Բրդաձորի քարակոթող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրդաձորի քարակոթող
Տեսակկոթող
Բարձրություն5 մետր
Երկիր Վրաստան
Պատմական երկիրՀայաստան
ԲնակավայրԲրդաձոր
Ներկա վիճակկանգուն

Բրդաձորի քարակոթող, Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի շրջանում Բրդաձոր գյուղում պահպանված 5-6-րդ դարերին վերագրվող քարե կոթող։ Հայկական քարակոթողներից ամենախոշորն է համարվում՝ պատվանդանի հետ բարձրությունը հինգ մետրից ավելի է[1]։

Կոթող[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոթողը միակտոր քարից է, բայց ամբողջական վիճակում չի պահպանվել՝ վերնամասը բացակայում է։ Բրդաձորի քարակոթողի խորանարդաձև պատվանդանի, նրա վերնամասը կազմող կոթողակիր սալի ու դրա վրա նստած կոթողի բոլոր չորս երեսներն էլ քանդակազարդ են, գլխավորապես բուսական տարբեր մոտիվներով։ Պատվանդանի մի ճակատին, շրջանակի մեջ՝ քանդակված է հավասարաթև խաչ, մյուս երկու ճակատներին՝ վարդյակներ են, չորրորդին՝ պայտաձև երեք փորվածքներ, իսկ կոթողակիր սալի բոլոր երեսները պատված են միանման ուղղաձիգ ակոսներով[1]։

Պատվանդանը տարաբնույթ զարդաքանդակներով պատելու սկզբունքն այստեղ կիրառվել է նաև քառակող կոթողի վրա։ Նրա բոլոր երեսներն էլ ունեն կոթողի ողջ բարձրությամբ ձգված զարդաքանդակային հորինվածքներ։ Մի երեսին հասկաձև զարդեր են, մյուսին՝ ողկույզի, տերևի և ընձյուղի փոխառփոխ շարք, երրորդին՝ արմավենու ոլորապտույտ հյուսվածք։ Զարդամոտիվների հորինվածքով ու բովանդակությամբ միանգամից տարբեր է կոթողի այն երեսը, որ համապատասխանում է պատվանդանի խաչակիր երեսին։ Ներքևից վերև, Օձունի մահարձանի կոթողներիցմեկի նմանությամբ, այն պատված է քառակուսի և քառանկյունի շրջանակների մեջ առնված կենդանական և մարդկային քանդակներով և խաչերով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Վարազդատ Հարությունյան (1992). Հայկական ճարտարապետության պատմություն․ Շիրակի ճարտարապետական հուշարձանները. Երևան: «Լույս» հրատարակչություն. էջ 242.