Անդրանիկ Մանուկյան (երաժիշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրանիկ Մանուկյան (այլ կիրառումներ)
Անդրանիկ Մանուկյան
Ծնվել էմայիսի 1, 1967(1967-05-01) (56 տարեկան)
Ներքին Բազմաբերդ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ

Անդրանիկ Քյարամի Մանուկյան (մայիսի 1, 1967(1967-05-01), Ներքին Բազմաբերդ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազգային, հասարակական, մշակութային գործիչ, «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար[1]։

Աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Մանուկյանը ծնվել է 1967 թ.-ին։ Արմատներով Արևմտյան Հայաստանից է։ Գերդաստանն ապրում էր Սասնա Բսանաց գավառի ՙԿորտեր՚ գյուղում։ Հայրական կողմը Սասնո Կորթեր գյուղից էր, մայրականը՝ Մշո Բլանուխից։ Սասունում նրանց ցեղին անվանում էին ՙԿարմիր Երիցի տուն։ Այս ցեղից էր հայերի պարծանք  առաջին ֆիդայի Արաբոն։ 1915 թ.-ի ցեղասպանությունից հետո, Անդրանիկ Մանուկյանի նախնիները մազապուրծ եղած այլ հայերի հետ տեղափոխվել են Արևելյան Հայաստան ու բնակություն հաստատել ներկայիս Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում, որտեղ էլ տարիներ անց ծնվել է Անդրանկ Մանուկյանը։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ 1975 թ.-ին 8 տարեկանում առաջին անգամ նկարահանվել է ՙԳորանի՚ վավերագրական ֆիլմում։ Դա առաջին ֆիլմն էր, որ խորհրդային տարիներին ցուցադրվեց հանրային հեռուստատեսությամբ և որում առաջին անգամ հնչեցին ազգային - ազատագրական երգեր։ 1980 թ.-ից մասնակցել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանում անցկացվող, արդեն ավանդական դարձած փառատոնների և տարիներ շարունակ արժանացել առաջին կարգի մրցանակների ու դափնիների։ 1985 թ.-ին զորակոչվել է Խորհրդային բանակ։ Երկու տարի Բաշկիրիայում ծառայելուց հետո վերադարձել է Հայաստան, հաջողությամբ ավարտել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժինը։ 1987 թ.-ին Մոսկվայում արժանացել է Ժողարվեստի համամիութենական երկրորդ փառատոնի դափնեկրի մեդալի։

1988 թ.-ին Երևանի Պետական Ճարտարագիտական համալսարանում ստեղծել է ՙՍասուն՚ ազգային երգի – պարի համույթը։ Երկու տարի անց ընդունվել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի քահանայից լսարան, ձեռնադրվել բարեշնորհ սարկավագ։ Հոգևոր ծառայության է անցել Արագածոտնի մարզի Թալին համայնքի Ս.Աստվածածին եկեղեցում։ 2005 թ.-ին ծառայությունը շարունակել է Արագածոտնի մարզի Օշականի Ս.Մեսրոպ Մաշտոց եկեղեցում որտեղ էլ հիմնադրել է Օշական համույթ - երգչախումբը։ Մեկ տարի անց Աշտարակ քաղաքի մանկապատանեկան ստեղծագործության տանը հիմնել է ՙԱնդրանիկ երգի – պարի համույթը։ Միաժամանակ նաև Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանում ստեղծել ՙՍասուն՚ մանկական ազգային երգի – պարի համույթը։ Իր նախաձեռնությամբ նկարահանվել են ազգային ծեսերը պատկերող Զատիկ, Վարդավառ, Վարդանանք, Տարոն աշխարհի հարսանեկան ծես, Դրդո, Տեր ողորմեա ֆիլմերը և Բարեշնորհ հայ, Հայոց աշխարհ, Նարոտ - կար, Ողջույն տվեք, Արաբո, տեսաերիզները, նաև լույս են տեսել Լիլի, Սասնո տղա, Սասուն և Ցորեն - Գարի ձայնասկավառակները։

2013 թվականին Գարեգին Առաքելյանի հետ հիմնել է Գաթա Բենդ խումբը։ Հարուստ մշակութային կենսագրության ընթացքում իրականացրել է բազում այլ ծրագրեր և ստեղծել հայոց ազգային ծեսերը, երգերն ու պարերն անթերի ներկայացնող ֆիլմեր, տեսահոլովակներ, տեսաերիզներ ու ձայնասկավառակներ։

2017 թվականին պարգևատրվել է ՀՀ Երախտագիտության մեդալով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Narot karot https://www.facebook.com/NarotKarot/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, 2017 թիվ, Մայիսի 24, Երևան, ՆՀ- 438 -Ա

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]