Ածխաջրային սննդառություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ածխաջրային սննդառություն, կենդանիների օրգանիզմում կերի ածխաջրերի ընդունման և օգտագործման շարժընթաց՝ էներգիայի պահանջն ապահովելու և ֆիզիոլոգիական կենսընթացները կարգավորելու համար։

Կերային ածխաջրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիների համար ածխաջրերի հիմնական աղբյուրը բուսական կերերն են, որոնք չոր նյութի մեջ կազմում են 40–80%։ Կերային ածխաջրերի խմբում առանձնացնում են հում թաղանթանյութը և ոչ ազոտային մզվածքային նյութերը։

Ածխաջրերի նշանակությունը կենդանիների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ածխաջրերը կենդանիների համար էներգիայի գլխավոր աղբյուրն են։ Դրանց օգտագործման աստիճանը կախված է ճեղքման հետևանքով մարսողության ուղիներում առաջացած վերջնանյութերից և մարսելիությունից։ Շաքարներն ու օսլան հիդրոլիզվում են միաշաքարների, որոնք ներծծվում են արյան մեջ ու, որպես գլիկոգեն, կուտակվում լյարդում, մասամբ՝ մկաններում, և օգտագործվում օրգանիզմում։ Ֆերմենտների ազդեցությամբ թաղանթանյութը պվերածվում է մարսողական ուղիների թաղանթանյութալուծիչ մանրէների։ Որոճողների նախաստամոքսում և կույրաղիում մարսվում է բջջանյութի 50–70%-ը, ձիերի և խոզերի կույրաղիում՝ համապատասխանաբար՝ 40 և 25%-ը։ Բջջանյութի մարսողության վերջին արգասիքները օրգանիզմի թթուներն են (քացախաթթու, պրոպիոնաթթու, կարագաթթու և այլ), որոնք մասնակցում են նյութափոխանակությանը, էներգիայով ապահովում օրգանիզմը, ծառայում որպես կաթնայուղի նախանյութ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։