Անկշռություն
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |

Անկշռություն, նյութական մարմնի այնպիսի վիճակ, երբ նրա վրա ազդող արտաքին ուժերը հավասարակշռում են իրար կամ բացակայում են, և կամ այդ մարմինը շարժվում է ազատ անկման արագացմամբ. այդ դեպքերում մարմինը կորցնում է կշիռը։
Տիեզերքում յուրաքանչյուր առարկա անկանոն լողում է տարածության մեջ, քանի որ այնտեղ ձգողության ուժը շատ չնչին է, այսինքն՝ գրեթե բացակայում է։ Բոլոր առարկաները դառնում են անկշիռ։ Անկշռության պայմաններում տիեզերագնացներից ոմանց ինքնազգացողությունը լավ է՝ արտակարգ ուրախ և թեթև, մյուսներինը՝ վատ, ասես անընդհատ անկման մեջ լինեն։
Սիրտն աշխատում է ավելի փոքր ծանրաբեռնվածությամբ՝ մղելով անկշիռ արյուն։ Այն հորդում է դեպի գլուխը, և մարդուն թվում է, թե իրեն գլխիվայր են շրջել։ Առանց ծանրաբեռնվածության, մկանները թուլանում են, փոքրանում են ոսկրերի չափերն ու ամրությունը։ Գիտնականները պայքարում են անկշռության վնասակար ազդեցության դեմ։ Տիեզերանավերում և ուղեծրային կայաններում ստեղծում են շարժվող վազքուղիներ, որպեսզի տիեզերագնացները կարողանան մարզել իրենց մկանները։ Փորձ է արվում ստեղծել հատուկ սարքեր, որոնցով այդ պայմաններում հնարավոր լինի ձգողականության (գրավիտացիոն) դաշտ ստեղծել։ Տիեզերագնացներին հագցնում են նաև ծանրացված կամ մկանների վրա հատուկ ճնշում գործադրող համազգեստներ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 421)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անկշռություն» հոդվածին։ |
| ||||||