Ավետարանոցի երրորդ մելիքական ապարանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապարանք
Ավետարանոցի երրորդ մելիքական ապարանք
ԵրկիրԱրցախի Հանրապետություն
Շինության տեսակԱպարանք
ՀիմնադիրՀուսեյն-բեկին
Հիմնական թվականներ՝18-րդ դար

Ավետարանոցի երրորդ մելիքական ապարանքը[1], գտնվում է Արցախի Հանրապետության, Ասկերանի շրջանի համանուն գյուղում, գյուղի արևմտյան կողմում, բերդապարիսպի լեռնային մասում։

Ավետարանոցի երրորդ մելիքական ապարանքը միակն է Ավետարանոցում, որ մեզ է հասել կիսավեր վիճակում, գտնվում է արևելահայաց բլրալանջի ընդարձակ դարավանդահարթակի վրա՝ խորքի պատով հպված լանջին։ Այժմ չպահպանված շինարարական արձանագրությունը հայտնում է․ «Այս Ամարաթս Մէլիք Շահնազարի Որդի Որ Շինել Տուած Շէնքն Է․ Թռմլե (1786)»։ Ըստ ամենայնի այս ամարաթ-ապարանքը պատկանում Է Մելիք-Շահնազար Բ-ի որդի Հուսեյն-բեկին։ Ուշագրավ է, որ չնայած ապարանքը կառուցվել անբարեհիշատակ Մելիք-Շահնազար Բ-ի օրոք (1747-1792 թվականներին), սակայն շեշտված է նրա պատկանելությունը վերջինիս ապօրինի-թրքած որդուն՝ Սային-բեկին (Մելիք-Հուսեյն Բ), որի թույրը կնության էր տրված Շուվա Իբրահիմ խանին և որը վերջինս կողմից անօրինաբար Վարանդայի մելիք կարգվեց հոր մաիհց հետո, մելիքական աթոռի օրինական ժառանգորդ, միահորածին ավագ եղբոր՝ Մելիք-Ջումշուդի փոխարեն։ Ավետարանոցի այս երեք (Ավետարանոցի առաջին մելիքական ապարանք, Ավետարանոցի երկրորդ մելիքական ապարանք, Ավետարանոցի երրորդ մելիքական ապարանք) ապարանքները հետաքրքիր ճակատագիր են ունեցել նաև հետագայում չնայած գտնվել են բարեշեն գյուղում, 1826 թվականին հանգամանքների բերումով ավերվել պարսիկների ձեռքով։

Սակայն Մելիք-Շահնազարի օժանդակությամբ կառուցված ապարանքը, այնուամենայնիվ քիչ է տուժել պարսիկների ավերմունքից և իր կիսավեր ու ամբողջական շինություններով հասել է մեր օրերը։ Այսպիսով պարզվում է, որ մինչև այժմ հայտնի մեկ կամ երկու գլխատնավոր ապարանքների կողքին Ավետարանոցի այս մելիքական տունը յուրահատուկ է եղել իր երեք գլխատնով, որոնցից մեզ հասած երկուսը, և հատկապես՝ միակ ամբողջականը, նույնպես խիստ ինքնատիպ են։

Դրանք ամենախոշորն են նմանօրինակների մեջ (հատակագծում ներքուստ՝ 7,65x7,65 մ), մեկական արտաքին մուտք ունեն արևելյան ճակատապատի մեջ և հաղորդակցվում են կամաարակապ լայն դռան միջոցով։ Գլխատնից հարավայինը կանգուն է և ունի քարաշեն, գոցվող թաղերով կազմված երդկավոր գմբեթածածկ, իսկ երկրորդի նույնապիսի ծածկը փլվել ու թափվել ք ներս՝ մինչև թաղերից պահպանված ստորին շարքերը։ Ընդ որում հատկանշական է, որ մուտքից դիտվող երեք պատերում այդպիսով ստեղծված գրեթե անընդհատ կամարաշարք ոչ միայն ներքին տարածքի ընդաձակության պատրանք է ստեղծում, այլև՝ երդիկալույսի ներքո խորն ստվերներ ձգելով, պատերից ասես անջատում-թեթևացնում է գմբեթածածկի ցածրամած ու միապաղաղ գոցվող թաղերի տեսողական ծանրությանը։ Գլխատան մասը աննախադեպ խոշոր չափեր ունի՝ 2,1 մ բացվածք և 1,7 մ խորություն։ Ապարանքը հիմնականում կառուցված է սպիտակավուն գույնի կոպտատաշ որձաքարից, սրբատաշ են միայն մուտքերի և խորշերի եզրամասերն ու կամարները։ Կանգուն գլխատան ներսում պատերի ու գմբեթաթաղի քարերը ծխից սևացել են, երդիկանցը փոքր-ինչ քանդվել-լայնացել է։ Պատերի ու պարիսպի հաստությունը 1,2 մ է, զույգ բուխարիների մասում՝ 2,2մ։ Ավետարանոցի պալատական համալիրը բնաագավառի պատմության մեջ մեծ ճանաչողական արժեք է ոչ միայն երեք ապարանքներից բաղկացած իր եզակի կազմով, այլև դրանցից մեկի մեջ հազվագյուտ երկու, իսկ մյուսում՝ աննախադեպ երեք գլխատների առկայությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «աղբյուր՝ Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները գրքի 91-Ից 95-րդ էջերը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.