Ակադեմիական գործ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ակադեմիական գործ (ռուս.՝ Академическое дело, ակադեմիկոսների գործ (дело академиков), Գիտությունների ակադեմիայի գործ (Дело Академии наук) կամ Պլատոնով-Տառլեի գործ (Дело Платонова — Тарле), քրեական գործ, որ սարքել է Միացյալ պետական քաղաքական վարչությունն ընդդեմ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի մի խումբ գիտնականների ու երկրագետների 1929-1931 թվականներին Լենինգրադում, որտեղ մինչև 1934 թվականը գտնվել է Գիտությունների ակադեմիան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործի ձևավորումը տեղի է ունեցել երկու փուլով։ Առաջինը կապված է եղել 1929 թվականի հունվարին Ակադեմիայի անդամ ընտրվելու 42 նոր թեկնածուներից երեք կումունիստների ընտրության ձախողման հետ։ Թերթերում հայտնվել են Գիտությունների ակադեմիայի վերակազմավորման և ակադեմիկոսների քաղաքական բնութագրերը փոխելու պահանջներ՝ մատնացույց անելով նրանց իբր հակահեղափոխական անցյալը։ Սակայն կոմունիստներ Աբրահամ Դեբորինի, Նիկոլայ Լուկինի և Վլադիմիր Ֆրիչեի ընտրվելուց հետո այդ արշավը դադարեցվել է։

Գիտությունների ակադեմիայի դեմ հաջորդ արշավն սկսվել է 1929 թվականի օգոստոսին, երբ Գիտությունների ակադեմիայի «մաքրման» համար Լենինգրադ է ուղարկվել կառավարական հանձնաժողով Յակով Ֆիգատների գլխավորությամբ։ 1929 թվականի հունիս-դեկտեմբեր ամիսներին այդ հանձնաժողովի որոշմամբ աշխատանքից ազատվել են 128 հաստիքային (960 աշխատողից) և 520 գերհաստիքային (830 աշխատողից) աշխատակիցներ։ Հիմնական հարվածն ուղղված է եղել Սերգեյ Պլատոնովի գլխավորած հիմնարկությունների՝ Գիտությունների ակադեմիայի գրադարան)ի և Պուշկինյան տան դեմ։

1929 թվականի վերջին սկսվել են Գիտությունների ակադեմիայի աշխատակիցների, հիմնականում՝ պատմաբան-արխիվագետների ձերբակալություներ։ Մոսկվայում այդ ժամանակ ակտիվորեն անցկացվել են «վնասարարների» ցուցադրական դատավարությունների («Արդկուսակցության» և այլն) նախապատրաստական աշխատանքները։ Լենինգրադի Միացյալ պետական քաղաքական վարչությունն սկսել է ձերբակալված գիտնականերից ստեղծել «միապետական հակահեղափոխական կազմակերպություն»։ 1930 թվականի հունվարին Լենինգրադում ձերբակալվել են Սերգեյ Ֆիլատովն ու նրան մոտ բոլոր աշխատողները, ինչպես նաև Եվգենի Տառլեն, որին հետաքննությունը հատկացրել է նախ «Արդկուսակցության», ապա «Աշխատանքային գյուղացիական կուսակցության», հետո՝ «Պլատոնովի կառավարության» արտաքին գործերի նախարարության դերը։

1929 թվականի դեկտեմբերից մինչև 1930 թվականի դեկտեմբեր «Ակադեմիական գործով» ընդհանուր առմամբ ձերբակալվել է ավելի քան 100 մարդ (հիմնականում հումանիտար գիտությունների մասնագետներ)։ «Գործի» մեջ ներքաշվել են նաև արդեն աքսորում կամ կալանավայրում գտնվող ԳԱ նախկին աշխատակիցներ (Գեորգի Գաբաև, Ալեքսեյ Առնոլդի, Նիկոլայ Անցիֆերով և այլն)։

Կազմակերպությանն ավելի մեծ նշանակություն տալու համար նրա կազմում որպես մասնաճյուղեր ներառվել են Երկրագիտության կենտրոնական բյուրոյի գավառական բաժինները. 1930 թվականի փետրվար-մարտ ամիսներին կատարվել են երկրաբանների լրացուցիչ ձերբակալություններ ամբողջ երկրում, աքսորավայրերից ու կալանավայրերից Լենինգրադի նախնական կալանքի տուն են տեղափոխվել նախկինում դատապարտված հումանիտարներ։ Գործի մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է 115 մարդ։

Բաց դատավարություն այդպես էլ տեղի չի ունեցել։ Ձերբակալվածների ճակատագիրն արտադատական կարգով որոշել է Միացյալ պետական քաղաքական վարչության կոլեգիան 1931 թվականի օգոստոսի 8-ի իր որոշմամբ։ Տարբեր ժամկետներով բանտարկության և աքսորի է դատապարտվել 29 մարդ, որոնց թվում են եղել Սերգեյ Պլատոնովը, Եվգենի Տառլեն, Նիկոլայ Լիխաչյովը, Մատվեյ Լյուբավսկին (մահացել է քսորում 1936 թվականին), Պուշկինյան տան ավագ գիտնական-պահապան Նիկոլայ Իզմայլովը, արևելագետ Ալեքսանդր Մերվարտը, Սերգեյ Ռոժդեստվենսկին (մահացել է աքսորում 1934 թվականին), բանասեր Ալեքսանդր Պետրովը (գնդակահարվել է 1938 թվականին), Յուրի Գոտիեն, Սերգեյ Բախրուշինը, Դմիտրի Եգերովը (մահացել է աքսորում 1931 թվականին), Վլադիմիր Բենեշևիչը (գնդակահարվել է 1938 թվականին) և այլք։

1931 թվականի փետրվար-օգոստոսին Միացյալ պետական քաղաքական վարչության որոշումներով գվարդիայի մի խումբ նախկին սպաներ, որ աշխատում էին ԳԱ տարբեր հիմնարկություններում (Ալեքսեյ Կովանկո, Յուրի Վերժբիցկի և այլք), դատապարտվել են գնդակահարության։ Բանտարկության կամ աքսորի են դատապարտվել.

  • ԳԱ , Ռուսական թանգարանի, Կենտրոնական արխիվի և այլ հիմնարկությունների մի խումբ գիտաշխատողներ (այդ թվում՝ Ալեքսեյ Պուտիլով, Սերգեյ Սիգրիստ, Նինա Պլատոնովա, Ֆեոդոր Սկրիբանովիչ, Բորիս Էնգելգարդտ, Անդրեյ Դոստոևսկի (գրողի զարմիկը), Ալեքսեյ Բյալինիցկի-Բիրուլյա, Միխայիլ Պրիսյոլկով, Սերգեյ Տխորժևսկի, Ալեքսանդր Զաօզերսկի և այլն),
  • ԳԱ մի խումբ աշխատակիցներ, որ կապ են ունեցլե գիտարշավային գործունեության հետ (Նիկոլայ Ռաևսկի, Պավել Վիտենբուրգ, Դ. Խալտուրին և այլն),
  • Այսպես կոչված «եկեղեցական խումբ» (հոգևորականներ Ալեքսանդր Միտրոցկի, Միխայիլ Միտրոցկի, Պետրոգրադի հոգևոր ակադեմիայի նախկին պրոֆեսոր Ալեքսանդր Բրիլիանտով, Ասիական թանգարանի գիտնական-պահապան Միխայիլ Գիրս և այլն),
  • այսպես կոչված «գերմանական խումբ» (պրոֆեսոր Էմանուիլ Ֆուրման, պաստոր Առնոլդ Ֆրիշֆելդ և այլն),
  • հրատարակչության ոլորտի աշխատողների խումբ (Ֆերապոնտ Վիտյազև-Սեդենկո, Սերգեյ Բարանով-Գալպերսոն և Եվգենիա Բարանովա-Գալպերսոն)։

Հետևանքներ և վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ակադեմիական գործը» վնաս է հասցրել պատմական գիտությանն ու երկրաբանությանը Խորհրդային Միությունում.

  • Ընդհատվել է հաջորդականությունը կադրերի պատրաստման հարցում,
  • Մի քանի տարով ընդհատվել է հետազոտական աշխատանքը,
  • Արգելվել են նարոդնիկության, եկեղեցու պատմության, ազնվականության և բուրժուազիայի վերաբերյալ ուսումնասիրությունները։

Խորհրդային պատմաբաններն դարձել են խորհրդային պրոպագանդիստական համակարգի հնազանդ գործիք[1]։

«Ակադեմիական գործով» դատապարտվածների իրավունքների վերականգնումը շարունակվել է մինչև 1967 թվականը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Академическое дело Историки под прицелом ОГПУ // Наука и жизнь. 1999. № 11.
  2. Степанов М. Г. «Академическое дело» (1929—1931 гг.): Взгляд современной историографии // Исторические, философские, политические и юридические науки, культурология и искусствоведение. Вопросы теории и практики. Тамбов: Грамота, 2013. № 7 (33): в 2-х ч. Ч. II. C. 158—161.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Академическое дело, 1929—1931 гг.: документы и материалы следственного дела, сфабрикованного ОГПУ / Ред. кол.: В. П. Леонов (отв. ред.), Ж. И. Алфёров, Б. В. Ананьич и др.; Библиотека РАН. — СПб.: [б. и.], 1993—1998.
  • Ананьич Б. В., Панеях В. М. «Академическое дело» как исторический источник // Исторические записки. М., 1999. Вып. 2 (120);
  • Ананьич Б. В., Панеях В. М. Следствие в Москве по «Академическому делу» 1929—1931 гг. // Русский исторический журнал. 1999. Т. 2. № 3.
  • Дело краеведов / А. Н. Акиньшин, С. П. Щавелёв // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]