Աղետի և տառապանքի աշխարհից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աղետի և տառապանքի աշխարհից, Բախշի Իշխանյանի 1915 թվականի գրած գիրքն է, որը գրել է նույն թվականի օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 8-ը Էջմիածին և Երևան կատարած ճանապարհորդության տպավորության ներքո;

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքույկը կարելի է բաժանել երեք պայմանական մասերի։ Առաջին մասում հեղինակը ականատեսի աչքերով ներկայացնում է թուրքական յաթաղանից մազապուրծ եղած հայ փախստականների սարսափելի վիճակը։ Երկրորդ մասում հեղինակը իր ունեցած տվյալների և հավաստի աղբյուրների հիման վրա կազմում է Էջմիածնի և Երևանի գաղթականների թվաքանակի և իր այցի ժամանակահատվածի ընթացքում մահացածների ցուցակներ։ Գրքույկի երրորդ հատվածում քննադատվում են հայ հասարակության այն շրջանակները, որոնց անկազմակերպ աշխատանքը, իսկ որոշ դեպքերում էլ՝ հայ փախստականներ հանդեպ ունեցած անտարբերությունը առաջացնում են հեղինակի անկեղծ զայրույթը[1]։

Քաղվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճեմարանի ձախ կողմը գտնվող զատ-զատ շինությունները դարձել են զանազան տեսակի հիվանդանոցներ փախստականների համար։ Անցնում ենք վանքի բակը. ընդարձակ տարածությունը ամբողջությամբ բռնված է փախստականներով. անգամ վանքի և վեհարանի պատերի տակ, մինչև միաբանների բնակարանների դռները, ամենուրեք շարված են փախստականները։ Ահա և Ներսիսյան լիճը, որի չորս բոլորը և նրանից հեռուն տարածվող անտառը բռնված է փախստականներով։
Սարսափելի են ամենուրեք ստացվածս տպավորությունները։ Հոգնած և նվաղած, կիսամերկ և կիսաքաղց, դալկացած դեմքով, կմախքացած մարմնով փռված են նրանք կեղտոտ լաթերի վրա։ Ճակատի կնճիռների վրա հոգեկան տառապանքի կնիքն է դրոշմված` տխուր աչքերի մեջ կարդում էք անօրինակ աղետի պատմությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ի շ խ ա ն յ ա ն Բ., Աղետի և տառապանքի աշխարհից (այց թուրքահայ փախստականներին), Թ., 1915