Աքսելերոմետր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աքսելերոմետր (լատ.՝ accelero՝ «արագացնում եմ» և մետր բառերից), արագացումը չափելու սարք։ Օգտագործվում է մեքենաների և նրանց մասերի թրթռումները կամ շարժումները հետազոտելիս, տիեզերագնացության մեջ, ավիացիայում, տրանսպորտում և այլուր։

Ըստ շարժման տեսակի՝ աքսելերոմետրերը լինում են գծային և անկյունային, ըստ գործողության սկզբունքի՝ մեխանիկական, էլեկտրամեխանիկական, ըստ նշանակման՝ մշտական գործող և առավելագույն։ Գծային (ազատության 1 աստիճանով) մեխանիկական աքսելերոմետրում արագացումը ընկալում է ճոճանակը, էլեկտրամեխանիկական աքսելերոմետրում՝ տենզոտվիչը, առավելագույն Աքսելերոմետրում՝ ճոճանակը կամ պիեզոէլեկտրական տվիչը։ Առավելագույն աքսելերոմետրով կարելի է չափել 1 սմ/վրկ2-ց մինչև 30 կմ/վրկ2 (0,001-ից մինչև 3000 g, որտեղ g-ն ազատ անկման արագացումն է) արագացումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png