Արեգնազան կամ Կախարդական աշխարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արեգնազան կամ կախարդական աշխարհ
ԵնթավերնագիրՀայկական հին զրույցներից առած մի վեպիկ
ՀեղինակՂազարոս Աղայան
Ժանրհեքիաթ
Լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1887
ՎիքիդարանԱրեգնազան կամ Կախարդական աշխարհ

«Արեգնազան կամ Կախարդական աշխարհ», Ղազարոս Աղայանի հրաշապատում հեքիաթներից է, որը նա գրել է 1887 թվականին։ Նրա հեքիաթներում, իրական կյանքի այլաբանական պատկերներից բացի, մեծ տեղ ունեն հրաշապատում տարրերը, չափազանցությունը։ Հատկապես չարի ու.բարու ավանդական պայքարը ներկայացնող հրաշապատում հեքիաթներում հերոսները մաքառում են մարդկության երևակայական, կախարդական թշնամիների դեմ, օրինակ՝ քաջարի Արեգնազանը («Արեգնազան և կախարդական աշխարհը») պայքարում և հաղթում է աշխարհը և մարդկանց քարացնող կախարդ պառավին։

Հեքիաթի տեղն ու դերը Աղայանի ստեղծագործության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազարոս Ադայանի դերը մեծ է եղել հեքիաթի բնագավառում։ Նա հայ գրականության մեջ հեքիաթի ժանրի հիմնադիրն է համարվում , նրա մշակման խոշոր վարպետներից մեկը։ Հեքիաթը համարելով դաստիարակչական կարևոր միջոց՝ հանճարեղ մարդկանց երևակայության անսպառ աղբյուր, նա իր մշակած հիասքանչ հեքիաթներով ցանկացել է մատաղ սերնդի մեջ սերմանել մարդկային վսեմ գծեր։

Հակառակ ա|ն սխալ տեսակետի, որ իբր հեքիաթը սարսափեցնում է մանուկներին, կասեցնում նրանց մտավոր զարգացումը, Աղայանը, ելնելով քաջարի սերունդ դաստիարակելու իր նպատակադրումից, գտնում է . «Ոչ ամենայն ինչ, որ սարսափելի է թվում, նաև վնասակար է։ Ընդհակառակն՝ չսարսափելու համար պետք է լսած լինել ամենասարսափելի օրինակները », և ավելացնում. «Ցանկալի է, որ մեր նոր սերունդը ամուր նյարդեր ունենար և ոչ թույլ, դյուրագրգիռ, հիստերիկական և ախտավոր, ինչպիսիք երևում են մեր ժամանակում»[1]։

Գրողը նպատակ ուներ «...հեքիաթով հեքիաթական աշխարհ մտցնել երեխային և այդ աշխարհում կրավորական դեր չտալ նրան, այլ ներգործական, որ երեխան իր երևակայությամբ մտնե հերոսի դերի մեջ, այն անի, ինչ որ հերոսն է անում, նրա պես քաջասիրտ լինի, նրա պես անվեհեր, նրա պես հնարագետ, նրա պես վեհանձն եւ ազնիվ»։

Հեքիաթների դրական հերոսները, ոչնչացնելով չար ու վնասակար ուժերին, ոգևորում են մանուկ ընթերցողներին, նրանց առջև պատուհան բացում դեպի կյանքը և տառապանքներից ու ճնշումներից ազատվելու հույս ու պայքարի ոգի ներշնչում։ Աղայանի հեքիաթների գլխավոր գաղափարը ընդհանուրի երջանկության իրականացումն է, հանուն ինչի հերոսները՝ կին թե տղամարդ, որոնք հիմնականում հասարակ ժողովրդի ներկայացուցիչներ են, պայքարի են ելնում և անպայման հաղթում թշնամուն։

Բազմաթիվ հեքիաթներ կոկելով, մշակելով, զարգացնելով և գրական լեզվով օժտելով՝ Աղայանը դրանք ի սպաս է դրել մանուկների կրթությանը։ Հանրահայտ են «Արեգնազան կամ կախարդական աշխարհ» մեծ հեքիաթը, որն իսկապես կախարդական մի աշխարհ է բացում մանուկների առջև, «Օձամանուկն ու Արևհատը», «Արևամանուկը», «Հազարան բլբուլը», «Այծատուրը», «Զանգի Զրանգին» և այլ հեքիաթներ, որոնք հավասարապես սիրված են։ Աղայանի հեքիաթները հայ գեղարվեստական գրականության լավագույն էջերից են, ինքը՝ հեքիաթագրության հիմնադիրը[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասիսի ստորոտում ապրում է մի ծերունի իշխան՝ Արման անունով։ Սա մի ժամանակ է, երբ աշխարհը լի է հրաշքներով և բարի ու չար Ոգիները անընդհատ պատերազմ են մղում իրար դեմ։ Արմանն ունի երեք զավակ՝ մորից որբ մնացած։ Նրանցից երկուսը աղջիկ են՝ մեկը մյուսից գեղեցիկ, երրորդը ավելի ևս չքնաղ է, միայն բարի Ոգիները նրա ով լինելը թաքցրել են հողեղեններից՝ իրենց համար հայտնի նպատակով և մի որոշ ժամանակով։ Երբ ժամանակը լրանա, նա կամ աղջիկ և կամ տղա պիտի դառնա։ Բայց Արմանը նրանց երեքին էլ միաձև, աղջկա հագուստով է պահում։ «Թող սա էլ աղջիկ համարվի,- ասաց նա,-մինչև բարի Ոգիների կամքը կատարվի» և անունն էլ դրեց Արեգնազան՝ միատեսակության համար, քանի որ մեծի անունը Զանազան է, իսկ երկրորդինը՝ Զարմանազան։ Սակայն Արեգնազանը աղջկան վայել բաները ատում էր, չէր սիրում թել մանել կամ բուրդ գզել, հակառակը, խելքը գնում է հենց մի սիրուն ձի կամ զենք էր տեսնում։ Հայրն էլ, կարծես գիտությամբ, նրան հաճախ տանում էր որսի, ձի հեծնել ու զենք գործածել էր սովորեցնում։ Այսպես անցնում է ժամանակը, և մի օր Արմանը կանչում է իր զավակներին և ասում, որ ինքը ծառայում էր իրենց բարի թագավորին, հավատարիմ ծառայության համար թագավորն իրեն նվիրել էր այդ դաշտերն ու անտառները, սարերն ու ձորերը։ Իրենց մոր մահից հետո ինքը քաշվեց այդ խաղաղ վայրերը՝ իրեն տալով որսորդության, բայց նրանք արդեն մեծացել են և նրանց համար լավ կլինի ապրել թագավորի մոտ, ուստի նրանցից մեկին կուղարկի նրա մոտ ծառայության և նա մյուսներին էլ կտանի այնտեղ։ Երեքն էլ ցանկանում են գնալ, սակայն հայրը պայման է դնում։ Գնացողը պետք է զենք ու զրահ ընտրի, առավոտը վաղ ձին հեծնի, գնա որսորդության. եթե դատարկ չվերադառնա, հայրը նրան կուղարկի թագավորի մոտ։ Հաջորդ օրը մեծ աղջիկը գնում է դաշտ մի բան որսալու և հանդիպում է մի դիմակավորված ձիավորի, որը սպառնում է նրան, որ հետ գնա, եթե չի ուզում՝ գլուխը թռչի տեղից։ Վախեցած Զանազանը հայտնում է իր աղջիկ լինեը ու փախչում։ Նույնը պատահում է Զարմանազանի հետ, բայց երրորդ օրը, երբ Արեգնազանին է հանդիպում նույն ձիավորը, նա քաջությամբ կռվում է նրա հետ, և հենց այն է, ուզում է մի հարվածով գլուխը թռցնել, ձիավորը իսկույն հանում է դիմակը, և Արեգնազանը տեսնում է, որ դա իր հայրն է։ Հայրը հիացած է նրա քաջությամբ և նրան էլ ուղարկում է թագավորի մոտ ծառայության։ Թագավորը շատ է ուրախանում՝ իմանալով, որ իր մոտ ծառայության է եկել Արմանի որդին։ Թագավորն ուներ չքնաղ մի աղջիկ՝ Նունուֆար անունով։ Սա վարագույրի հետևից միշտ թաքուն դիտում էր Արեգնազանին, երբ սա խոսում էր թագավորի հետ։ Նունուֆարը նրա պատկերը բազմիցս տեսել էր իր երազում։ Առավոտյան գնում են որսի և այնպես է ստացվում, որ թագավորը հայտնվում է արջի առաջ։ Արեգնազանը, նետի պես սլանալով իր ձիով, մի հարվածով կես է անում արջի գլուխը՝ դառնալով օրվա հերոսը։ Նրա քաջության համբավը տարածվում է ամբողջ քաղաքում։ Նունուֆարը կարծում էր, որ նրան Երկինքն է ուղարկել իր համար և որոշում է հրավիրել իր մոտ։ Սակայն Արեգնազանը աղախնին հայտնում է, թե չի գնա և չի տեսնի նրան։ Մերժումից Նունուֆարը սկսում է հոգեպես այնքան տանջվել, որ թուլանում է և ընկնում անկողին։ Բժիշկները հուսահատ են, չեն գտնում նրա հիվանդության պատճառը։ Ծաղրածուն հասկանում է, որ աղջկան պետք է երկուս դառնալ ու երգում է Արեգի մասին։ Վեզիրի կինը, որը խնամում էր Նունուֆարին, ցանկանում է իր որդուն ամուսնացնել Նունուֆարի հետ և գլխի ընկնելով, որ աղջիկը սիրահարվել է Արեգնազանին, որոշում է նրան հեռացնել թագավորությունից։ Թագավորին հայտնում է, թե Նունուֆարին կփրկի միայն «անմահական ջուրը», որի մասին իրեն իբր երազում հայտնել է թագուհին և ասել, որ այն կարող է բերել միայն Արեգը։ Արեգը համաձայում է գնալ, բայց թե ուր՝ չգիտի։ Թագավորը բացատրում է, որ դրա տեղը ոչ ոք չգիտի, այն առանձին պարգև է, շնորհք, որ բարի Ոգիները միայն իրենց ընտրածին են տալիս։ Արեգնազանը գնում է։ Շատ երկրներում է լինում, շատ բան տեսնում, հարցուփորձ անում և հասնում Կախարդական աշխարհը, ուր ամեն մի քայլափոխում մի հրաշք է տեսնում։ Մի օր շոգը շատ է նեղում ձիուն՝ Բազիկին, և Արեգնազանը իջնում է մի լճի մոտ։ Հանկարծ մի խումբ աղավնիներ գալիս ու իջնում են լճի ափին։ Աղավնիները հանում են իրենց փետուրները և աղջիկներ դառնալով՝ թափվում են ջուրը՝ լողանալու։ Մի պահ ապշում է նա, ապա որոշում է խաղ խաղալ։ Մոտենում է ափին, վերցնում փետուրներից մեկը։ Աղջիկները դուրս են գալիս ջրից, հագնում իրենց թևերն ու թռչում, բայց մեկը, որ չի գտնում իր թևերը, ամաչում է մերկ կանգնել ջրի ափին, իրեն իսկույն գցում է ջուրը։ Արեգնազանը մոտենում է նրան։ Աղջիկը երգում է՝ խնդրելով իր թևերը։ Մի բան չի հասկանում, նա ասում է՝ «Եթե տղա ես, աղջիկ դառնաս», այդ ինչպես կարելի է։ Արեգնազանի վրա վայրկենական ուշաթափություն է գալիս և զգում է մի անսովոր, բայց շատ հաճոյական բան։ Ջրին նայելով տեսնում է իր դեմքը՝ նորածիլ բեխերով ու մորուքով։ Ինքն իրեն ասում է՝ «Ես հիմա ճշմարիտ որ Արեգ եմ»։ Աղջկան ասում է, որ իրեն տվեց այն, ինչ իր միակ ցանկությունն էր։ Նա հավանաբար կիմանա անմահական ջրի տեղը։ Արեգը նրա խոսքերից շատ բան չի հասկանում, բայց տալիս է թևերը և սա, աղավնի դառնալով, գնում է, մի քանի րոպե անց, մի փոքրիկ շիշ կտցին, անմահական ջրով լիքը, բերում տալիս է Արեգին ու դարձյալ գնում։ Արեգը շարունակում է իր ճանապարհը։ Մի աշտարակ տեսնելով՝ գնում է դեպի այն։ Նրա առջև բացվում է մի մեծ քաղաք, բայց քաղաքը քարացած է։ Մարդիկ ամեն մեկը մի բան անելիս այդպես էլ քարացել են։ Գտնում է մի քարացած մարդու կենդանի գլուխ, որը ջուր է ուզում։ Արեգը տալիս է իր անմահական ջրից, և մարդը վերակենդանանում է։ Պարզվում է, դա քաղաքի Անդաս անունով թագավորն է։ Արդեն քառասուն տարի է, ինչ քաղաքը քարացած է։ Մի պառավ հրեշ է այն քարացրել, իսկ իրեն կիսով է քարացրել ավելի տանջելու համար։ Պառավը ամեն օր նույն ժամին գալիս շրջում է քաղաքում։ Նրան կարող են հաղթել միայն բարի Ոգիները կամ այնպիսի մարդ, որն ունի բարի Ոգիների պաշտպանությունը։ Արեգը կարծում է, որ նրանք իրենց կպաշտպանեն և դուրս է գալիս պառավի առաջ, երբ սա հայտնվում է։ Արեգը հարձակվում է նրա վրա և խլում գավազանները, պահանջում վերակենդանացնել քաղաքը։ Քաղաքը վերակենդանանում է, բայց ոչ ոք չի հասկանում, որ քառասուն  տարի քարացած է եղել, քանի որ ամեն բան շարունակվում է այն պահից, որ պահից որ քարացել էր։ Արեգը նրանց աչքի առաջ քարացնում է պառավին վերջինիս գավազաններով, ապա ցույց տալիս, որ հիմա ամառ է, իսկ երբ նրանք քարացել էին, ձմեռ էր։ Մարդիկ հավատում են, քարացած պառավին գցում են ջուրը և քսան օր քեֆ են անում։ Արեգը երազում տեսնում է, որ Նունուֆարը վերջին շնչումն է և վերադառնում է։ Վերջին պահին հասնելով՝ անմահական ջուր է կաթեցնում Նունուֆարի շուրթերին, և աղջիկը մի քանի վայրկյանում ապաքինվում է՝ հիացած Արեգով։ Նունուֆարը հագնում է գեղեցիկ հագուստներ և այժմ էլ Արեգն է հիանում նրա գեղեցկությամբ։ Արեգը կարծում է, որ ինքը հիմա ուրիշ Արեգ է։ Արեգն ասում է, որ ինքը հիմա տղա է։ Հայրը բացատրում է, որ նա այն ժամանակ էլ էր տղա, պարզապես ինքն իրեն դեռ չէր ճանաչում, անմեղ էր ինչպես հրեղեն, հիմա մարդ է դառել հողեղեն, բայց այդ վնաս չունի։ Արեգը հանդարտվում է՝ իմանալով, որ ինքը նույն ինքն է եղել։ Վազում է Նունուֆարին հայտնելու։ Նրանք հագնում են Անդաս թագավորի նվիրած հարսանյաց զգեստները, և անթիվ անգին քարերի ճառագայթները լուսավորում են դահլիճը։ Այստեղ են նաև Արեգի քույրերը։ Հանկարծ մի ծիածան է կապվում, որից սանդուղքով ցած են իջնում թվով ինը երկնային թագուհիներ։ Նրանցից Աղբյուրիկը, Ցողիկը և Ծաղիկը իրենց պսակները տալիս են Արեգին և Նունուֆարին։ Երկնայինների ներկայությունից հանդիսականները մի փոքր թմրում են,  միայն Արեգն է ազատ ընդհանուր ապշությունից։ Նրա խնդրանքով լուսեղեն օրիորդները հողեղեններին այնպես են զվարճացնում, որ ծերերն անգամ թռչկոտում են ու ծիծաղում ջահելների դանդաղկոտության վրա։ Ցողիկի հետ պարելիս Արեգը ճանաչում է այն աղավնի աղջկան։ Սա բացատրում է, որ ինքը միայն օգնել է Արեգին ճանաչել իրեն, այդ ամենը խաղ էր, իրենք թաքնված ծիծաղում էին. դա իր մոր՝ Բարե նանի կամքով էր եղել և չար պառավին աշխարհից վերացնելու միակ հնարն էր։ Պետք էր անմեղ ու արդար անձ, որ մինչև անգամ իր ով լինելը չգիտեր և ավելի աղջիկ, քան տղա համարվեր։ Զանազանը և Զարմանազանը նույն օրը ամուսնանում են մեկը՝ վեզիրի, մյուսը՝ սպարապետի տղայի հետ։ Այսպես մի լավ զվարճանալուց հետո հրեղեննները ծիածանի սանդուղքով բարձրանում գնում են։ Հաջորդ առավոտ հարսանիքի տոնախմբություն է կատարվում քաղաքացիների ու գյուղացիների համար, որը տևում է քառասուն օր ու քառասուն գիշեր։ Ապա Արեգն ու Նունուֆարը ճանապարհորդություն են անում Վանա ծովի վրա և չար պառավի գավազանները գցում են ջուրը։ Այդ ժամանակ Երկնքից իջնում է երեք խնձոր՝ կանաչ, սպիտակ ու կարմիր։ Արեգը դրանք վերագրում է մարկային կյանքի երեք փուլերին՝ խակ մանուկ, ծերուկ և հասունություն։ Նրանք ուտում են կարմիր խնձորը և հասնում իրենց սրտի փափագին։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իշխան-Արման
  • Զանազան
  • Զարմանազան
  • Արեգնազան
  • Թագավոր
  • Թագավորի դուստր- Նունուֆար
  • Քարե քաղաքի թագավոր- Անդաս
  • Կախարդ պառավ
  • Երկնային թագուհիներ- Աղբյուրիկ, Ցողիկ, Ծաղիկ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]