Աղթամարի կռիվ (1904)
Աղթամարի կռիվ (1904), զինված բախում, տեղի Է ունեցել օգոստոսին հայ ֆիդայիների (Անդրանիկի գլխավորությամբ) և թուրքական կանոնավոր զորքերի միջև։ Սասունի ապստամբությունից (1904) և Մշո դաշտում մղած մի շարք կռիվներից հետո ֆիդայիները անցել են Վասպուրական, հասել Աղթամար կղզի։ Կայացել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀԴ կուսակցության Վասպուրականի պատասխանատու ներկայացուցիչներ Կոմսը և Իշխանը։ Քննարկվել է հայդուկների կրկին Տարոն վերադառնալու նպատակահարմարությունը և որոշվել է մի խումբ Գևորգ Չավուշի ղեկավարությամբ վերադարձնել Տարոն։ Թուրքերը հարձակում են ձեռնարկել և, ռումբեր արձակելով, երեք նավերով շարժվել դեպի կղզի։ Անդրանիկի կարգադրությամբ լավագույն նշանառուները դիրքավորվել են կղզու վերին մասում, հրացանակիրները՝ ներքևի, և երբ թշնամին գրեթե 1000 քայլի վրա էր, նշանառուները ռմբակոծել են նրանց։ Թուրքերը նահանջել են խուճապահար։ Կեսօրից հետո վերադարձել են նոր ուժերով, բայց հայդուկները, համատեղ կրակ բացելով, դարձյալ նրանց ստիպել են նահանջել։ Հաջորդ օրը թուրքական զորքը հարձակվել է տարբեր ուղղություններով, թնդանոթներից արձակած ռումբերը, սակայն, կղզի չեն հասել։ Ծանր կացության մեջ հայտնվելով (սպառվել էր զինապաշարը)՝ ֆիդայիները գաղտնի հեռացել են կղզուց և մեծ դժվարություններով անցել Վան։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարմարյան Ա., Զոր. Անդրանիկ և իր պատերազմները, ԿՊ, 1920։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |