Արտիստների կանայք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտիստների կանայք
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1880

«Արտիստների կանայք» (ռուս.՝ Жёны артистов), 19-20-րդ դարերի ռուս գրող Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը՝ գրված 1880 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է 1880 թվականի դեկտեմբերի 7-ին «Դոն Անտոնիո Չեխոնտե» կեղծանունով «Մինուտա» թերթի յոթերորդ համարում[1]։ Ի սկզբանե պատմվածքը լույս է տեսել «Կիրակնօրյա ակնարկներ» բաժնում՝ «Պորտուգալական լեգենդը ռուսական ձևով արտիստների կանանց մասին» խորագրի ներքո։ Գրաքննության հանձնաժողովի թույլտվությունը ստացել է դեկտեմբերի 5-ին[1]։

Ըստ գրողի ստեղծագործության հետազոտողների՝ Անտոն Պավլովը պատմվածքը մտահղացել է որպես ֆրանսիացի վիպասան և դրամատուրգ Ալֆոնս Դոդեի գրական պարոդիա[2]։ «Ռուսական ոճով» հումորային աշխատությունը պատմում է «երիտասարդ նկարիչների, գրողների և ուսանողների չկարգավորված կենցաղի մասին, ինչպիսին 1880 թվականին եղել է հենց Անտոն Չեխովը, իր ավագ եղբայրները, նրա ընկերները»[2]։

1882 թվականին ստեղծագործությունը լրամշակվեց «Բուդիլնիկ» («Զարթուցիչ») գեղարվեստական հումորային ամսագրի համար, որտեղ այն արդեն տպագրվել էր «Անտոշա Չեխոնտե» կեղծանունով և «Արտիստների կանայք» խորագրով[1]։ Ավելացվել էր «Թարգմանություն ... պորտուգալերենից» ենթավերնագիրը։ Զգալի ոճական փոփոխությունները ներառում էին խոսակցական լեզվի և բարբառայնության վերացում, որոշ կերպարների անունների փոփոխում։ Սյուժետային ուղղումներին են վերաբերում ստեղծագործության վերջում Մինեսոտայից Նյու Յորք եկած ամերիկացի բժիշկ Թաների մասին «պատմողի» ընթերցմամբ դրվագի ավելացումը, որը գիտական նպատակներով իրեն դատապարտել էր քառասունօրյա հացադուլի[2]։

Նույն 1882 թվականին Անտոն Պավլովիչը պլանավորել էր պատմվածքը տպագրել «Չարաճճիություն» (ռուս.՝ Шалость) հեղինակային ժողովածուի կազմում։ Դրա համար ստեղծագործության մեջ մտցվեցին մի շարք ոճական փոփոխություններ[3]։ Ժողովածուն տպագրվել էր, բայց վերջում գրաքննությամբ արգելվեց[4]։ 1884 թվականին Չեխովը պատմվածքն ընդգրկեց իր առաջին հրատարակած «Մելպոմենի հեքիաթները» պատմվածքների ժողովածուում[1]։ Միևնույն ժամանակ վերացվեցին առանձին մանրամասներ, որոնք 80-ականների սկզբին թույլ էին տալիս պատմվածքի «հրատապ քաղաքական մեկնաբանությունը»[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Громов, 1983, էջ 564
  2. 2,0 2,1 2,2 2,3 Громов, 1983, էջ 565
  3. Громов, 1983, էջ 564—565
  4. Громов, 1983, էջ 557

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]