Անակնկալ հանդիպում Պետրոպավլովյան ամրոցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անակնկալ հանդիպում Պետրոպավլովյան ամրոցում
Ժանրնովել
Ձևչափածո
Բնագիր լեզուարևելահայերեն
Գրվել է1929
ԿերպարներՉարենց, Նալբանդյան
Շարք«Էպիքական լուսաբաց» ժողովածու

Անակնկալ հանդիպում Պետրոպավլովյան ամրոցում, հայ գրող Եղիշե Չարենցի 1929 թվականին գրած չափածո նովել, որը զետեղվել է «Էպիքական լուսաբաց» ժողովածուի «Չափածո նովելներ» խորագրով բաժնում։

Ստեղծման շարժառիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականի հոկտեմբերին գործուղումով Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) եղած օրերին Չարենցը գրում է մի շարք գործեր, որոնք «Լենիգրադյան ցիկլից» ընդհանուր խորագրով տպագրվում են նախ «Նոր ուղի» հանդեսում (1929 թվական), ապա՝ «Էպիքական լուսաբաց» ժողովածուում։ Դրանցից մեկն էլ «Անակնկալ հանդիպում Պետրոպավլովյան ամրոցում» գործն է, որ ժողովածուի մեջ զետեղվել է «Չափածո նովելներ» խորագրով բաժնում։ Չարենցը Լենինգրադում շրջագայության օրերին եղել է նաև հայտնի Պետրոպավլովյան ամրոցում, որ մի ժամանակ եղել է բանտ, հատկապես քաղաքական բանտարկյալների համար՝ դեկաբրիստներից մինչև հեղափոխական դեմոկրատները։ Այնտեղ երեք տարի բանտային խիստ պայմաններում մեկուսացված է եղել նաև Միքայել Նալբանդյանը։ Ամրոցի տարբեր շենքերում ու անգամ բակում շրջագայելիս Չարենցը մտովի պատկերացրել է նրանց («Տեսլանում է ահա մարտիրոսների դեմ՝// Եղերական ու սուրբ կերպարանքով», «Ուրուների նման արնակարմիր ու վեհ»), խորհել է նրանց մասին, և ահա, երբ ամրոցի այցելուներն արդեն հեռացել էին, վերջինը՝ մտքերով տարված բանաստեղծն է ամայի բակում («շուրջս մութն է արդեն ու ամայի»), ակամա հայտնվում է այս տեսիլը[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անակնկալ հանդիպում Պետրոպավլովյան ամրոցում» չափածո նովել անվանյալ ստեղծագործության մեջ Չարենցը կերտում է հայ գրող Միքայել Նալբանդյանի կերպարը բոլորովին ինքնօրինակ մի եղանակով՝ ներկայացնելով տեսիլայի եղանակով, որ պատկերանում է իբրև «անակնկալ հանդիպում»։

Հեղինակը ներկայացնում է այդ կարճատև հանդիպումը՝ ընդամենը 23 տողերի մեջ նկարագրված, բայց այնքան տեսանելի, այնքան կենդանի մի եղանակով, որ խորապես տպավորվում է, կարելի է ասել, որ նկարվում է ընթերցողի «ուղեղի պաստառին»։ Ասել է՝ մենք գործ ունենք դարձյալ տպավորիչ մի դիմանկարի հետ, Միքայել Նալբանդյանի դիմանկարի, բայց այս անգամ նա մենակ չէ, նրա հետ նաև «նկարիչն» է՝ բանաստեղծ Չարենցը։ Թեև իրականում նրանք չեն հանդիպել, սակայն Չարենցը մտովի վերադառնում է այն ժամանակաշրջանը, երբ կենդանի էր հախուռն բանաստեղծ Նալբանդյանը, և ահա պատկերանում է անակնկալ հանդիպումը, որին ակնթարթորեն հաջորդում է բաժանումը։

Միքայել Նալբանդյանը մեր աչքի առջև հառնում է դեմքի հստակ նկարագրությամբ՝ սև աչքեր, բակենբարդներ, փոքրիկ մորուս, և կանգնում է հասակի գեղեցկությամբ, կեցվածքով (բարձրահասակ, ջղուտ)։ Չարենցը, որ կարճահասակ է, «ներքևից» է նայում («Ետ եմ նայում, վերև»), իսկ Նալբանդյանը՝ «վերևից» («Թեքված ուսիս»), դեմքի որոշակի արտահայտությամբ («վշտանման ժպիտ մի աչքերում»), սևեռուն նայվածքով («նայում է՝ հայացքն հառած)։

«Վշտանման ժպիտը» հուշում է, որ վրդովված է Նալբանդյանը, անդորրյալ վիճակում չէ հոգին։ Նրան, որ խոսել էր ժողովրդի անունից, օգնել ամեն կերպ, մոռացել էին («Ի՜նչ է, չե՜ք մտաբերում» (երկարացման նշանները պարսավանքի հուզարտահայտչական երանգ ունեն)։ Հերոսի խոսքերը հուշում են, որ նա հավատով է լցված եղել իր գործի, բռնության դեմ իր պայքարի, իր ըմբոստ երգերի, մաքառումով անցած իր ուղու հանդեպ ու նաև հպարտ է («և պարծանքով կասեմ»), որ գաղափարակիցն ու բարեկամն է եղել ռուս հայտնի հեղափոխական դեմոկրատների հետ՝ Գերցենի, Օգարևի, Չերնիշևսկու («որին Մարքսն է մի օր անվանել մեծ»)[2]։ Հետաքրքրական է հեղինակի, որ նաև հերոսն է, մտորումները։ Մինչ նա ցանկանում էր հասկանալ՝ որտեղ է տեսել այդ մարդուն, Նալբանդյանը հուշում է իր ով լինելը։ Մոլորված բանաստեղծը, արդեն ճանաչելով Նալբանդյանին, ուզում է գրկել, սակայն պայքարի երգիչը ողջունում է ու հեռանում։ Ըստ երևույթին՝ Չարենցը Նալբանդյանի կերպարով արտահայտում է իր դժգոհությունը նոր սերունդների, առհասարակ իր ժամանկներում ապրած մարդկանց անտարբերության նկատմամբ, որոնք, ցավոք, շուտ են մոռանում նրանց, ովքեր կյանքի գնով լուսավորում, ազատության շեփորի ձայնը լսելի էին դարձնում մարդկանց։ Նման անձնվեր մարդին ըստ արժանվույն չեն գնահատվում։ Սա Չարեցի փորձն էր անդրադարձ կատարել ոչ հեռավոր անցյալի նշանավոր մի անձի՝ Նալբանդյանին՝ նրա կատարած վիթխարի աշխատանքը վերարժևորելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Չարենցյան ընթերցումներ 10, հոդվածների ժողովածու (2017). Վազգեն Գաբրիելյան, Դիմանկարի բանաստեղծությամբ. Երևան: ԵՊՀ հրատարակչություն. էջեր էջ 37-41.{{cite book}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. «Անակնկալ հանդիպում Պետրոպավլովյան ամրոցում — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2023 թ․ մարտի 19-ին.