Բույսերի նեմատոդային հիվանդություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բույսերի նեմատոդային հիվանդություններ, նեմատոդոզներ, ֆիտահելմինթոզներ, բույսերի հիվանդություններ, որոնց հարուցիչները կլոր որդերն են (նեմատոդներ)։ Ընդհանուր ախտանշանները ծլարձակման և աճի դանդաղումն է, թույլ ծաղկումով բույսի մասնակի, երբեմն՝ զգալի չորացումով, բերքի նվազումը կամ կորուստը։ Բույսերի արմատների մեջ կլոր որդերի թափանցումը հանգեցնում է արմատային համակարգի ուժեղ ճյուղավորման և մանր արմատների փտման (ճակնդեղի, կարտոֆիլի, վարակի կլոր որդեր), տարբեր ձևերի գալերի առաջացման (բանջարային և տեխնիկական մշակաբույսերի գալային կլոր որդեր)։ Ցողունային կլոր որդերը հանգեցնում են տերևակոթերի փքվածության, տերևաթիթեղի (մորենու) բեղիկների, ծալքավորության, պալարների ծայրամասերում՝ փափուկ մուգ բծերի (կարտոֆիլի) առաջացման, հյութալի թեփուկների հյուսվածքի փխրունացման, սոխուկավոր բույսերի ճաքճքման։ Բույսերի նեմատոդային հիվանդությունների հարուցիչներն ընկնելով հողի մեջ՝ այլ հողամասեր տարվում են գույքի, տրանսպորտի անիվների, ջրի, արմատակալած տնկիների միջոցով։

Պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնկանյութի և սերմնանյութի առողջացում, կալիումային պարարտանյութերի բարձր չափաքանակների մուծում և գալային կլոր որդերի դեմ միկրոտարրերի օգտագործում, չախտահարված մշակաբույսերի ցանքաշրջանառություն, ծածկած գրունտում հողի վարակազերծում, ախտահարված բույսերի ու հողի մշակում՝ նեմատոցիդներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։