Աղ (քրիստոնեություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աղ (եկեղեցի)ից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղ (այլ կիրառումներ)

Աղ, անարյուն զոհաբերության նյութ կամ ընծա, որ կիրառվում է եկեղեցիներում։ Հոգևոր առումով ունի մաքրագործիչ, պահպանիչ և զորացուցիչ նշանակություն։ Ավանդված է դեռևս Հին կտակարանից, մովսիսական օրենքով. «Ձեր ամեն մի զոհաբերությունը Տիրոջը թող աղով աղվի. ձեր զոհաբերություններից չպակասեցնեք Աստծու ուխտի աղը. բոլոր զոհաբերությունների ժամանակ ա՛ղ մատուցեցեք» ։ Աղ մատուցվում էր մյուս անարյուն զոհաբերությունների՝ ալյուրի, ձեթի, խունկի, ցորենի և այլ ընծայաբերումների շարքում, որպես երախայրիք Աստծո սեղանին կամ եկեղեցուն։ Նոր կտակարանում Աղի խորհրդաբանությունը կապվում է առաքյալների և առհասարակ հավատացյալ մարդու հետ, ինչպես հավաստում է տերունական խոսքը. «Դո՛ւք եք երկրի աղը...»։ Աղ օգտագործվում է մատաղի ժամանակ։

Աղօրհնեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղօրհնեք, Հայ եկեղեցում ընդունված խորհրդապաշտական արարողություն։ Ըստ Սահակ Ա Պարթևի եկեղեցական կանոնների և Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրականի», Աղի օրհնությունը հաստատել է Գրիգոր Ա Լուսավորիչը։ Օրհնված աղ զոհաբերվող (մատաղացու) կենդանուն տալով՝ վերացվում է նախնական մեղքը, քանզի Ադամի և Եվայի պատվիրանազանցության պատճառով անիծվել են իրենց հետ դրախտում եղած կենդանիները ևս, ինչպես նաև ողջ երկիրը։ Քահանայի օրհնած աղը, մաքրելով տվյալ կենդանուն, արժանի է դարձնում նվիրաբերելու Աստծուն։ Աղ օրհնվում է նաև Տնօրհնեքի (տես Հոգևոր բարեպաշտական արարողություններ հոդվածում) ժամանակ և այլ պարագաներում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC BY-SA icon 80x15.png