Jump to content

Արմաթ ինժեներական լաբորատորիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմաթ ինժեներական լաբորատորիաներ
Կայքarmath.am
Արմաթ Ինժեներական լաբորատորիաների տարբերանշանը

Արմաթ ինժեներական լաբորատորիաներ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ, նախկինում՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն՝ ԻՏՁՄ) կողմից նախաձեռնված և իրականացվող կրթական ծրագիր։ Ծրագրի շրջանակում ստեղծվել է և նախատեսվում է ստեղծել ինժեներական լաբորատորիաներ Հայաստանի, այդ թվում Արցախի, 1400 դպրոցներում։

2008 թվականին ԱՏՁՄ-ն մեկնարկեց Հայաստանում դպրոցականների շրջանում ռոբոտաշինության զարգացման լայնամասշտաբ ծրագիր՝ ԱրմՌոբոտիքսը, որի շրջանակում Հայաստանի(ներառյալ Արցախը) 55 համայնքներում ստեղծվեցին 60 խմբակներ, որտեղ աշակերտներն ուսումնասիրում էին ռոբոտաշինություն եւ աշխատում «Սայմոտեկ» ընկերության արտադրած ռոբոտներով։ Հետագայում ԱրմՌոբոտիքսի հիման վրա Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ստեղծեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, որոնց թիվը 2019 թվականի ապրիլի դրությամբ հասնում է 260-ի։[2] Արխիվացված 2019-05-02 Wayback Machine

Ծրագրի էությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արմաթ»-ը Հայաստանի կրթական համակարգում արտադասարանային զբաղվածության ձևաչափով ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիր է, որի նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ, որը կբավարարի աճող պահանջարկը։ Նախագիծն ազդեցության մեծ ներուժ ունի սոցիալական արժեքների կերտման ասպարեզում։ Ակնկալվում է, որ նմանատիպ կրթական համակարգը կհանգեցնի մտածելակերպային փոփոխության, կդաստիարակի նոր՝ ստեղծարար արժեքներ, որոնք կառողջացնեն սոցիալական արժեհամակարգը երիտասարդների շրջանում։ Ինժեներական լաբորատորիաները հիմնվում են ԱՏՁՄ-հովանավորներ-պետություն համագործակցությամբ։ Ինժեներական խմբակների ուսումնական ծրագիրը ենթադրում է, որ խմբակների շրջանավարտները (առանց բուհ ավարտելու) զինված կլինեն բավականաչափ տեխնիկական գիտելիքներով՝ աշխատաշուկա որպես սկզբնական մակարդակի տեխնիկական մասնագետներ մուտք գործելու համար։ Սա որակապես նոր` միջին մասնագիտական հմտություններով սեգմենտ կստեղծի Հայաստանի տեխնոլոգիական աշխատաշուկայում։

Կրթությունը Արմաթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում կրթությունն անվճար է։ Ընդունելության տարիքային նվազագույն շեմը 10 տարեկանն է։ Այստեղ աշակերտներն ուսումնասիրում են ծրագրավորում, խաղերի և անիմացիաների ստեղծում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում և տպագրություն, համակարգչային փայտամշակում և լազերային փորագրություն։ Սկզբնական շրջանում ուսանողներն ուսումնասիրում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուստի կողմից ստեղծված և հայ մասնագետների կողմից հայաֆիկացված Աղուէս և Կրիայ ծրագրավորման և խաղերի ու անիմացիաների ստեղծման միջավայրերը, ձեռք են բերում ալգորիթմային մտածողություն, որից հետո սկսում են խորացնել գիտելիքները եռաչափ մոդելավորման և տպագրության, լազերային փորագրության և ռոբոտաշինության ասպարեզներում։ Աշակերտները ուսումնասիրում են բազմաթիվ ծրագրավորման լեզուներ, ինչպես նաեւ ավտոմատացնում տարբեր համակարգեր, ստեղծում են ռոբոտ-օգնականներ և իրականացնում սեփական տեխնոլոգիական նախագծերը։ Այս ամենին զուգահեռ պարբերաբար կազմակերպվում են մրցույթներ(Դիջիկոդ), ինչպես նաև ցուցահանդեսներ(Դիջիթեք), որոնց ժամանակ ուսանողները հնարավորություն են ունենում ցուցադրել իրենց սովորածն ու նոր գիտելիքներ ձեռք բերել։ Աշակերտներին խրախուսելու և նոր գիտելիքներ հաղորդելու համար ԱՏՁՄ-ի կողմից իրականացվում է նաև Դիջիքեմփ տեխնոլոգիական ճամբարը։

Տեխնիկական հագեցվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթական ծրագրերը հիմնված են ուսուցման առաջատար մեթոդների և գործիքների վրա, որոնք հիմնականում մշակված են ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից։ Դրանք հնարավորություն են տալիս երեխաներին սովորել մաթեմատիկայի և ճշգրիտ գիտությունների հետ կապված սկզբունքներ, ճարտարագիտություն, ծրագրավորման և ռոբոտաշինության հիմունքներ, նաև կառուցել ԱԹՍ (անօդաչու թռչող սարքեր)։ Կրթական ծրագիրը համալիր լուծումների ամբողջական փաթեթ է, որը նաև ներառում է լաբորատորիաների տեղադրում և ստեղծում, համագործակցության յուրահատուկ էկոհամակարգ՝ արդյունաբերության, դպրոցների և համալսարանների միջև։ Ինժեներական Լաբորատորիան ներառում է «Սայմոտեկ» ընկերության կողմից մշակված SERob 3 ռոբոտ-կոնստրուկտորը, հայկական արտադրության եռաչափ տպիչ և CNC շաղափային/լազերային հաստոց, Այգեստան մինի համակարգիչներ։

Լաբորատորիաներ հիմնելու կարգը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովանավորների կողմից ֆինանսավորումից հետո «Արմաթ» լաբորատորիայի հիմնան գործընթացը բաժանվում է 4 փուլի։ 1-ին փուլում ընտրվում է խմբակի վայրը և դասավանդող ուսուցիչը։ ԱՏՁՄ աշխատակիսներն այցելում են լաբորատորիայի տեղակայման ուսումնական հաստատություն(վայր), հանդիպում հաստատության ղեկավարի և խմբակավարի թեկնածուների հետ, որի արդյունքում ընտրվում է լավագույն խմբավարը։ 2-րդ փուլում նախատեսվող խմբակում բնականոն աշխատելու համար վերապատրաստվում է խմբակավարը, որի ընթացքում նա ծանոթանում է ռոբոտաշինության հիմունքներին, «Աղուէս», «Կրիա» ծրագրավորման միջավայրերին, եռաչափ մոդելավորմանը և տպագրությանը, ինչպես նաև СNC շաղափային/լազերային հաստոցով աշխատելու հմտություններին։ 3-րդ փուլում ընտրված վայրում տեղակայվում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիան։ 4-րդ փուլում սկսում է խմբակի բնականոն գործունեությունը, որն ուղեկցվում է մշտադիտարկմամբ և խորհրդատվական ծառայությունների մատուցմամբ։ Ներկայացվում են հաշվետվություններ խմբակի կատարած աշխատանքների վերաբերյալ։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները արժանացել են՝

  • Բրազիլիայում կայացած ՏՏ համաշխարհային համաժողովի WITSA Global Excellence Award մրցանակաբաշխության «Կայուն զարգացման» մրցանակին։
  • Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային ՏՏ միջոցառման մրցանակաբաշխության «ՏՏ կրթության լավագույն մատակարարի» մրցանակին (The best provider of IT education)[1]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]