Բերքի ծրագրավորում
Բերքի ծրագրավորում, գիտականորեն հիմնավորված, փոխկապակցված միջոցառումների իրականացում, որի արդյունքում ստացվում է պլանավորված բարձրորակ բերք, ինչպես նաև բարձրանում է հողի բերրիությունը։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերքի ծրագրավորումը ագրոնոմիական գիտության ուղղություն է, որը միավորում է բուսաբուծության, երկրագործության, ագրոքիմիայի, հողագիտության, բույսերի ֆիզիոլոգիայի, պաշտպանության, գյուղատնտեսական մեքենաշինության, ֆիզիկայի, կիբեռնետիկայի, գյուղատնտեսագիտության նվաճումները։ Բերքի ծրագրավորումը ենթադրում է բերքի ձևավորման ընթացքում միջավայրի տարբեր գործոնների և դրանց փոխազդեցության դերի ու նշանակության գնահատման նկատմամբ ինտեգրված համակարգի մոտեցում։
Աշխատանքի պլանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերքի ծրագրավորման աշխատանքները կատարվում են հատուկ փորձադաշտերում, էկոլոգիական հրապարակներում՝ ֆիտոտրոնների (բույսերի աճեցման կայանքներ), ջրանցաչափերի (լիզիմետր), համակարգչի տեխնիկայի օգտագործմամբ։ Բերքի ծրագրավորման 1-ին փուլում սահմանում են որոշակի հողակլիմայի սահմանափակող գործոնների համալիրը, բերքի մոդելավորման հիմքի վրա հիմնավորում են հնարավոր բերքատվությունը։ 2-րդ փուլում մշակում են համապատասխան ագրոտեխնիկայի միջոցառումների համալիր։ Ընդ որում՝ ընտրվում են արտադրության արդյունավետության կոնկրետ քանակի չափանիշներ (առավելագույն հնարավոր բերքը, տրված բերքի ստացման առավելագույն եկամուտը կամ նվազագույն ծախսը)։ 3-րդ փուլում ապահովում են բերքի ձևավորման ընթացքի օպերատիվ դիտարկումներ,պլանավորված ագրոտեխնիկայի միջոցառումների համակարգում կատարում են անհրաժեշտ ճշգրտումներ` ստեղծված ագրոօդերևութաբանական իրավիճակին համապատասխան։ Ներկայում բերքի ծրագրավորման գործընթացներում լայնորեն կիրառվում են ժամանակակից համակարգիչներ և այլ տեխնոլոգիաներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |