Ապրանքագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ապրանքագիտություն գիտություն, որ զբաղվում է ապրանքների (արտադրության միջոցների և անձնական սպառման առարկաների) սպառողական արժեքների ուսումնասիրությամբ։ Ապրանքագիտություն ուսումնասիրում է ապրանքի որակի ապահովման և պահպանման հետ կապված այնպիսի գործոններ ու խնդիրներ, ինչպես հումքը, տեխնոլոգիան, էսթետիկական, առողջապահական, կառուցվածքային, ֆիզիկա-մեխանիկական, քիմիական բազմակողմանիորեն օգտագործելու հատկությունները, նորոգելիությունը, կոմպլեկտայնությունը, ասորտիմենտայնությունը, փաթեթավորման, տեղափոխման, պահպանելիության հնարավորությունները ևն։ Մարդիկ միշտ զբաղվել են շրջապատող բնության առարկաների օգտակար հատկությունների բացահայտման հարցերով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սակայն Ապրանքագիտություն որպես գիտություն սկսել է ձևավորվել XVI դար, կապիտալիզմի ծագման արշալույսին և մինչև XIX դարի վերջը հիմնականում կրում էր նկարագրական բնույթ։ Բնութագրվում էին ապրանքների արտաքին և կառուցվածքային հատկանիշները, տրվում էր դրանց դասակարգումը՝ հիմք ընդունելով ելանյութը, նշում նպատակային օգտագործումը։ Ապրանքները որպես սպառողական արժեքներ բնութագրելիս ելնում են դրանց քիմիական, ֆիզիկական, կենսաբանական հատկություններից։ Այս տեսակետից ապրանքագիտություն սերտորեն կապված է մի շարք գիտությունների, հատկապես՝ ֆիզիկայի, քիմիայիյի, կենսաբանության, տեխնոլոգիայի, բույսերի և կենդանիների ֆիզիոլոգիայի, մեքենագիտության, նյութերի դիմադրության, առևտրի էկոնոմիկայի և կազմակերպման, տնտեսական աշխարհագրության, վիճակագրության հետ և օգտագործում է դրանց նվաճումները։

Հիմնախնդիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրանքագիտություն հնարավորություն է տալիս ճիշտ ուսումնասիրել բնակչության սպառողական պահանջարկը և հիմնավորված պատվեր ներկայացնել արտադրությանը, որի հիման վրա կազմվում են արտադրական ծրագրերը, նպաստում է շրջանառության ոլորտում նոր տեսակի ապրանքների ներգրավմանը, նշում անհրաժեշտ պայմաններ ապրանքաշարժման և իրացման ժամանակ ապրանքների ֆիզիկա-քիմիական հատկությունների պահպանման համար։ Ապրանքագիտություն բաժանվում է երկու մասի՝ պարենային և արդյունաբերական ապրանքների ապրանքագիտություն։ Դրանք իրենց հերթին բաղկացած են ապրանքների խմբերից և ենթախմբերից։ Պարենային ապրանքների մեջ մտնում են՝ հացը և հացամթերքները, միսu և երշիկեղենը, ճարպերը, բանջարեղենը, կաթը և կաթնամթերքը են։ Արդյունաբերական ապրանքները ընդգրկում են հետևյալ հիմնական խմբերը՝ գործվածքեղենը, կարի արտադրանքը, տրիկոտաժը, կոշկեղենը, գալանտերեան, շինանյութերը, էլեկտրաապրանքները։ Ապրանքների որակի, տեսակայնության, ստանդարտների պահանջներին, տեխնիկական պայմաններին, նմուշներին համապատասխանության որոշման համար ապրանքագիտություն օգտվում է հետազոտման օրգանոլեպտիկ և լաբորատոր եղանակներից։ Ապրանքների որակի որոշման օրգանոլեպտիկ եղանակը հենվում է գլխավորապես ապրանքների արտաքին հատկանիշների՝ գույնի, հոտի, համի, ձայնի, նախշազարդման, ձևի ևն վրա։ Ապրանքների որակի գնահատականը տրվում է մարդու զգայական օրգանների օգնությամբ։ Ընդ որում, մի շարք պարենային ե ոչ պարենային ապրանքների համար այս մեթոդը միակ հնարավորը ե որոշիչն է։ Ապրանքների որակի գնահատման լաբորատոր եղանակն ընդգրկում է քիմիական, ֆիզիկա-մեխանիկական, մանրադիտակային, մանրէաբանական վերլուծությունները, օգտագործում են տարբեր ռեակտիվներ, սարքեր, գործիքներ։ Ապրանքագիտություն ապրանքներն ըստ նշանակության դասակարգում է արդյունաբերական և սննդային ապրանքների, որոնցից առաջինը բաժանում է 24, իսկ երկրորդը՝ 11 խմբի։ Ապրանքագիտություն որոշում է նաև ապրանքների անվանացանկը (ասորտիմենտ) ըստ ձևի, չափի, գույնի, նրբերանգների, տեսակայնության և այլ հատկանիշների։ Ապրանքագիտության կարևոր խնդիրներից է նաև արտիկուլը (արտադրանքին տրվող մշտական կամ ժամանակավոր պայմանական տարբերանշումը)։ Արտիկուլավորումը հեշտացնում է ապրանքների խմբավորումը, առևտրական գործարքները, ապրանքների հետազոտումը, պահանջարկի ուսումնասիրությունը, արդյունաբերությանը պատվերներ ներկայացնելու և ապրանքննը ներկրելու պրոցեսները, գնացուցակներ կազմելը, պահեստային տնտեսության արդյունավետ օգտագործումը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրանքագետների կադրեր ՍՍՀՄ-ում պատրաստում են 13 բուհերում։ ՀՍՍՀ-ում ապրանքագիտություն առարկան դասավանդվում է Երևանի պետական համալսարանում, 1930-ից։ 1954-ին այստեղ ստեղծվեց առևտրի էկոնոմիկայի և ապրանքագիտության ամբիոն, իսկ 1963-ի դեկտեմբերին ապրանքագիտության և առևտրի էկոնոմիկայի ֆակուլտետ՝ ապրանքագիտության և առևտրի էկոնոմիկայի ամբիոններով։ Գյուղական առևտրի ցանցի համար ապրանքագետների կադրեր է պատրաստում Մոսկվայի կոոպերատիվ ինստ-ի Երևանի մասնաճյուղը։ Ապրանտագետ-տեխնիկների պատրաստում են Երևանի կոոպերատիվ, առևտրի և Կիրովականի առևտրի տեխնիկումներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png