Գիրոուղղաձիգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գիրոուղղաձիգ, գիրոհորիզոն, իրական ուղղաձիգի կամ հորիզոնի հարթության ուղղությունը և այդ հարթության նկատմամբ օբյեկտի թեքության անկյունները որոշող գիրոսկոպային սարք։ Պարզագույն գիրոուղղաձիգ է եռաստիճան աստատիկ գիրոսկոպը, որի առանցքը ձգտում է պահպանել իր ուղղությունը տիեզերական տարածությունում։ Սակայն պտտվող երկրի նկատմամբ այդ առանցքը ժամանակի ընթացքում կփոխի իր ուղղությունը։ Առանց վերուղման համակարգի այդ սարքը ծառայում է որպես ուղղաձիգի կարճատև ցուցիչ։ Աստատիկ գիրոսկոպի առանցքը ուղղաձիգ դիրքում երկար պահելու համար օգտագործվում է վերուղղման որևէ համակարգ։ Լայնորեն տարածված է վերուղղման ճոճանակային համակարգով գիրոուղղաձիգ։ Դա եռաստիճան աստատիկ գիրոսկոպ է, որի վերուղղման համակարգը բաղկացած է տվյալ վայրի ուղղաձիգի նկատմամբ գիրոսկոպի առանցքի շեղման անկյունները ֆիքսող ճոճանակ-վերուղղիչներից և մոմենտների տվիչներից, որոնք գիրոսկոպի վրա գործադրում են այդ վայրի ուղղաձիգի նկատմամբ գիրոսկոպի առանցքի պրեցեսիա առաջացնող համապատասխան վերուղղող մոմենտները։ Պոտենցիոմետրները որոշում են հորիզոնի հարթության նկատմամբ օբյեկտի թեքության անկյունները։ Գիրոուղղաձիգի տարատեսակն է գիրոճոճաևակը, որը չունի վերուղղման համակարգ։ Օբյեկտի արագ ընթացքի ժամանակ ուղղաձիգի ուղղությունը մեծ ճշգրտությամբ որոշում են գիրոիներցիալ ուղղաձիգի միջոցով, որը բացի գիիոսկոպներից ունի նաև աքսելերոմետրներ և ինտեգրատորներ։ Գիրոուղղաձիգները լայնորեն կիրառվում են շարժվող օբյեկտների (թռչող ապարատներ, ծովային նավեր) կայունացման համակարգերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 88