Բջջի կենսացիկլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բջիջն առաջանում է, աճում ու զարգանում և հետո բաժանվում է, կամ էլ մահանում։ Բջիջների առաջացումից մինչև մահը կամ հաջորդ բաժանումը ընկած ժամանակահատվածը բջջի կենսական ցիկլն է։

Բջջի կենսական ցիկլը

Կենդանի օրգանիզմների բջիջները շատ բազմազան են իրենց կառուցվածքով ու ֆունկցիաներով, նրանց մի մասը կազմելով հյուսվածքներ՝ նաև որոշակիորեն մասնագիտացված է։ Տարբեր բջիջների կյանքի տևողությունը նույնը չէ։

Ոսկրուղեղի և էպիթելային հյուսվածքի բջիջները իրենց ֆունկցիաներն իրականացնելիս արագ մահանում են, ուստի այդ հյուսվածքներում բջիջներն անընդհատ բազմանում են։ Բջջի բաժանման նախապատրաստման, ինչպես նաև միտոզի ընթացքում տեղի ունեցող գործընթաց համախումբը կոչվում է միտոտիկ ցիկլ։ Անընդհատ կիսվող բջիջների մի մասի կենսացիկլը համընկնում է միտոտիկ ցիկլի հետ։