Գուրգեն Տարախչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուրգեն Տարախչյան
Ծնվել է1897
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1943
Մահվան վայրՍարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունոսկերիչ

Գուրգեն Մարտիրոսի Տարախչյան (Մաշտի Գուրգեն, 1897, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - 1943, Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ոսկերիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրգեն Տարախչյանը ծնվել է 1897 թվականին, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) քաղաքում, Տարախչոնց գերդաստանում, որը տվել է ոսկերիչ վարպետների չորս սերունդ։ Աշակերտել է հորը՝ Տարախչոնց տոհմապետ Մարտիրոսին, որի պատրաստած ոսկեզօծ արծաթե գավը Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում 1889 թվականին Ոսկե մեծ մեդալի է արժանացել[1]։ Տարախչյանը 1915-1916 թվականներին Հայկական 6-րդ կամավորական գումարտակի շարքերում մասնակցել է Վանի և այլ կռիվների։ Եղիշե Չարենցն իր «Հիշողություններ Երևանի ուղղիչ տնից» (1927) երկում հիշատակել է Գուրգենին, համարել է նրան «առաջնակարգ վարպետ-ոսկերիչ»։ Գուրգեն Տարախչյանը ստեղծագործել է Գյումրիի ոսկերիչ վարպետների ավանդույթներով. նրա ստեղծած զարդերը, արծաթե գավաթները, ծխախոտատուփերը, ծխամորճերը և այլն աչքի են ընկնում կատարման բարձր վարպետությամբ։ Առանձնապես ուշագրավ է դրսից՝ Նոյ նահապետի, Վարդան Մամիկոնյանի և ուրիշ մեծերի դիմաքանդակներով զարդարված, ունկը՝ օձի պատկերով, ներսից՝ ոսկեջրած, կենտրոնում՝ ձկնիկով արծաթե թասը։ 1920-ական թվականներին Տարախչյանը քանդակել-փորագրել է ՀԽՍՀ Աշխատանքի հերոսի շքանշանի, Խորհրդային Հայաստանի առաջին շքանշաններն ու կրծքանշանները, որոնցից մի քանիսի բնօրինակները, մեծարվեստ հոր գործիքների, կաղապարների և առանձին կերտվածքների հետ, պահվում են իրենց տան՝ թանգարանի վերածված մի սենյակում[2]։

Գուրգեն Տարախչյանի կրտսեր որդին՝ Օնիկ (Հովհաննես) Տարախչյանը, ոսկերիչ վարպետ է։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրգեն Տարախչյանը մահացել է 1943 թվականին, Սարատով քաղաքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կարինե Բազեյան, Գրիգոր Աղանյան։ ԱլեքսանդրապոլԼ. Ազգագրական էսքիզներ (պատմազգագրական ուսումնասիրություն) Գիտ. խմբագիր՝ բ. գ. թ. Սվետլանա Վարդանյան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 565։