Գալձագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գալձագ
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ է
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
Գործունեության տարիներXIII դ.

Գալձագ (ծննդյան և մահվան թվականներն անհայտ), XIII դ. հայ ճարտարապետ, քանդակագործ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալձագը աշխատել և ստեղծագործել է Գեղարդավանքում: 13-րդ դարի կեսից, երբ Պռոշ Խաղբակյան իշխանը, Գեղարդավանքը գնելով Զաքարյաններից, սկսել է վիմափոր շենքերի կառուցումը, Գալձագը հավանաբար, եղել է այդ կառույցների գլխավոր ճարտարապետը և շինարարության ղեկավարը: 1240-ական թվականներին կերտել է Գեղարդի վանքի առաջին ժայռափոր եկեղեցին։ Հուշարձանն ամբողջովին ներքանդակված է ժայռի մեջ, դեռևս հեթանոսական ժամանակներից պաշտվող աղբյուրի վրա։ Խաչաձև հատակագծով (առանց հարավային թևի) հորինվածքը վերևում ավարտվում է երկու զույգ փոխհատվող կամարների վրա բարձրացող շթաքարակազմ երդիկով։ Ճարտարապետի անունը հիշատակող արձանագրությունը («Զվարդպետս Գալձագ յիշեցէք») երդիկի հյուսիսային ու արևելյան նիստերին է։ Եկեղեցին ունենալով վերգետնյա կառուցվածքին բնորոշ առանձնահատկություններ, բավական ինքնատիպ է ճարտարապետությամբ։ Կառույցն իր ձևերով, բարձրարվեստ հարդարանքով առնչվում է վանքի մյուս վիմափոր կառույցներին, ենթադրվում է, որ դրանց հեղինակը ևս Գալձագն է։ Գեղարդավանքի բոլոր գլխավոր վիմափորերը, իրենց մեջ ամփոփելով 13-րդ դարի հայկական ճարտարապետության ու քանդակագործության ձեռքբերումները, նույն մեծ վարպետի՝ Գալձագի տաղանդի ինքնատիպ կնիքն են կրում: Շուրջ 40 տարվաաշխատանքով ու ստեղծագործությամբ Գալձագը Գեղարդավանքի ճարտարապետությունը հարստացրել է նաև վիմափոր արվեստի բարձրարժեք հուշարձաններով, պաշտամունքային անշուք այրերով հարուստ նախկին Այրիվանքում ստեղծել է քրիստոնեական վերգետնյա տաճարներին համազոր ժայռամեջ կերտվածքներ, Հայաստանի ժայռափոր ճարտարապետությունը հասցրել կատարելության, ստեղծել այդ արվեստի հայկական ճարտարապետական դպրոցը:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Երևան, 1963։
  • Հովսեփյան Գ., Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ, մաս 1, Վաղ-պատ, 1928, էջ 101:
  • Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963, էջ 86-89:
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png