Jump to content

Ավազաբլրի աստված-կայսրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավազաբլրի աստված-կայսրը
անգլ.՝ God Emperor of Dune[1] և ճապ.՝ デューン砂漠の神皇帝
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտական ֆանտաստիկա
Ձևվեպ
ՀեղինակՖրենկ Հերբերտ[1]
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ԿերպարներLeto II Atreides? և Duncan Idaho?
Կազմի հեղինակBrad Holland?
ՀրատարակչությունG. P. Putnam's Sons
Հրատարակվել էմայիս 1981[1]
ՇարքԱվազաբլրի ժամանակագրությունը
ՆախորդԱվազաբլրի երեխաները
ՀաջորդԱվազաբլրի հերետիկոսները

«Ավազաբլրի աստված-կայսրը»[2] (անգլ.՝ God Emperor of Dune), Ֆրենկ Հերբերտի չորրորդ գիրքը Ավազաբլրի աշխարհի մասին։ Հրատարակվել է անգլերեն 1981 թվականի մայիսի 28-ին[3]։

Բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լետո Ատրեյդես 2-րդ
  • Մոնեո Ատրեյդես
  • Սիոնա Ատրեյդես
  • Դունկան Այդաhոյի գհոլաներ
  • Խվի Նորի

Հայտնի Տիեզերքը Լետո 2-րդի կառավարման օրոք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր իրադարձությունները հիմնականում ծավալվում են ժամանակին անապատային, ջրից և բուսականությունից զուրկ Արակիս մոլորակում, որն այժմ պատված է լճերի և գետերի խիտ ցանցով, ունի առատ բուսական աշխարհ և մեծաքանակ բնակչություն։ Այս մոլորակ է տեղափոխվել Հայտնի Տիեզերքի մայրաքաղաքը, որը Շադդամ 4-րդի ժամանակ տեղակայված էր Կայտայն մոլորակում։

Հայտնի Տիեզերքում վերջին երեք հազարամյակների ընթացքում կառավարում է Լետո 2-րդ Ատրեյդեսը` Պոլ Ատրեյդեսի և Չանիի որդին, որը մի դարի ընթացքում կորցրել է իր մարդկային կերպարանքը և գրեթե վերածվել ավազային որդի` Շաի-Հուլուդի։ Նա մարդկային քաղաքակրթությունը տանում է «Ոսկե շավիղով» (կամ «Ոսկե ճանապարհով»)` մարդկության մի ուղեցույցով, որը կիրառական է ինչպես հասարակության, այնպես էլ անհատի պարագայում։ Դրան հետևելով՝ որոշակի տևական ժամանակ անց` հեռու ապագայում, մարդկությունը կկարողանա հասնել հասարակության և անհատի կատարելության միանգամայն նոր ձևերի։

«Ոսկե ճանապարհ»-ում կարևոր փուլ է «Լետոյի խաղաղությունը», ըստ որի` մարդկության մի քանի հազարամյակների ընթացքում աստված-կայսեր իշխանությամբ ընկղմված է լինելու ստիպողական կատարյալ խաղաղության և հանգստության վիճակի մեջ, որը դառնալու է պատմությանը հայտնի ամենախորը լճացումը։

Այնուհետև` Լետոյի մահից հետո, պետք է տեղի ունենան պատերազմներ, սոցիալական ցնցումներ, աղետներ, համընդհանուր գաղթ, որոնց ժամանակ մարդկությունը կտարաբնակվի հեռավոր մոլորակներում և հազար տարի անց կգերակշռի Հին Կայսրության բնակչության քանակը։ Մարդկային մշակույթների միջև եղած տարբերությունները կանցնեն հնարավոր սահմանները։ Ապագայում այդ գործընթացը կկոչվի «Սփռում»։

Այս իրադարձությունները, ինչպես կանխատեսել էր Լեոն, պետք է սկզբնավորեն նոր հասարակություն` զարգացման և ինքնակատարելագործման նոր մոդելով, որի շնորհիվ մարդկությունը ապագայում կկարողանա հասնել էական առաջընթացի և բարեկեցության։ «Ոսկե ճանապարհ»-ի հիմնական կողմերից էր նրա անդառնալիությունը, հետընթացի անհնարինությունը` սկսված առաջընթացի դեպքում։

Տիեզերքի բոլոր մոլորակներում պահպանվում է խաղաղություն և հանգստություն։ Բացահայտ դժգոհությունների և ըմբոստությունների դեպքում անհապաղ այնտեղ է ուղարկվում Ասուն Ձկների ջոկատ, որը ճնշում է անկարգությունը։ Ասուն Ձկների շրջանում տարածված է Աստված-Լետոյի պաշտամունքը։ Հարյուրամյակներ շարունակ նրանց ղեկավարում են Դունկան Այդահոյի կլոնները (գհոլաները)։

Բոլոր հաշվիչ սարքերը` բացի պարզագույն հաշվիչներից, Բատլերիանական Ջիհադի ժամանակներից մինչ օրս արգելված են, սակայն ինքը Լետոն չի ճնշում նմանատիպ մշակումները և գաղտնի օգտվում է դրանցից։

Քանի որ Արրակիսի կլիմայի փոփոխության ժամանակից ի վեր բոլոր ավազային որդերը մահացել են, ամոքանքի արդյունահանումը դադարեցված է։ Մելանժի խոշորագույն պաշարները պահպանվում են Լետո 2-րդ կայսեր գաղտնավայրերում, որոնց գտնվելու վայրը միայն նա գիտի։ Լետո 2-րդի իշխանությունը հիմնվում է նրա խիստ վերահսկողության վրա. տարաբնույթ կազմակերպություններին ծայրահեղ անհրաժեշտ նյութը տրվում է միայն սահմանափակ քանակությամբ և Աստված-կայսերը բացարձակապես հնազանդվելու պայմանով։ Որպես պարգևատրում` ամոքանքի քանակը կարող է մեծանալ, իսկ պատժի ժամանակ` ընդհանրապես չեղարկվել։ Ամոքանքի արժեքը աննախադեպ բարձրացել է. նրա մի փոքր ճամպրուկն արժե մի ամբողջ մոլորակ։

Բացի այդ, հազարամյակների ընթացքում Լետո 2-րդն անցկացնում է իր սեփական ընտրասերման ծրագիրը, որի համար սկզբնական «հումք» են հանդիսացել իր քույր Հանիման և Ֆարադ'ն Կորրինոն։ Ընտրասերման ծրագրի արդյունքը դարձան նրանց սերունդները, որոնք ամբողջապես անտեսանելի էին իրենց նախատիպերի համար[4]։

Գործողությունները սկսվում են Լետո Ատրեյդես 2-րդի մահից հազարամյակ անց՝ հնագետների ժողովից։ Հավաքվածները քննարկում են վերջին ժամանակներում գտնված իրը` պահեստարանը, որտեղ պահված են Վլադիկ Լետո Աստված-կայսեր օրագրերը, որոնք տպագրվել են իկսիանյան թելադրողի կողմից[5]։ Նախկինում հետազոտողների մոտ օրագրի միայն մի քանի գլուխներ կային, որոնք ժամանակին գողացել էր Սիոնան։ Այնուհետև հնագետ-հետազոտողները սկսում են ծանոթանալ օրագրերի թարգմանված և ապակոդավորված բովանդակությանը։

Սիոնա Ատրեյդես կայսեր կառավարման վերջին տարիներին Լետոյի համար անտեսանելի առաջին մարդը դավեր է նյութում և փորձում գահընկեց անել Աստված-կայսերը։ Մի անգամ նրա խմբին հաջողվում է գողանալ Լետոյի օրագրի մի քանի հատոր։ Այնուամենայնիվ, հետդարձի ճանապարհին գողության բոլոր մասնակիցները մահանում են Արգելված անտառում իրենց հետևող Դ-գայլերի պատճառով[6]։ Միայն Սիոնային է հաջողվում փախչել։

Հետագայում կայսերը դավաճանած Դունկան Այդահոյի կլոնի շնորհիվ նրա կազմակերպած դավադրությունը հաջողվում է, ինչի հետևանքով Լետոն հայտնվում է գետում։ Ավազե ձուկը, որը մինչ այդ նրա մարմնի մի մասն էր կազմում, զգալով ջուրը՝ լքում է կայսեր մարմինը, որի պատճառով էլ նա մահանում է։ Մահից առաջ Լետոն հայտնում է Դունկանին իր ամոքանքի գաղտնի պաշարների պահպանման վայրը։ Դրա շնորհիվ Սիոնան և Դունկանը դառնում են կայսերական գահի ժառանգորդները։ Ասուն Ձկները նույնպես հետևում են Դունկանին։

Ազատված ավազե կարմրախայտը, ջուր կլանելով և բազմանալով, ոչնչացնում է Ռակիս մոլորակի ողջ էկոհամակարգը։ Բնակչության մեծամասնությունը մահանում է ջրի սակավությունից։ Ավազե որդերը վերածնվում են, և նրանցից յուրաքանչյուրը պահպանում է Լետո 2-րդի թաքնված հիշողությունը։

Գիրքն ավարտվում է Հադի Բենոտի գաղտնի ռեզյումեից քաղվածքով, որի մեջ նա կոչ է անում հրատարակել գտնված գրությունները։ Ընդ որում, հրաժարվելու պարագայում նրանք` Փոքրամասնությունը, առհավետ կլքեն մարդկությանը հարազատ տիեզերքը, և նրանց անհնար կլինի որոնել[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. Երկու հեղինակային թարգմանություններում գրքի անվանումը թարգմանվում է որպես «Ավազաբլրի Աստված-կայսրը», սակայն Ա. Բիրգերի որոշ տպագրություններում հանդիպում է նաև «Աստված կայսրը» ձևը։
  3. «20th-Century American Bestsellers». The Bowker Annual/Publishers Weekly. LIS.Illinois.edu. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 5-ին.
  4. Ինչպես Լետոն, այնպես էլ Տիեզերական գիլդիայի ծովագնացները կարողանում էին տեսնել ապագայի հնարավոր տարբերակները և տեսնել ներկան տարածության միջով
  5. Այն հատուկ սարքավորում է, որը ձայնագրում է նրա վրա գրանցված մարդու մտքերը։ Այն գաղտնարանում պահպանվող կրիչների վրա մշտապես ձայնագրել է Լետոյի բոլոր մտքերը
  6. Գայլի գենետիկական մոդիֆիկացիա։ Դ-գայլերը պաշտպանում են Լետոյի ամրոցի մոտակայքը։
  7. Այս կերպ Փոքրամասնության ներկայացուցիչները հանդիսանում են Սիոնայի և Դունկանի ժառանգորդները

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Touponce, William F. (1988), Frank Herbert, Boston, Massachusetts: Twayne Publishers imprint, G. K. Hall & Co, ISBN 0-8057-7514-5, PS3558.E63Z89

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]