Գուկանքի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուկանքի ճակատամարտ
Թվական703 թվական
Մասն էԱրմինիայի ապստամբություն (703-705)
ՎայրԳուկանք
ԱրդյունքՀայոց կողմի հաղթանակ
Հակառակորդներ
Արմինիա կուսակալությունԱրաբական խալիֆայություն
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
անհայտանհայտ
Ռազմական կորուստներ

Գուկանքի ճակատամարտ, Արմինիա կուսակալության և Արաբական խալիֆայության միջև ռազմական բախում, որը տեղի է ունեցել 703 թվականին։ Այս ճակատամարտին նախորդել է Վարդանակերտի ճակատամարտ, որտեղ հայերը հաղթանակի էին հասել արաբների նկատմամբ։ Այդ ճակատամարտից հետո տարածվել է Հայաստանի շատ նահանգներում և 703 թվականի գարնանն ընդգրկում գրեթե ամբողջ երկիրը։

Վանանդի հեծելագունդը միավորվում է Կամսարական իշխանի շուրջ և անսպասելի գրոհում Օքբա զորավարի զորամասի վրա, որից հետո մարտ է սկսվում։ Արաբները երկար դիմադրությունից հետո հայերը կարողանում են հաղթել, և արաբական զորամասը գրեթե ամբողջության ոչնչացվում է։ Այս մարտերի ընթացքում հայերը կարողանում են սպանել ոստիկան Աբդուլլահին։ Ոստիկանի սպանությունը ոգևորում է հայերին։ Օքբան, մարտադաշտից փախչելուց հետո անցնում է Ասորիք, որտեղ խալիֆայից նոր զորք է խնդրում` Հայաստան վերադառնալու համար[1]։

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանանդում անցկացվող իրադարձությունների հետ գրեթե միաժամանակ արաբական ևս մեկ զորամաս է հարձակվում Վասպուրականի վրա ու հասնում մինչև Ռշտունիք։

Այդ ժամանակ դարձյալ ավարառու թշնամին մի այլ հարձակում գործեց Վասպուրական նահանգի կողմում գտնվող հայոց զորքի դեմ. և գալով իրար հանդիպեցին Ռշտունյաց գավառի Գուկանք կոչված գյուղում։ Այստեղ նրանք իրար բախվեցին
- Ղևոնդ, Պատմություն, գլուխ Ը

Արաբների հետ հայկական զորքի հերթական ընդհարումը տեղի է ունենում Գուկանք գյուղի մոտ։ Վարդանակերտի ճակատամարտից հետո հայոց սպարապետ Սմբատը սկսել էր հետապնդել արաբական զորքին, որը նախքան մարտը սկսելը մի քանի նախապատրաստական միջոցառումներ է իրականացնում։

Երբ արաբները տեսան, որ հայերը սակավաթիվ են, սաստկապես հարձակվեցին նրանց վրա, սակայն ողորմածն Աստված այս անգամ ևս գթալով՝ անմիջապես նրանց թիկունք դարձավ, օգնության հասավ։ Հայերը ամենքին սրի քաշեցին
- Ղևոնդ, Պատմություն, գլուխ Ը

Գուկանքի ճակատամարտը դառնում էր Արմինիա կուսակալության ապստամբության արաբների առաջին պարտությունը։ Սմբատ իշխանի գլխավորությամբ հայոց զորքն իրականացնում է նախապես որոշված կետերը։ Հայերը գրոհից հետո անցնում են արաբների թիկունք։ Արաբներն այս դրությունում շրջապատված էին և փախուստի ելքեր չունեին։ Շրջապատման մեջ հայտնված արաբների դիմադրությունը երկար չի տևում։

Մարտադաշտից նահանջող արաբական զորամասից 280 հոգի կարող էին շարժվել միայն դեպի Գուկանքի եկեղեցի, որտեղ էլ նրանք ապաստանում են։ Սմբատ իշխանը փայլուն կերպով կարողանում է այստեղ ևս փակել արաբների նահանջի բոլոր ուղիները։ Արաբները սկսում են բանակցություններ սկսել հայերի հետ, որի միջոցավ նրանք կկարողանային փրկել իրենց կյանքը։ Սակայն եկեղեցու շուրջը կենտրոնացող ապստամբների հրամանատարության հետ համաձայնության գալու փորձն ավարտվում է անհաջողությամբ։

Եվ որովհետև հայերը չկարողացան որևէ այլ միջոց գտնել, խորհեցին սրբարանը հրկիզել, սակայն Վասպուրականի իշխան Սմբատը, Աշոտ իշխանի որդին, չթողեց այդ բանն անել, թույլ չտվեց այդ ապիրատությունը գործել։ Նա ասում էր. «Քավ լիցի, որ ձեռք տանք Տիրոջ փառքի բնակարանին, որը նման հաղթություն պարգևեց մեզ»։ Եվ պահապաններ կարգեցին նրանց հսկելու, մինչև որ ինքը՝ սրբարանը նրանց ստիպի իրենից դուրս գալ։
- Ղևոնդ, Պատմություն, գլուխ Ը

Եկեղեցուց արաբների դուրս գալուց հետո հայերը մահապատժի են ենթարկում նրանց։

Քիչ անց Իսմայելի զորականներից մեկը, որ նրանց գլխավորն էր, հաշտություն խնդրեց իր անձի համար, որպեսզի չսպանվի։ Դիմեց հայոց զորքին՝ ասելով. «Լսել ենք, որ քրիստոնյաների ազգը ողորմած է, երբ մեկին տեսնում է վշտի մեջ, գթում է և ողորմում։ Արդ, ողորմեցեք մեզ և մեր անձերը մեզ պարգևեցեք, իսկ մեր ինչքը ավարի մատնեք»։ Պատասխան տվեց Սմբատ զորավարը և ասաց. «Մենք սովորել ենք Տիրոջից, թե ողորմությունը ողորմածներին է արժանի ցույց տալ, իսկ դուք անողորմ ազգ եք ու արժանի չեք ողորմածության, և ոչ էլ մենք այդ բանը կանենք»։ Երբ իսմայելացին այս խոսքը լսեց, ասաց. «Արդ, գոնե իմ անձը խնայեցեք և մի սպանեք, իսկ մնացածներին ձեր ձեռքը կհանձնեմ»։ Նրանք հանձն առան չսպանել նրան, իսկ նա ներս մտավ և ասաց. «օգուտ չկա մեր այստեղ մնալուց, քանզի տեսնում եմ, որ անողորմ են մեր նկատմամբ։ Արդ, դուրս ելնենք նրանց մոտ։ Եթե սպանեն մեզ, կմեռնենք, քանզի մեր օրենսդիր Մահմետը մեզ դրախտն է խոստացել, իսկ եթե խնայեն՝ կապրենք»։ Այս խոսքերից քաջալերվելով՝ նրանք ամենքը դուրս ելան և անմիջապես սրի բերանն ընկան, իսկ այն մարդուն, որին խոստացել էին չսպանել, կենդանի ուղարկեցին։
- Ղևոնդ, Պատմություն, գլուխ Ը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մեր հաղթանակները», հատոր Բ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2009. էջեր 145–148.