Jump to content

Գալվանատեխնիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գալվանատեխնիկա, կիրառական էլեկտրաքիմիայի բնագավառ, որն ընդգրկում է մետաղե և ոչ մետաղե առարկաների մակերևույթներին մետաղների ու համաձուլվածքների էլեկտրոլիտիկ նստեցման պրոցեսները։ Գալվանատեխնիկայի մեջ մտնում են՝ գալվանաստեգիան՝ առարկաների մակերևույթին ամուր կառչվող պաշտպանական կամ դեկորատիվ բարակ պատվածքների ստացում, և գալվանապլաստիկան՝ տարբեր առարկաներից համեմատաբար հաստ, հեշտությամբ անջատվող ճշգրիտ պատճենների ստացում։ Գալվանատեխնիկան հիմնված է էլեկտրա–բյուրեղացման երևույթների վրա։ Արտադրության մեջ լայն տարածում ունեն ցինկով, անագով, կապարով, նիկելով, արծաթով, ոսկով, բրոնզով և այլ մետաղներով ու համաձուլվածքներով գալվանական պատումները։ Գալվանապատման պրոցեսի որոշիչ ազդակներն են՝ հոսանքի խտությունը, էլեկտրոլիտի ջերմաստիճանը, մակերևութային ակտիվ նյութերի ներկայությունը, պատվող մակերևույթի մաքրությունն ու կառուցվածքը ևն։ Գալվանաստեգիայի նպատակն է պատրաստի իրերն ու կիսաֆաբրիկատները դարձնել կոռոզիակայուն, մաշակայուն ևն։ Կիրառվում է մակերևույթների պաշտպանա–դեկորատիվ դրվագման համար (նիկելապատմամբ, քրոմապատմամբ, թանկարժեք մետաղներով պատելով)՝ առավելապես ավտոմոբիլաշինության, ավիացիոն, ռադիո–տեխնիկական և էլեկտրոնային արդյունաբերության մեջ։ Գալվանապլաստիկան կիրառվում է գլխավորապես պոլիգրաֆիայում և ձայնասկավառակների մամլամայրերի պատրաստման ժամանակ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Якоби Б․ С․, Работы по электрохимии, М․–Л․, 1957;
  • Лайнер В․И․, Современная гальванотехника, М․, 1967․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 659