Բբերի լուսային ռեֆլեքս
Բբերի լուսային ռեֆլեքս (ԲԼՌ), նաև՝ լուսային ռեակցիա, աչքի ցանցաթաղանթին հասնող լույսի ուժգնությունից կախված բբի տրամագիծը կարգավորող ռեֆլեքս, որի օգնությամբ աչքը հարմարվում է լուսավորության տարբեր մակարդակներին։ Լույսի մեծ ուժգնության դեպքում առաջանում է բբի նեղացում (միոզ, որը նվազեցնում է ցանցաթաղանթին հասնող լույսի ուժգնությունը), իսկ ընկնող լույսի ցածր ուժգնության դեպքում բբերը լայնանում են (միդրիազ, որի դեպքում ցանցաթաղանթին հասնող լույսի ուժգնությունը մեծանում է)։ Այսպիսով` լուսային ռեֆլեքսը կարգավորում է ցանցաթաղանթին հասնող լույսի ուժգնությունը[1]։
Աչքի ցանցաթաղանթի նյարդաբջիջների աքսոնները շարունակվում են դեպի առաջծածկային կորիզներ (լատ.՝ nuclei pretectalis)։ Առաջծածկային կորիզներից նյարդաթելերը խաչվելով և առանց խաչվելու շարունակվում են մինչև Էդինգեր-Վեսֆալի կորիզ (որոշ հեղինակներ այն անվանում են նաև Յակուբովիչի կորիզ[2]), որտեղից սկսվում են նախահանգուցային (պրեգանգլիոնար) պարասիմպաթիկ նյարդաթելերը։ Այս նյարդաթելերը դուրս են գալիս միջին ուղեղից և սինապսավորվում են թարթչային (ցիլիար) հանգույցի պարասիմպաթիկ նյարդաբջիջների հետ, որից դուրս եկող հետհանգուցային (պոստգանգլիոնար) նյարդաթելերը նյարդավորում են ծիածանաթաղանթի սեղմող մկանները[3]։
Մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուսազգայուն բջիջները ցանցենաենթատեսաթմբային (ռետինոհիպոթալամիկ) ուղու միջոցով կազմում են ռեֆլեկտոր աղեղի առբերիչ (աֆերենտ) ուղին՝ «զգալով» լույսի ուժգնությունը։ Ակնաշարժ նյարդը կազմում է լուսային ռեֆլեքսի արտատար (էֆերենտ) ուղին․ այն խթանում է բիբը նեղացնող մկանների կծկումը[1]։ Ռեֆլեկտոր աղեղի կազմության մեջ մտնում են չորս նյարդաբջիջներ`
Առաջին նյարդաբջիջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեֆլեքսը սկսվում է ցանցենու լուսազգաց հանգուցային բջիջներից, որոնք գրգիռը հաղորդում են տեսանյարդի միջոցով։ Տեսողակայան նյարդը հաղորդակցվում է միջին ուղեղի առաջծածկային կորիզի հետ՝ շրջանցելով կողմնային ծնկաձև կորիզը և տեսողական կեղևը։
Այս «ներքին լուսազգայուն հանգուցային բջիջները» նաև հայտնի են որպես «մելանոպսին պարունակող» բջիջներ և ազդում են նաև ցիրկադային ռիթմի վրա։
Երկրորդ նյարդաբջիջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջծածկային կորիզից սկսվող նյարդաթելերը հասնում են պարասիմպաթիկ Էդինգեր-Վեսֆալի կորիզ, որից դուրս եկող նյարդաթելերը շարունակվում են աջ և ձախ ակնաշարժ նյարդերի կազմում։
Երրորդ նյարդաբջիջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակնաշարժ նյարդի պարասիմպաթիկ նյարդաթելերը հասնում են թարթչային հանգույցի նյարդաբջիջիներին։
Չորրորդ նյարդաբջիջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թարթչային հանգույցից սկսվող կարճ նյարդաթելերը նյարդավորում են ծիածանաթաղանթի սեղմող մկանները[1]։
Կլինիկական նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Purves, Dale, George J. Augustine, David Fitzpatrick, William C. Hall, Anthony-Samuel LaMantia, James O. McNamara, and Leonard E. White (2008)։ Neuroscience. 4th ed.։ Sinauer Associates։ էջեր 290–1։ ISBN 978-0-87893-697-7
- ↑ Ն․ Կ․ Լիսենկով, Վ․ Խ․ Բուշկովիչ, Մ․ Գ․ Պրիվես «Մարդու նորմալ անատոմիայի դասագիրք(չաշխատող հղում)», «Լույս» հրատարակչություն, Երևան, 1974, էջ 369
- ↑ Kaufman Paul L., Levin Leonard A., Alm Albert (2011)։ Adler's Physiology of the Eye։ Elsevier Health Sciences։ էջ 508։ ISBN 0-323-05714-4