Ալումինե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալումինե
Կոորդինատներ
Ալումինե լիճը
Ալումինե լիճը ձմռանը. առջևում՝ ոչնչացման վտանգի տակ հայտնված կապկածառեր

Ալումինե (իսպ՝. Lago Aluminé), սառցադաշտային ծագմամբ ընդարձակ և խոր լիճ Անդյան լեռներում՝ Արգենտինայի Նեուկեն պրովինցիայի արևմտյան մասում Սնվում է Մոկեուե լճի ջրերով, որի հետ կապված է Ալումինե գետով։ Վերջինիս ջրերը, Ալումինե լիճն անցնելով, շարունակում են իրենց հոսքը և ի վերջո թափվում են Ատլանտյան օվկիանոս։

Լճի մակերևույթը 57 քառակուսի կիլոմետր է; Գտնվում է ծովի մակերևույթից 1125 մետր բարձրության վրա, Բատեա-Մավիդա հրաբխի ստորոտին, հարթավայրային տեղանքում։ Պատկանում է Ռիո-Նեգրո գետի ջրավազանին, որի հետ կապված է Ալումինե, Կոլիոն-Կուրա և Լիմայ գետերով։

Լճի հյուսիսարևմտյան ափին տարածվում է Վիլլա-Պեհուենիա գյուղը, որի բնակիչները մապուչե ժողովրդի ներկայացուցիչներ են։ Նրանց նախնիները այս տարածաշրջանում ապրել են առաջին եվրոպացիների այստեղ երևալուց՝ 1890 թվականից շատ ու շատ առաջ։ Գյուղի բնակիչներից ոմանք ընդգրկված են Բատեա-Մավիդա հրաբխի լանջին գործող լեռնադահուկային հանգստավայրի սպասարկող անձնակազմում; Լեռնային լճի ձկնառատ, զուլալ ջրերը, գեղատեսիլ շրջակայքը տարվա բոլոր եղանակներին հրապուրում, այս կողմերն են բերում հարյուրավոր զբոսաշրջիկների։

Լճի պատկերը Վիլլա Պեհուենիա գյուղից

Ալումինե և Մոկեուե լճերի արևմտյան ափամերձ շրջանները, որ Արգենտինայի ծայր հյուսիսն են կազմում, համեմատաբար տեղումնառատ են, իսկ լճերից դեպի հյուսիս կլիման ավելի չորային է դառնում՝ նմանվելով Եվրոպայի միջերկրածովյան կլիմային[1]։

Լճերի շրջակա տարածքները հարուստ են խիտ անտառներով, սակայն դրանք պետական պահպանության ներքո չեն գտնվում, և այստեղ սովորական երևույթ են անխնա անտառահատումներն ու անտառային հրդեհները[2], որոնք զգալի վնաս են հասցնում շրջակա միջավայրին, ոչնչացման վտանգին ենթարկում այդ անտառներում հայտնաբերված և խիստ սահմանափակ տարածվածություն ունեցող Aracuaria aracuana ծառատեսակը[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Lago Aluminé", https://www.argentour.com/es/provincia/neuquen/lago_alumine.php Արխիվացված 2018-04-09 Wayback Machine, accessed 9 Apr 2018
  2. "Lake: Alumine", https://web.archive.org/web/20110902222325/http://www.hidricosargentina.gov.ar/EIndice-alumine.html, accessed 20 Apr 2018
  3. "Araucaria araucana" International Union for Conservation of Nature http://www.iucnredlist.org/details/31355/0, accessed 9 Apr 2018
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալումինե» հոդվածին։