Գաբել
Գաբել (ֆր.՝ Gabelle)` մինչև 1790 թվականը Ֆրանսիայում գործող աղի հարկ։ Գաբել տերմինը գալիս է լատիներեն «gabulum» (հարկ) բառից։ Ֆրանսիայում գաբելը սկզբում կիրառվում էր բոլոր սպառողական ապրանքների վրա, սակայն աստիճանաբար սահմանափակվում էր միայն աղի հարկով։
Ժամանակի ընթացքում գաբելը դարձավ երկրի ամենաատելի և անհավասար հարկերից մեկը։ Բայց չնայած բարեփոխման մեծ թվով կողմնակիցներին, հարկը վերացվել է միայն 1790 թվականին։ Առաջին անգամ որպես ժամանակավոր զինվորական վճար ներկայացվել է 1286 թվականին Ֆիլիպ IV Գեղեցիկի օրոք, իսկ մշտական հարկ է դարձել Շառլ Իմաստունի (1364-80) օրոք։
Աղի հարկը ճնշող էր, քանի որ կառավարությունը ուներ մենաշնորհ աղի վրա։ Հարկը կրկնակի ծանրացավ, երբ կառավարությունը ութ տարեկանից բարձր յուրաքանչյուր քաղաքացուց պահանջում էր ամեն շաբաթ ֆիքսված նվազագույն քանակությամբ աղ գնել ֆիքսված գնով։ Երբ այս հարկը առաջին անգամ ներդրվեց, այն հավասարապես գանձվում էր Ֆրանսիայի բոլոր նահանգներում, բայց հարկի պատմության մեծ մասում աղի գները և հարկերի մակարդակները տարբեր էին գավառից գավառ։
Ֆրանսիայի շրջանները բաժանվում էին 6 խմբի՝ կախված աղի ստացման եղանակներից ու գոյցած գնից[1]։
Հարկը գանձվում էր հետևյալ կերպ. 1342 թվականից յուրաքանչյուր գավառում կազմակերպվում էին կենտրոնացված աղի պահեստներ, որոնք պատկանում էին պետությանը և կոչվում էին Greniers à sel։ Եղել են մասնավոր աղ արտադրողներ, սակայն նրանց արգելվել է աղ վաճառել մանրածախ առևտրով զբաղվողներին կամ ուղղակիորեն հանրությանը։ Բռնագրավման սպառնալիքի տակ՝ յուրաքանչյուր արտադրող պարտավոր էր արտադրված ողջ աղը ֆիքսված գնով վաճառել բացառապես աղի պետական պահեստներին։ Այնուհետև թագավորական գանձարանը պահեստներից աղը վերավաճառում էր ավելի թանկ գնով մանրածախ առևտրականներին, երբեմն հենց արտադրողներին։ Գաբելը պետության կողմից արտադրողներից գնված աղի և մանրածախ առևտրի համար վաճառված աղի գների տարբերությունն էր։
Տարբեր շրջաններում հարկերի զգալի տարբերությունները հանգեցրին աղի ակտիվ մաքսանենգությանը, որը Ֆրանսիայում խստիվ արգելված էր մինչև գաբելի վերացումը։ Մաքսանենգության էությունը կայանում էր նրանում, որ աղը ցածր արժեքով գնում էին մի շրջանում, իսկ հետո վաճառում այլ շրջաններում՝ ավելի թանկ գնով։ Այդպիսի մաքսանենգներին անվանում էին faux-sauniers (ֆրանսերեն. սաու՝ աղ և faux՝ կեղծ)։ Իր հերթին մաքսային ծառայության աշխատակիցներին, ու անվանում էին gabelous, հանձնարարվել էր բացահայտել և ձերբակալել մաքսանենգներին։ Մաքսանենգները դատապարտվում էին աքսորի ստրուկների նավերի վրա այն դեպքերում, երբ նրանց ձերբակալում էին անզեն, և մահապատժի, եթե նրանք զինված էին։
Բրետանում, որը դարձավ ֆրանսիական թագավորության մաս միայն 1532 թվականին և պահպանեց որոշ օրինական արտոնություններ, գաբելը չէր գանձվում։ 1675 թվականին Ֆրանսիայի արևմուտքում՝ հիմնականում Բրետանում բռնկվեց Կարմիր գլխարկավորների ապստամբությունը, որի խթանը Փարիզի կողմից դրոշմավորված թղթի վրա հարկի ներդրումն էր, որը ուղեկցվում էր համառ լուրերով, որ Լյուդովիկոս 14-րդը մտադիր էր գաբելը ներմուծել բոլոր գավառներում։ Ստորին Բրետանի գյուղացիները առաջ քաշեցին պահանջների ցանկ, որտեղ գաբելը համեմատում էին մահվան և ժանտախտի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ De la révolution de 1789 à la révolution de 1848 // Alba A., Isaac J., Pouthas C. H. L'époque révolutionnaire, 1789—1851. — P.: Hachette, 1960