Բույսերի իմունիտետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բույսերի իմունիտետ, ֆիտոիմունիտետ, հիվանդությունների նկատմամբ անընկալունությունը, որն ի հայտ է գալիս վարակման համար բարենպաստ պայմաններում՝ տվյալ հարուցչի հետ շփվելու ժամանակ։ Որևէ հարուցչի հանդեպ բույսի անընկալունության աստիճանը բնորոշում է հիվանդության հանդեպ նրանց կայունությունը, որը կարող է տատանվել գրեթե լրիվ ձևավորված իմունիտետից մինչև լրիվ ընկալունությունը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսերի իմունիտետը պայմանավորված է բույսի մեջ մակաբույծի թափանցման կամ առավել բարենպաստ պայմաններում նրան վարակելու անընդունակությամբ, այն ժամանակ, երբ կայունությունը որոշվում է մի շարք արտաքին և ներքին գործոններով, որոնք ազդում են ախտահարման հավանականության և աստիճանի նվազեցման ուղղությամբ։ Բույսերի գենետիկական կայունությունը կարելի է բարձրացնել ընտրասերման տարբեր եղանակների օգնությամբ։ Իմունիտետին ուղղված ընտրասերման մեթոդները հիմնվում են կայունությունը կառավարող գենետիկական օրենքների իմացության վրա։ Գյուղատնտեսության մեջ իմուն կամ հիվանդությունների հանդեպ կայուն սորտերի ներդրումը վարակիչ շատ հիվանդություններից բույսերի պաշտպանության արդյունավետ միջոցներից է։ Օրինակ՝ արևածաղկի ճրագախոտակայուն սորտերի մշակությունը հնարավորություն է տվել զգալիորեն նվազեցնել բերքի կորուստն այդ ամենավտանգավոր մակաբույծ բույսից։ Վարակիչ հիվանդությունների հանդեպ Բույսերի իմունիտետի մասին ուսմունքի հիմնադիր, ռուս գիտնական Ն. Ի. Վավիլովը (1887–1943) համարում էր, որ բույսերի իմունիտետն կապված է բույսերի գենետիկական առանձնահատկությունների հետ, և մակաբույծների հանդեպ նրանց կայունությունը մշակվել է բույսերի էվոլյուցիայի ընթացքում՝ նրանց ծագման կենտրոններում հիվանդությունների հարուցիչներով երկարատև (հազարամյակներում) բնական վարակման ֆոնի վրա։ Բույսերի և մակաբույծների փոխադարձ հարմարվածությունը հանգեցնում է հիվանդությունների հարուցիչների հանդեպ կայունության գեների, իսկ ախտածինների մոտ՝ ավելի վիրուլենտ ռասաների առաջացման, որոնք ունակ են ախտահարելու կայուն սորտերը։ Արդյունքում տեղի է ունենում բնական ընտրություն և բույսերի կայուն ձևերի կուտակում։ Հետագայում այդ տեսությունը վերամշակել է Պ. Մ. Ժուկովսկին (1888–1975), համարելով, որ ինչպես հարուցչի այս կամ այն տեսակի, այնպես էլ այդ գեների ազդեցությունը հաղթահարելու ունակ ֆիզիոլոգիական ռասաների հանդեպ բույսերի կայունության գեների բազմազանությունն առաջացել է մակաբույծի և տերբույսի զուգահեռ (փոխկապված) էվոլյուցիայի ընթացքում։

Գիտական տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրակարգ բույսերի և նրանց վրա մակաբուծվող միկրոօրգանիզմների փոխկապված էվոլյուցիայի մասին Ն. Ի. Վավիլովի գաղափարներն ընկած են բույսերի իմունիտետի բնագավառի ժամանակակից հետազոտությունների հիմքում։ Բույսերը կարող են օժտված լինել բնածին իմունիտետով, որը փոխանցվում է ժառանգաբար, կամ իմունիտետը ձեռք բերել աճման ու զարգացման ընթացքում։ Բույսերի բնածին իմունիտետն ընդունված է բաժանել պասսիվ (բույսի հատկությունն անատոմաձևաբանական և այլ առանձնահատկությունների հաշվին խոչընդոտելու հիվանդության առաջացումը՝ անկախ մակաբույծի առկայության) և ակտիվ (բույսի հատկությունը մակաբույծի ներթափանցմանը՝ պաշտպանական ռեակցիայի տեսքով ակտիվորեն դիմակայելը)։ Սակայն բույսերի ժամանակակից իմունաբանության (բուսաախտաբանության բաժիններից է) տվյալները վկայում են, որ այդպիսի բաժանումը պայմանական է։ Երևույթների ակտիվ էությունը մի ավորող «բույսերի իմունիտետ» հասկացությունն արդեն իսկ ցույց է տալիս, որ այն ներկայացնում են որպես մակաբույծ միկրոօրգանիզմների հետ որոշակի նորմիփոխազդեցության հանդեպ էվոլ յուցիոն հարմարվողականության արդյունք։ Բույսերի ձեռքբերովի իմունիտետն առաջանում է վարակիչ հիվանդությամբ հիվանդացած կամ բույսերի վրա տարբեր եղանակների (ագրոմշակումներ, բույսերի և սերմերի վակցինացում, իմունացում) ազդեցության արդյունքում։ Գործնական գյուղատնտեսության մեջ բույսերի ձեռքբերովի իմունիտետն ավելի հաճախ ձեռք է բերվում բույսերի իմունացմամբ (քիմիական միացություններով մշակում), որոնք օժտված են բույսի մեջ թափանցելու, նրա կողմից յուրացվելու, նյութափոխանակության վրա ազդելու և դրանով բարձրացնելով մակաբույծի հանդեպ կայունությունը ոչմիայն կիրառման տարում, այլև հետագա սերունդներում։ Որպես քիմիական իմունացնողներ՝ կարող են օգտագործվել պարարտա նյութերը (մակրո և միկրո տարրեր), հակամետաբոլիտները։ Իմունացման եղանակները տարբեր են. իմունացնողներով սերմերի մշակում, դրանցով բույսերի արտաարմատային սրսկումներ, բույսի մեջ իմունարարների անմիջական ներմուծում։ Բույսերի առանձնահատկություններով պայմանավորված իմունիտետի բնույթից անկախ, բոլոր դեպքերում ախտածինի հետ, նրա փոխազդեցության պաշտպանական ռեակցիաների աստիճանը որոշվում է հարուցչի ազդեցության բնույթով և նրա ախտածին հատկությունների առանձնահատկություններով, այսինքն՝ մակաբուծականության տիպով։

Գիտական հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսերի իմունիտետի կենսաքիմիայի բնագավառի ժամանակակից հետազոտությունները տարվում են հիմնականում 2 ուղղությամբ. բույսերի իմունիտետի գլխավոր գործոնը համարում են կամ ախտածինի համար թունավոր նյութերը, որոնք գտնվում են կամ բույսերում (ֆիտոնցիդներ), կամ առաջանում են նրանցում՝ վարակմանն ի պատասխան, կամ մակաբույծի ներթափանցման ժամանակ բույսերում առաջացող կենսընթացներն են (օքսիդավերականգնման ռեակցիաներ, էներգափոխանակություն, սպիտակուցների նորագոյացություն և այլն), որոնք կարևոր պաշտպանական նշանակություն ունեն։ Այդ գործոններից մեկը մյուսին չի բացառում, քանի որ ֆիտոալեքսինները չեն խոչընդոտում բույսերի նյութափոխանակության մեջ այլ փոփոխությունների, որոնք ստեղծում են ախտածինի համար անբարենպաստ պայմաններ, ինչպես և նյութափոխանակության ընթացքի առանձնահատուկ տեղաշարժերը կարող են հանգեցնել տոքսինների առաջացման կայուն բույսի հյուսվածքներում։ Քանի որ բույսերի իմունիտետի երևույթում մասնակցում են 2 օրգանիզմ՝ բույսը և ախտածինը (վնասատուն), ուստի իմունիտետի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն համալիր ուսումնասիրություններով, որոնք կապված են ինչպես տերբույսի և վնասատու-մակաբույծի ժառանգական հատկությունների, այնպես էլ նրանց փոխազդեցության պայմանների հետ։ Այսինքն՝ բույսերի իմունաբանության հիմնական խնդիրը բույսի և մակաբույծների փոխհարաբերության առանձնահատկությունների ուսումնասիրությունն է, որոնց իմացությունը հնարավորություն է տալիս աճեցնել իմուն սորտեր կամ բարձրացնել ընկալունակ սորտերի կայունությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։