Բնօգտագործման վճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բնօգտագործման վճար, պետական սեփականություն համարվող և տարբեր որակների բնական պաշարների օգտագործման համար պետական բյուջե վճարվող գումար։ 2004 թվականին ՀՀ բնօգտագործման վճար ունեցել է հետևյալ կառուցվածքը. ջրօգտագործման համար 10, 7%, օգտակար հանածոների արդյունահանման համար՝ 85, 6%, կենսապաշարների օգտագործման համար՝ 3, 7%։ ՀՀ-ում ջրօգտագործման համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում բնական աղբյուրներից վերցված ջրի ծավալի հիման վրա՝ բացառությամբ ձկնաբուծական ոլորտի, որի վճարի հաշվարկն իրականացվում է օգտագործված ջրի ընդհանուր ծավալի 5%-ի հաշվով։ Օգտակար հանածոների արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է ծավալների հիման վրա։ Կենսապաշարների օգտագործման համար վճարվում է ծառի տեսակի յուրաքանչյուր մ³-ի, արդյունագործական նպատակով բույսերի յուրաքանչյուր միավորի, պտուղների, հատապտուղների յուրաքանչյուր կգ-ի, կենդանիների տեսակների յուրաքանչյուր գլխաքանակի, ձկների տեսակների և խեցգետնի յուրաքանչյուր կգ-ի, խոտհունձի նպատակով անտառային ֆոնդի տարածքների յուրաքանչյուր հա-ի համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։