Լևոն Բարսեղյան (լրագրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Բարսեղյան (այլ կիրառումներ)
Լևոն Բարսեղյան
Ծնվել էհունվարի 18, 1967(1967-01-18) (57 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող և քաղաքական գործիչ
ԿուսակցությունNon-Party List?
Կայքasparez.am

Լևոն Ալբերտի Բարսեղյան (հունվարի 18, 1967(1967-01-18), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, հասարակական գործիչ, հրապարակախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Բարսեղյանը ծնվել է 1967 թվականի հունվարի 18-ին՝ ներկայիս Գյումրի քաղաքում։ 1982 թվականին ավարտել է Լենինականի նկարչական դպրոցը, 1984 թվականին՝ Լենինականի N 9 միջնակարգ դպրոցը։ 1985 - 1987 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1987 թ. սեպտեմբերին ՌՍԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության կողմից պարգևատրվել է Բայկալ-Ամուրյան մայրուղու շինարարության համար մեդալով։ Սովորել է Երևանի պետական համալսարանում և ստացել է երկու մասնագիտական որակավորում (երկրաբան-երկրաֆիզիկոս և լրագրող-ֆոտոթղթակից)։ 1989-1991 թվականներին աշխատել է Գիտահետազոտական լեռնամետալուրգիական ինստիտուտում (ԳՀԼՄԻ) որպես կրտսեր գիտաշխատող։ 1991-1992 թվականներին աշխատել է Հայկաձոր գյուղում (այժմ՝ Շիրակի մարզում) որպես աշխարհագրության և պատմության ուսուցիչ։ Այնուհետև աշխատել է մեդիա ոլորտի տարբեր ընկերություններում՝ զբաղեցնելով տարբեր հաստիքներ. 1992-1994 թվականներին Գյումրու «Ցայգ» ՀԸ՝ լրագրող, խմբագիր, փոխտնօրեն, 1995-2002 թվականներին. «Շանթ» ՀՌԸ և «Շանթ» շաբաթաթերթ՝ լրագրող, հաղորդավար, խմբագիր, ռադիոկայկանի տնօրեն և շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, 1995-1998 թվականներին «ՏՄ» ռադիոկայան՝ խմբագիր, հաղորդավար։ 1999 - 2000 թվականներին[1] մի խումբ անձանց հետ հիմնադրել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունը և մինչ օրս որոշակի ընդմիջումով[2] այդ կազմակերպության խորհրդի նախագահն է։

2012 թվականին մեծամասնական համակարգով ընտրվել է Գյումրի համայնքի ավագանու անդամ։ Գյումրու ավագանու անդամ է եղել 2012-2016 թվականներին։

2016 թվականի հոկտեմբերի 2-ին «ԳԱԼԱ» կուսակցության համամասնական ցուցակով է ընտրվել, սակայն լիազորությունները չի ստանձնել մինչև 2017 թ. ամառը (3 կուսակցությունների համատեղ ընդունված որոշման համաձայն)[3]։ «ԳԱԼԱ», ԲՀԿ և ՀՎԿ կուսակցությունների կողմից Գյումրու ավագանու նիստերի բոյկոտի ավարտից հետո ավագանու անդամի լիազորությունները ստանձնել է 2017 թ. սեպտեմբերից։

Խաղաղ ցույցերին մասնակցելու ժամանակ ձերբակալվել է Գյումրիում 2008 թ. մարտի 2-ին (Երևանում 2008 թ. մարտի մեկի գիշերը ցուցարարների սպանության առթիվ կազմակերպված պիկետի ժամանակ), Երևանում՝ 2011 թվականի սեպտեմբերի 21-ին (Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ռազմաշքերթում օտար երկրների զորքերի և օտար դրոշների առկայության դեմ կազմակերպված պիեկտի ժամանակ), 2013 թ. դեկտեմբերի 2-ին (Հայաստան ՌԴ նախագահ Վ.Պուտինի այցելության օրը կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ), 2015 թ. հունիսի 23-ին (Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ կազմակերպված ցույցերի ժամանակ), 2016 թ. հուլիսի 17-ին (Ոստիկանության Էրեբունու պարեկապահակային ծառայությունը «Սասնա Ծռեր» խմբի կողմից գրավելու օրը Գյումրուց իր անձնական մեքենայով Երևան մեկնելիս՝ Ագարակ գյուղում)։

2016 թվականի հուլիսի 27-ին ձերբակալվել է սառը զենք պահելու կասկածանքով, պահվել է «Էրեբունի» ՁՊՎ-ում, սակայն հուլիսի 29-ին ազատ է արձակվել, երբ փորձաքննությամբ պարզվել է, որ նրա մոտ հայտնաբերված դանակը սառը զենք չէ[4]։

Ձերբակալվել է նաև 2018 թվականի ապրիլի 22֊ին, Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական Հեղափոխության խաղաղ ցույցերին մասնակցելու ժամանակ։

Լևոն Բարսեղյանը նաև «Զամբո» գրքի հեղինակն է, որի շնորհանդեսը Երևանում կայացավ 2016 թ. հունիսի 24-ին[5], իսկ Գյումրիում՝ 2016 թ. հուլիսի 2-ին։ Գրքում զետեղված են 30 պատմություններ և «Քյապի Դամեն» վիպակը։

Լևոն Բարսեղյանը իրեն հայտարարել է որպես աթեիստ և անարխիստ։

Որսորդական և հրաձիգների միավորում ՀԿ անդամ է 2017 թ. հունիսի 1-ից։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին ամուսնացել է։ 2009 թվականին Բարսեղյանի կինը մահացել է։ Ունի մեկ որդի և մեկ թոռ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեր մայլի տղեն, «Գարուն», 2016, 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մեր մասին | Asparez». www.asparez.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  2. «Լ.Բարսեղյանի հայտարարությունը խմբագրի և ծրագրի ղեկավարի լիազորությունները ժամանակավոր դադարեցնելու մասին – «ԱՐՄԻԱ» ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ». armia.info. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.(չաշխատող հղում)
  3. «Բոյկոտելու են «ավագանու նիստ» կոչվող միջոցառումները | AraratNews». AraratNews. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  4. «Լևոն Բարսեղյանն ազատ է արձակվել». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  5. «Կայացավ լրագրող Լևոն Բարսեղյանի «Զամբո» գրքի շնորհանդեսը - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]