Բյուրականյան ուղղություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Բյուրականյան ուղղություն», աստղաֆիզիկական երևույթների մեկնաբանման մեթոդաբանական ըմբռնման պայմանական անվանում։ Ժամանակակից աստղաֆիզիկայում տեսական-ըմբռնողական տարբեր նախադրույթների ընտրությունը հանգեցրել է տիեզերական օբյեկտների էվոլյուցիայի վերաբերյալ պատկերացման երկու տարբեր տեսական ուղղությունների ձևավորմանը։ Առաջին ուղղության մեթոդական սկզբունքները մշակել և իրենց աշխատանքների հիմք են դարձրել Բյուրականի աստղագետները Վիկտոր Համբարձումյանի գլխավորությամբ (այստեղից էլ՝ «Բյուրական ուղղություն» անվանումը)։ Երկրորդ ուղղությունը, որի կողմնակիցներն են Զելդովիչը, Գինզբուրգը (ԽՍՀՄ), Ջինսը, Հոյլը (Անգլիա), Օորտը (Հոլանդիա), Շվարցշիլդը (ԱՄՆ) և ուրիշներ, կոչվում է օրթոդոքսային կամ դասական ուղղություն։ «Բյուրականյան ուղղության» մեթոդական հիմնական սկզբունքը հրաժարումն է աստղաֆիզիկական խնդիրների լուծման մտահայեցական մոտեցումից, որին բնորոշ է մաթեմատիկական խնդիրներով տարվելը և աստղաֆիզիկական տեսության հիմքը կազմող հիմնական ֆիզիկական ենթադրությունների գործնական քննարկման բացակայությունը։ Ըստ «Բյուրականյան ուղղության» տիեզերական օբյեկտների նոր, որակապես յուրատիպ հատկությունները, որպես կանոն, դժվար է ի հայտ բերել զուտ տեսական ճանապարհով՝ դրանք կարող են բացահայտվել ամենից առաջ դիտումների հիման վրա․ տիեզերական օբյեկտների կառուցվածքի ու էվոլյուցիայի մոդելներն ու տեսությունները պետք է կառուցել փորձի տվյալների հետևողական ընդհանրացման հիման վրա։ Ուղղակի փորձի անհնարինության պայմաններում, ըստ «Բյուրականյան ուղղության» սկզբունքների, աստղաֆիզիկական որևէ երևույթի հետազոտումը պետք է ստորաբաժանվի երեք հաջորդական փուլերի․

  1. դիտում
  2. դիտման մեկնաբանում՝ բացահայտումը այն բանի, թե իրապես ինչ է տեղի ունենում դիտվող օբյեկտում
  3. երևույթի լիարժեք տեսության կառուցումը, ներառյալ պատճառների բացատրությունը։

Այս երեք փուլերից որևէ մեկի անտեսման փորձը, որպես կանոն, չի կարող հաջողություն բերել։ Միևնույն ժամանակ «Բյուրականյան ուղղության» կողմնակիցները չեն թերագնահատում նաև այն դերը, որ կատարում են տեսական իմացության տարբեր մակարդակները տիեզերքի մասին նոր գիտելիքների սինթեզման հարցում, նոր տեսությունների ստեղծումը և զարգացումը հնարավոր է նույնիսկ առանց լրացուցիչ փաստերի ընդգրկման, այսինքն տեղի կունենա տեսության (աստղաֆիզիկական կամ ֆիզիկական) ներքին զարգացում, այս դեպքում տեսությանը ներկայացվում են ավելի խիստ պահանջներ։ Ելնելով իրենց մեթոդաբանական սկզբունքներից և հենվելով ժամանակակից աստղաֆիզիկայի հսկայական նվաճումների վրա՝ «Բյուրականյան ուղղության» կողմնակիցները հանգել են հետևյալ եզրակացությունների։ Անկայուն գոյացությունների առկայությունը Տիեզերքում ոչ թե պատահական, տարօրինակ երևույթ է, այլ տիեզերական էվոլյուցիայի օրինաչափ փուլ։ Աստղերը և աստղային համակարգերը չէին կարող գոյանալ նոսր, դիֆուզային նյութի խտացման հետևանքով, հակառակ դեպքոա նման համակարգը կլիներ կայուն, կունենար բացասական լրիվ էներգիա, որ հակասում է փաստերին։ Տիեզերքում տեղի ունեցող պրոցեսները ընթանում են ոչ թե նոսր վիճակից դեպի ավելի խիտը, այլ ունեն ճիշտ հակառակ ուղղությունը՝ նյութի առավել խիա վիճակներից դեպի նոսրը։ Գալակտիկաների գոյացումը, իրենց կառուցվածքային բոլոր առանձնահատկություններով, հետևանք է միջուկների տիեզերագոյացման ակտիվության, միջուկների նյութը ֆիզիկական բնույթով տարբերվում է աստղերից և դիֆուզային նյութից։ Այդ գերխիտ մարմինները կարող են բաժանվել մասերի, որոնք իրարից կհեռանան մեծ արագություններով, ինչպես նաև արտանետել նյութի զանգվածեղ խտացումներ։ Դրա համար նրանք պետք է պարփակեն պոտենցիալ էներգիայի հսկայական քանակություն։ Միջուկի պայթելը հանգեցնում է նոր գալակտիկաների կամ, այլ դեպքերում՝ գալակտիկաներում աստղային զանազան ենթահամակարգերի գոյացմանը։ Միջուկի պայթման ժամանակ ազատված էներգիայի մի մասը վերածվում է գոյացած օբյեկտի կինետիկ էներգիայի։ Զանգվածեղ և խիտ նախամարմինների հատկությունների, ինչպես նաև դրանցից աստղերի ու աստղային համակարգերի գոյացման պրոցեսի բացատրությունը, հենվելով տարրական մասնիկների մասին ժամանակակից պատկերացումների վրա և ընդհանրապես ֆիզիկայի հայտնի օրենքների շրջանակներում՝ կամ դժվար է և կամ նույնիսկ անհնար։ Գալակտիկաների և նախաաստղերի միջուկների որևէ տեսական մոդելի, ինչպես նաև աստղային խմբերի, աստղակույտերի կամ ենթահամակարգերի գոյացման կոնկրետ մեխանիզմի մշակումը պետք է հիմնվի անմիջականորեն դիտումներից ստացված փաստերի վրա և չի կարող կատարվել կանխակալ տեսական ենթադրությունների հիման վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 480