրել է երկու խաղ և թիմի հետ միասին հասել մինչև քառորդ եզրափակիչ[17]։
↑«Ανακοίνωση» (հունարեն). AEK F.C. Official Web Site. 2009 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 24-ին.
↑«Ατρόμητος Αθ. — ΑΕΚ 0-1» (հունարեն). AEK F.C. Official Web Site. 2009 թ․ օգոստոսի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 24-ին.