Անապատ (մենաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Անապատ (համալիր)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անապատ (այլ կիրառումներ)
Գեղարդի վանքի ժայռափոր ճգնարաններից մեկը

Անապատ, հասարակությունից և բնակավայրերից մեկուսացած քրիստոնյա ճգնավորների մենաստան։ Առաջին անապատները ստեղծվել են III դ., Եգիպտոսում և տարածվել այլ երկրներում, վաղ միջնադարում՝ նաև Հայաստանում։ Ներսես Ա Մեծ կաթողիկոսը IV դ. Հայաստանի անապատականներին հավաքել է առանձին համալիրներում՝ օժտելով այդ անապատները հատուկ կանոնադրությամբ, որը նպաստել է երկրում անապատական տարերային շարժումը կազմակերպված, ազգօգուտ և եկեղեցաշեն հաստատությունների վերածելուն։ Այս անապատների հիմքի վրա զարգացել են հայկական վանքերը, որոնք միջնադարյան Հայաստանում ոչ միայն զորացրել են քրիստոնեական հավատքը, այլև դարձել հայ մշակույթի զարգացման ու պահպանման կենտրոններ։ Անապատական շարժումը Հայաստանում մեծ վերելք է ապրել XVII դ. 1-ին կեսին, երբ Սյունյաց Մեծ անապատից ելած գործիչները երկրի տարբեր նահանգներում ստեղծել են բազմաթիվ նոր անապատներ, Վասպուրականում՝ Լիմ անապատը, Կտուց անապատը, Արցախում՝ Չարեքա անապատը, Սյունիքում՝ Տանձափարախը և Տաթևի Մեծ անապատը, Այրարատում՝ Երևանի Ս. Անանիա առաքյալ անապատը և այլն։ Անապատի համալիրը շրջապատող պարսպի պարագծով կից կառուցում էին խցերը և տնտեսական շինությունները, իսկ բակի մեջտեղում տեղադրվում էր անապատի միակ եկեղեցին։ Հայաստանի անապատները երբեք չեն եղել զուտ ճգնավորական (տես Ճգնավորություն) հաստատություններ, դրանք հայ մշակույթի զարգացման կենտրոններ էին, իսկ անապատականները դարձել են նաև բարոյական մաքրության տիպարներ ու ազգ-եկեղեցական առաջնորդներ (տես նաև Անապատականություն

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 367