Աղվեսը (Հովհաննես Թումանյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Աղվեսը», Հովհաննես Թումանյանի մանկական բանաստեղծություններից է, որը գրվել է 1906 թվականին։

Աղվեսը
ԺանրՔնարական
ՁևԲանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուՀայերեն
Գրվել է1906թ.

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քաղցած աղվես է լինում, ով փնտրում էր մի խորոզ, որ ուտի։ Այդ աղվեսը դեղին մորթի ուներ և ծաղկանման պոչ։ Նա մոտեցել էր գյուղին ու պտտվում էր գյուղի շուրջ։ Աղվեսն ասում է պառավ տատին, որ չի վախենում նրա ձեռքի փայտից։ Իրեն հարկավոր էր մի թմբլիկ ճուտիկ, որովհետև քաղցած էր։ Աղվեսը գնացել, նստել էր խոտին ու աչքը գցել տատի խորոզին։ Դրանից հետո լսվեց տատի ձայնը, ով ասում էր, որ այդ անտեր աղվեսն իր գլխին մի մեծ փորձանք է բերել։ Նա տարել ու կերել էր տատի խորոզը, որը միշտ քայլում էր գոռոզ։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աղվես
  • Տատիկ

Գաղափարական վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադրության կտրուկ փոփոխությունը աշխույժ ու կենդանի պատկեր է ստեղծում։ Շա՜տ գրավիչ է միջնադարյան առակների «հերոս» աղվեսի փոքրիկ խորամանկությունները, ով ամեն դժվար իրավիճակից կարողանում է ճարպկորեն դուրս գալ իր հնարամտության շնորհիվ։ Աղվեսը հասնում է իր նպատակին, որից հետո լսվում է տատի գոռոցներն ու բացականչությունները։ Նույնիսկ գյուղի շները չեն կարողանում հասնել այդ արագավազ, ծաղկավոր պոչով աղվեսին[1]։

Թումանյանը մանկագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումանյանի քնարերգության մեջ մի շատ կարևոր բաժին է կազմում նրա մանկական բանաստեղծությունները։ Նա իր ժամանակին մեծ դեր կատարեց մայրենի լեզվի ուսուցման խնդրում իր «Լուսաբեր» դասագրքերով, հիմնականում որոնց համար էլ գրված են իր մանկական բանաստեղծությունների մեծ մասը։ Թումանյանը՝ որպես մանկական գրող, շարունակում է Աբովյանի, Պատկանյանի, Աղայանի սկսած գործը։ Բայց Թումանյանի կատարած աշխատանքը տարբերվում է Պատկանյանի ու Աղայանի կատարածից նրանով, որ վերջիններս մանկական բանաստեղծություններ են գրել նախադպրոցական տարիքի երեխաների համար, իսկ Թումանյանը գրեց ցածր դասարաններում սովորող երեխաների համար։ Նա գրականության մեջ նոր էջ է բացում երեխաների համար գրած իր բանաստեղծություններով, լեգենդներով ու հեքիաթներով։ Թումանյանը կարողանում է մանուկների աչքերով նայել կյանքին։ Նրա մանկական բանաստեղծություններում չեն հանդիպում այնպիսի շեղումներ, ինչպիսիք հանդիպում են Պատկանյանի ու Աղայանի մոտ։ Վերջինս մի անգամ երեխաներին կոչ է արել մասնակցել կաթողիկոսական ընտրություններին։ Թումանյանն իր մանկական բանաստեղծությունները գրելիս հաճախ է դիմել միջնադարյան կամ նոր ժամանակների ժողովրդական բանահյուսությանը։ Այդ բանաահյուսական նյութերի մեջ նա ընտրում է այնպիսիները, որոնք երգիծական բնույթ ունեն և կհետաքրքրեն երեխաներին։ Թումանյանի մանկական բանաստեղծությունները դասական գործեր են։ Բովանդակությունը միշտ մատչելի է, կան հուզականություն, գեղեցիկ ձև, տպավորիչ պատկերներ ու երաժշտական տողեր[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մկրյան, Մկրտիչ (1981). Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը. Երևան: Սովետական գրող. էջ 243.
  2. Մկրյան, Մկրտիչ (1981). Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը. Երևան: Սովետական գրող. էջեր 236–239.