Բաթիսկաֆ

Բաթիսկաֆներ, ծովերի և օվկիանոսների մեծ խորություններում գիտական և հետազոտական աշխատանքներ կատարելու համար նախատեսված խորջրյա ինքնագնաց սարքեր են, կարող են ջրասուզակներից շատ ավելի խորն ընկղմվել։ Հունարեն «բաթիսկաֆ» նշանակում է խոր նավ։ Այն նման է սուզանավի, սակայն նրա լողան-իրանը լցված է ոչ թե օդով, այլ բենզինով, որը մեծ խորություններում ջրի ճնշմանը լավ է դիմանում և ջրից թեթև է։ Բաթիսկաֆներն օգտագործվում են գիտական հետազոտությունների, ինչպես նաև ստորջրյա նավթային հենահարթակների ու նավթամուղների կառուցման և նորոգման համար։ Բաթիսկաֆները հիմնականում նախատեսված են 1-3 մարդուց բաղկացած անձնակազմի համար, թեև դրանց մի մասում տեղադրվում են միայն սարքեր (օրինակ՝ հեռուստախցիկներ)։ Իրեր տեղափոխելու և ծովի հատակից փորձանմուշներ վերցնելու համար բաթիսկաֆի անձնակազմն օգտագործում է բռնիչ-ձեռնանմանակներ (մանիպուլյատորներ)։
Առաջին բաթիսկաֆը 1948 թվականին ստեղծել է շվեյցարացի գիտնական Օգյուստ Փիքարը։ 1960 թվականին այդ գիտնականի որդին՝ Ժակ Փիքարը Դեյվիդ Ուոլշի հետ միասին բաթիսկաֆով հասավ Խաղաղ օվկիանոսում գտնվող ամենախոր՝ Մարիանյան իջվածքի հատակը, որի խորությունը 11022 մետր է։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 220)։ |