Արմեն Ղուկասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Պատվականի Ղուկասյան | |
---|---|
Ծնվել է | Հունվարի 21, 1966 |
Ծննդավայր | Գյումրի , Շիրակի մարզ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | Հայ |
Կրոն | Քրիստոնեություն |
Կրթություն | ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիա |
Պարգևներ և մրցանակներ | ՀՀ պետական պարգև` «Մխիթար Գոշ» մեդալ, ՀՀ ոստիկանության, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ԼՂՀ ոստիկանության |
Արմեն Պատվականի Ղուկասյան (հունվարի 21, 1966, Գյումրի, Շիրակի մարզ), Հայաստանի ոստիկանության գնդապետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ[1]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմեն Ղուկասյանը ծնվել է 1966 թվականի հունվարի 21-ին Գյումրի քաղաքում։ Ավարտել է տեղի թիվ 4 միջնակարգ դպրոցը, որից հետո ընդունվել և 1987 թվականին գերազանցությամբ ավարտել է նաև Օրյոլի կապի բարձրագույն ռազմահրամանատարական ուսումնարանը` ձեռք բերելով կապի ինժեների մասնագիտություն։
1987 թվականին նշանակվել է աշխատանքի Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի ՆԳ վարչությունում` որպես կապի ինժեներ, որից հետո 1990 թվականին նույն մասնագիտությամբ աշխատանքի է տեղափոխվել ՀԽՍՀ ՆԳՆ կապի բաժին։
1992-1994 թվականներին անցել է օպերատիվ աշխատանքի ՀՀ ՆԳՆ թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ քրեական հետախուզության վարչություններում, իսկ այնուհետև` մինչև 1997 թվականը, որպես ավագ տեսուչ աշխատել է ՀՀ ՆԳՆ շտաբում[2]։
1997-2000 թվականներին աշխատել է որպես ՀՀ ՆԳ և ԱԱՆ օպերատիվ-փնտրողական վարչության 1-ին բաժնի պետի տեղակալ, իսկ 2000 թվականին կրկին աշխատանքի է տեղափոխվել ՀՀ ՆԳՆ շտաբ, այս անգամ` որպես կազմակերպական-վերլուծական վարչության պետի տեղակալ։
2003 թվականից մինչև 2011 թվականի հուլիս ամիսը զբաղեցրել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալի, ինքը և կազմակերպական-վերլուծական վարչության պետի պաշտոնը։ 2011 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսներին` ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի պետի 1-ին տեղակալի (ուսումնական և գիտական գծով) պաշտոնը, 2011 թվականի դեկտեմբերից մինչև 2018 թվականի մայիս ամիսը` ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետի պաշտոնը, իսկ 2018 թվականի մայիսի 29-ից մինչև 2020 թվականի հուլիսի 4-ը` ՀՀ ոստիկանության շտաբի պետի պաշտոնը[3]։
Ծառայողական գործունեությանը զուգընթաց Արմեն Ղուկասյանը 1994-1998 թվականներին սովորել և ավարտել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ բարձրագույն դպրոցը՝ ստանալով իրավաբանի որակավորում, իսկ 2004-2008 թվականներին` Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ կառավարման ակադեմիայի ասպիրանտուրան` ստանալով «Բարձրագույն դպրոցի դասախոս» լրացուցիչ որակավորում[4]։
2008 թվականին Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ կառավարման ակադեմիայի մասնագիտացված խորհրդում պաշտպանել է թեկնածուական թեզ «Հատուկ ռեցիդիվի քրեաբանական բնութագիրը և նախականխումը ՀՀ-ում» թեմայով, որից հետո նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2015 թվականին Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ Արմեն Ղուկասյանին շնորհվել է դոցենտի գիտական կոչում իրավագիտություն մասնագիտությամբ (հաստատվել ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից)։
Գիտամանկավարժական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ ոստիկանությունում ծառայությունը Արմեն Ղուկասյանը համատեղում է գիտամանկավարժական գործունեության հետ.
- 2004 թվականից առ այսօր դասավանդում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայում,
- 2009 թվականից առ այսօր դասավանդում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան իրավունքի և քաղաքականության ինստիտուտի քրեական իրավունքի և քրեական դատավարության ամբիոնում։ 2016 թվականից առ այսօր հանդիսանում է նույն համալսարանի ատենախոսությունների պաշտպանության ԺԲ-00.05 մասնագիտացված խորհրդի անդամ։
- 2009 թվականից առ այսօր աշխատում է որպես Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի փորձաքննությունների ազգային բյուրոյի քրեաբանության հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի գիտական խորհրդատու։
- 2016 թվականից առ այսօր ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի գիտական խորհրդի անդամ է։
- 2009-2012 թվականներին, 2017-2018 թվականներին դասավանդել է եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի եվրոպական համեմատական իրավունքի ամբիոնում։
- 2012-2013 թվականներին դասավանդել է ՀՀ գլխավոր դատախազության «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում գործող դատախազների վերապատրաստման դասընթացում։
- Ունի 20-ից ավելի գիտական աշխատություններ։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմեն Ղուկասյանն ամուսնացած է, ունի 2 զավակ` Անի, Պարգև և 1 թոռնիկ՝ Մանե։
Կոչումներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի ոստիկանության պետի հրամանով 2005 թվականին Արմեն Ղուկասյանին շնորհվել է «ոստիկանության գնդապետ» հատուկ կոչում։ Իր ծառայողական գործունեության ընթացքում արժանացել է նաև 40-ից ավելի խրախուսանքների, այդ թվում.
- Հայաստանի նախագահի 2019 թվականի ապրիլի 5-ի հրամանագրով արժանացել է պետական պարգևի՝ «Մխիթար Գոշ» մեդալի[5]։
- 2012 թվականին շնորհվել է «ՀՀ ոստիկանության պատվավոր ծառայող» պատվավոր կոչում։
- Պարգևատրվել է ՀՀ ոստիկանության, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ԼՂՀ ոստիկանության, ԱՊՀ երկրների ՆԳՆ գերատեսչական 20-ից ավելի մեդալներով և կրծքանշաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ՀՀ ոստիկանության խորհրդակցական մարմնի կազմը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «ՀՀ ոստիկանության շտաբի պետ է նշանակվել Արմեն Ղուկասյանը». Armtimes.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ ՀՀ Ոստիկանության կենտրոնական ապարատ
- ↑ «Արմեն Ղուկասյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության շտաբի պետ». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ ՀՀ նախագահի հրամանագիրը ՀՀ պետական պարգևներով պարգևատրվելու մասին