Jump to content

Գորտը (Հովհաննես Թումանյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գորտը
Տեսակհեքիաթ
Ժանրբանահյուսական
ՀեղինակԳրիմ եղբայրներ
Բնագիր լեզուգերմաներեն
ԿերպարներԹագավորը, Փոքր աղջիկը, Գորտը (երիտասարդը), Օհանը
ԹարգմանիչՀովհաննես Թումանյան
Հայերեն հրատ.1914-1945 թվականներին
ՎիքիդարանԳորտը

«Գորտը», Գրիմ եղբայրների հեքիաթը, որը հայերեն է թարգմանել Հովհաննես Թումանյանը՝ 1914-1915 թվականերին։

«Գորտը» հեքիաթը գերմանական ժողովրդական հեքիաթ է, որը Հովհաննես Թումանյանը թարգմանել է հայերեն՝ այն դարձնելով ազգային։

Մի թագավոր է լինում, ունենում է մի քանի աղջիկ։ Ամենագեղեցիկը՝ փոքրն էր։ Մի օր փոքր աղջիկը  դրսում խաղալու ժամանակ իր ոսկե գնդակը չի կարողանում բռնել, և այն ընկնում է ջրհորը։ Սկսում է լաց լինել, քանի որ չէր կարող հանել այնտեղից։ Մեկ էլ մի գորտ սկսում է մարդու նման խոսել և հարցնում է աղջկան, թե ինչու է լաց լինում։ Աղջիկը ցույց է տալիս ջրհորը, որտեղ  ընկել էր գնդակը։ Գորտը խոստանում է աղջկան, որ այն կվերադարձնի նրան, բայց դրա դիմաց ինչ֊որ բան պետք է անի աղջիկը։ Աղջիկը խոստանում է իր զարդերը։ Բայց դրանք պետք չէին գորտին։ Գորտը ասում է, որ միայն մի դեպքում կվերադարձնի գնդակը, երբ աղջիկը իր անբաժան ընկերը դառնա՝ միասին սեղան նստեն, միասին ուտեն նույն ափսեից։ Աղջիկը խոստանում է, և գորտը, լսելով խոստումը, սուզվում է ջրի տակ և գնդակը վերադարձնում աղջկան։ Աղջիկը, վերցնելով այն, վազում է դեպի տուն, մոռանալով անգամ գորտի մասին։ Հաջորդ օրը թագավորն իր ընտանիքով ճաշում էր։ Այդ պահին դռան ետևից լսվում է գորտի ձայնը, ով կանչում է աղջկան։ Թագավորը բարկանում է աղջկա վրա և հրամայում կատարել տված խոստումները։ Աղջիկը գորտին իր հետ մի ափսեից կերակրում է, հետո տանում իր մաքուր անկողին և, լացելով ու զզվելով, պառկեցնում ճերմակ անկողնու մեջ։ Այդ պահին գորտի կաշին պատռվում է, և ներսից դուրս է գալիս մի գեղեցիկ երիտասարդ։ Երիտասարդը պատմում է, որ ինքն էլ թագավորի որդի է և մի չար կախարդ իրեն դարձրել էր գորտ։ Աղջիկը վերացրեց երիտասարդի կախարդանքը։ Նրանք այդ ամենը հայտնում են թագավորին։ Թագավորն ամուսնացնում է նրանց, մեծ հարսանիք են անում։ Նրանց համար պատրաստել էին կառք, որի մոտ կանգնած էր երիտասարդի հավատարիմ ծառան՝ Օհանը։ Հարսանիքից հետո նրա ուղեկցությամբ կառքով ճանապարհ են ընկնում դեպի երիտասարդի հայրենիք[1]։

  • Թագավորը
  • Փոքր աղջիկը
  • Գորտը (երիտասարդը)
  • Օհանը

Թումանյանը՝ թարգմանիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովհաննես Թումանյան

Նա հեքիաթներ գրում էր թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար։ Եղել են բազմաթիվ քննադատողներ, բայց նրա հեքիաթները գնահատվել, սիրվել և ընդունվել են բոլորի կողմից[2]։

Հովհաննես Թումանյանը թարգմանել է տարբեր ազգերի, այդ թվում՝ ռուսական, գերմանական, իռլանդական, իտալական, արաբական, հնդկական, ճապոնական և այլ հեքիաթներ։ Նա նախապես ծանոթացել է այդ թարգմանություններին, որոնք տպագրվում էին հայերեն՝ մանկական ժողովածուներում։ Հայ թարգմանական հեքիաթի զարգացման գործում անժխտելի է «Հասկեր» մանկական ամսագրի խմբագրակազմի, նրան աշխատակցող գրող-մտավորականների ջանքերը, որոնք հայ մանուկի սեղանին էին դնում ամենատարբեր ժողովուրդների հեքիաթների նմուշները[3]։

Թումանյանը շատ խիստ էր վերաբերվում թարգմանական գործին և դրա մասին ասել է՝

Բանաստեղծության՝ նույնիսկ լավ թարգմանության համար ասված է, թե նա մի վարդ է, որ ապակու տակ է դրված։ Այսինքն թե՝ ձևը կտեսնես, բայց բուրմունքը չես զգալ։
- Հովհաննես Թումանյան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Թումանյան, Հովհաննես (1978 թվական). Հեքիաթներ. Երևան.: «Սովետական գրող».
  2. «Թումանյան» (PDF).
  3. Եզիազարյան, Անի. «Հայերեն թարգմանված հեքիաթների նմուշները Հովհաննես Թումանյանի անձնական գրադարանում» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 16-ին.