Բրանդենբուրգյան դարպասներ (Կալինինգրադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրանդենբուրգյան դարպասներ (այլ կիրառումներ)
Բրանդենբուրգյան դարպասներ
Տեսակտեսարժան վայր, քաղաքային դարպաս և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿալինինգրադ
Հիմնադրված է1862
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Բրանդենբուրգյան դարպասներ (գերմ.՝ Brandenburger Tor), Կալինինգրադի պահպանված յոթ քաղաքային դարպասներից մեկը։ Գտնվում է Բագրատիոն փողոցի վերջնամասում և դեպի Սուվորովի փողոց անցման հատվածում, քաղաքի Հաբերբերգ պատմական շրջանի սահմանին։

Բրանդենբուրգյան դարպասները Կալինինգրադ քաղաքի միակ քաղաքային դարպասներն են, որ օգտագործվում են իրենց ուղղակի նշանակությամբ։

Բրանդենբուրգյան դարպասներ, արևմտյան կողմ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրանդենբուրգյան դարպասները կառուցվել են Քյոնիգսբուրգում 1657 թվականին, Առաջին պաշտպանական հողապատնեշի հարավ արևմտյան հատվածում, դեպի Բրանդենբուրգի ամրոց (այժմ` Ուշակովո ավան) տանող ճանապարհի հետ հատման տեղում։ Դրամական միջոցների և համապատասխան նախագծի բացակայության պատճառով շինարարները սահմանափակվեցին հողապատնեշի վրա փայտե դարպասների կառուցմամբ։ Հուսալի պաշտպանություն ապահովելու նպատակով դարպասների առջև խրամ փորեցին և լցրեցին ջրով։

Հարյուր տարի անց պրուսական թագավոր Ֆրիդրիխ II-ի հրամանով քայքայված շինությունը քանդվեց և նրա տեղում կառուցվեց խոշոր աղյուսե շինություն երկու լայնարձակ անցուղիներով։ Նոր ամուր դարպասներն ամբողջությամբ փակեցին դեպի հարավ տանող ճանապարհը (ներկայումս Սուվորովի փողոց ) և ծառայեցին քաղաքի հուսալի պաշտպանությանը։ Հաստ պատերը լավագույն ձևով էին պաշտպանում ներքին ամրաշինական կառույցներում տեղակայված պահակազորի փոքրիկ կայազորին։ Այստեղ էին գտնվում նաև ծառայողական, օժանդակ, պահեստային շինությունները և ամբարձիչները։ 1843 թվականի վերականգնողական աշխատանքների ընթացքում դարպասները զգալիորեն վերակառուցվեցին և զարդարվեցին սրածայր դեկորատիվ վերնաճակատներով, ավազաքարե խաչաձև ծաղիկներով, ոճազարդված տերևներով, գերբերով և մեդալյոններով։

Դարպասների վրա տեղադրված են ռազմական նախարար, պրուսական բանակում ռեֆորմների իրականացման մասնակից ֆելդմարշալ Բոյենի (1771-1848), աջից Երկրորդ հողապատնեշային ամրության հեղինակներից մեկի, ինժեներական կորպուսի ղեկավար, գեներալ լեյտենանտ Էռնստ Լյուդվիգ ֆոն Աստերի (1778-1855), քանդակագործական դիմանկարները։

Բրանդենբուրգյան դարպասները մինչև մեր օրերը պահպանված Քյոնիգսբերգյան միակ դարպասն է, որը կատարում է իր նախկին տրանսպորտային գործառույթը։ Շինությունը վերականգնվել է, այն պահպանվում է պետության կողմից , որպես Կալինինգրադի Բագրատիոնի փողոցը զարդարող ճարտարապետական հուշարձան։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրանդենբուրգյան դարպասները 1908 թվականին

Դարպասներն ունեն երկու ուղանցում։ Չնայած 19-րդ դարի կեսերին Քյոնիգսբերգում կառուցված բոլոր դարպասները դասվում են նեոգոթիկա ոճին, Բրանդենբուրգյան դարպասներում գոթական ոճն ավելի վառ է արտահայտված։ Առանձնանում են սլաքանման վերնաճակատները, որոնք իրականում ցածր շինությանը տալիս են բարձրի զգացողություն։ Դարպասները ճոխությամբ զարդարված են դեկորատիվ տարրերով, օրինակ հարթաքանդակներով և ոճավորված քարե ծաղիկներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • В. Н. Строкин. Памятники ратного прошлого. Путеводитель по памятным местам Калининградской области. Калининград: Калининградское книжное издательство, 1995.
  • Авенир Овсянов. В казематах королевского форта. Калининград: Янтарный сказ, 1999.