Jump to content

Ալեքսեյ Կարամազով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Կարամազով
Տեսակգեղարվեստական անձ և գրական հերոս
ՀեղինակՖեոդոր Դոստոևսկի
Ներկայացված էԿարամազով եղբայրներ և Կարամազով եղբայրներ
Սեռարական
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Դերը կատարել ենՈւիլյամ Շաթներ

Ալեքսեյ Ֆեոդորովիչ Կարամազով (ռուս.՝ Алексей Фёдорович Карамазов), Ֆեոդոր Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» վեպի հերոս, Ֆեոդոր Պավլովիչ Կարամազովի որդին, Դմիտրի և Իվան Կարամազովների կրտսեր եղբայրը։

Վեպի գործողությունների սկսվելու ժամանակ Ալեքսեյ Կարամազովը քսան տարեկան է։ Հեղինակային նախաբանում Դոստոևսկին Ալյոշա Կարամազովին ներկայացնում է որպես գլխավոր գործող անձ։ Ծրագրված երկրորդ վեպում Ալյոշան պետք է դառնար գլխավոր հերոս, ինչի մասին բազմիցս նշել է Դոստոևսկին[1]։

Կերպարի ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կարամազով եղբայրներ» վեպի նախաբանում Ֆեոդոր Դոստոևսկին ասում է, թե սկսում է գրել Կարամազով եղբայրներից կրտսերի կենսագրությունը՝ նրան կոչելով «գործիչ»։ Սակայն վեպում գործողությունները ծավալվում են ոչ Ալեքսեյի շուրջը։ Դոստոևսկին նախատեսել էր գրել վեպի շարունակությունը, որտեղ հենց Ալյոշան պետք է դառնար գլխավոր գործող անձը, սակայն չի հասցրել, քանզի մահը վրա է հասել «Կարամազով եղբայրները» գրելուց հետո[2]։

Գրողի՝ վեպի առաջին գրքի վերաբերյալ պահպանված նշումներն սկսում են չորրորդ գլխից՝ «Երրորդ որդին՝ Ալյոշան» և վերաբերում են 1878 թվականի սկզբին։ Այդ սևագիր նշումներում Ալյոշան հաճախ կոչվում է Ապուշ, ինչը ցույց է տալիս գրողի մտահղացման մեջ նրա և «Ապուշը» վեպի հերոս իշխան Միշկինի նմանությունը։ «Ապուշը» ստեղծագործության մեջ գրողը հրաժարվել է այն գաղափարից, որ պետք է ցույց տալ, թե մարդն «առավել գործունյա» է հենց գլխավոր հերոսի մեջ, որը նման չէ մյուսներին, սակայն վերադարձել է այդ մտքին Ալեքսեյ Կարամազովի կերպարում։ «Զարմանալի մարդը ոչ միայն «միշտ չէ», որ մասնակի և տարանջատ երևույթ է, այլև ընդհակառակը, երբեմն լինում է այնպես, որ գուցե նա՛ է իր մեջ կրում ամբողջության կորիզը, այնինչ իր դարաշրջանի մնացյալ մարդիկ՝ բոլորը, չգիտես ինչու, առժամապես անջատվել են նրանից, տարապայման մի քամուց քշված․․․»,– գրում է Դոստոևսկին Ալյոշայի մասին։ Տպագիր տարբերակում գրողը որոշել է իշխան Միշկինի հետ ուղղակի ասոցիացիաների տեղիք չտալ[3]։

Գրողի սևագրերու բնորոշվում է նաև կերպարի բնավորությունը։ Ալյոշան, ըստ Դոստոևսկու մտահղացման, հակադրվել է «անկարգության ձգտող» պատանիներին, այդ պատճառով էլ թեև պատկանել է ակտիվ ու ճշմարտության ձգտող «նոր սերնդին», այնուամենայնիվ տարբերվել է «ֆանատիզմի» բացակայությամբ, որին փոխարինել է սերը։ Այդպիսով՝ ի տարբերություն հեղափոխական տրամադրված երիտասարդության, որը գիտակցաբար գնում էր դեպի վաղ կործանում, Ալյոշայի սխրանքը պետք է լինի մարդկանց ծառայելը․ «Այլոշան ընտրել է լոկ բոլորին հակադիր ճանապարհը, բայց շուտափույթ սխրանքի նույն ծարավով»։ «Միստի՞կ է արդյոք։ Երբե՛ք։ Ֆանատիկո՞ս։ Բոլորովի՛ն»,– գրում է Դոստոևսկին՝ պնդելով, որ վանք գնալ հերոսին ստիպել է մարդասիրությունը[4]։

Արտաքին տեսք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպում Ալյոշան նկարագրվում է հետևյալ կերպ. «գեղահասակ, կարմրաթուշ, պայծառ հայացքով տասնիննամյա պատանի էր, որից հորդում էր առողջությունը։ Շատ գեղեցիկ էր նույնիսկ, վայելչակազմ, միջինից բարձր հասակով, մուգ խարտյաշ, ուներ կանոնավոր, ձվաձև, թեև մի քիչ երկարուն դեմք, մուգ մոխրագույն, լայնադիր, փայլուն աչքեր, շատ խոհական էր և ըստ երևույթին շատ հանդարտ»[5]։

Վեպի գործողություններում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպում Ալյոշան հանդես է գալիս լսողի դերում։ Մյուս բոլոր կերպարները՝ Դմիտրին, Իվանը, Գրուշենկան, Կատերինան, Լիզան, Սնեգիրյովը, Կրասոտկինը, Միխայիլ Ռակիտինը, ամբողջ վեպի ընթացքում հերթով իրենց սիրտը բացում են նրա առաջ[2]։ Այդպիսով՝ Ալյոշան մեկ առ մեկ «բեմահարթակ է բերում հերոսներին»[6]։

Ռուս գրականության ուսումնասիրող Կանոսկե Նակամուրան, որ երկար տարիներ զբաղվել է Ֆեոդոր Դոստոևսկու ստեղծագործության ուսումնասիրությամբ, Ալեքսեյ Կարամազովին բնութագրել է որպես գրողի համար նոր տիպի կերպար՝ «գործիչ»։ Ալյոշան վեպում հանդես է գալիս որպես վստահության օբյեկտ, օգնում է մյուս հերոսներին։ Ալյոշայից առաջ Դոստոևսկու հերոսի հիմնական տիպը եղել է տառապող մարդը, որն ուզում է, բայց չի կարողանում գործել[6]։

Դոտսոևսկին Ալյոշայի մասին ասում է․ «Այս խառնաշփոթության մեջ կարելի է բոլորովին շվարել, իսկ Ալյոշայի սիրտը չէր կարող անորոշություն հանդուրժել, որովհետև նրա սերը միշտ գործնական բնույթ ուներ։ Նա չէր կարող սիրել ու ձեռքերը ծալած մնալ, սիրելուց հետո անմիջապես գործի էր անցնում և սկսում օգնել։ Իսկ դրա համար պետք է մի նպատակ դներ, պետք է հաստատ իմանար, թե ինչն է լավ ու անհրաժեշտ նրանցից յուրաքանչյուրին, և նպատակի ճշտությանը համոզվելուց հետո պետք է ամեն մեկին օգներ բնականաբար»[7][8]։

«Գործչի» կերպարը հակադրվում է գրողի ստեղագործություններում հանդիպող «երազողի» բոլոր նախկին կերպարներին։ Այլոշան կարողանում է սիրել մարդկանց, պատասխանել նրանց վստահությանը, զգալ նրանց տառապանքը։ Նակամուրան նշում է, որ նմանատիպ «առողջ» կերպարի ստեղծումը հավանաբար խիստ դժվար է եղել Դոստոևսկու համար, որը սովոր էր իր հերոսների ոչ սովորական հոգեբանությանը, այդ պատճառով էլ Ալյոշայի մեջ նկատելի է որոշակի անբնականություն։ Սակայն այդ կերպարը եղել է գրողի երազանքը, այդ պատճառով էլ նա հայտնվում է վեպում[9]։

Իվանը ըմբոստությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ըմբոստություն» գլխում Ալյոշան Դոստոևսկու գաղափարական համախոհն է։ Կրտսեր Կարամազովը չի համաձայնում «հիմնել շենքը» «երեխայի արցունքների» վրա և միաժամանակ հիշեցնում է աթեիստ Իվանին Աստծո մասին և ասում, թե աշխարհում կա մի Արարած, որը կարող է և իրավունք ունի ներել ամեն ինչ[10]։

Քանի որ Ալեքսեյը վեպի գլխավոր հերոսն է, «Կարամազով» ազգանվան իմաստը, ըստ բանասեր Մոիսեյ Ալտմանի, թաքնված է հենց նրա կերպարի մեջ[11]։ Սևհարյուրյակային շարժման տեսաբաններից մեկը՝ Կոնստանտին Գոլովինը, իսկ ավելի ուշ նաև խորհրդային գրականագետ Լեոնիդ Գրոսմանը գրել են կերպարի ենթադրյալ «ոչ այնքան խաղաղասիրական» դերի մասին՝ ակնարկելով Դմիտրի Կարակոզովին, որը մահափորձ է կատարել Ալեքսանդր II կայսեր դեմ[12]։ Բանաստեղծ և գրականության պատմաբան Պյոտր Վեյնբերգը նշել է, որ այդ մահափորձը Դոստոևսկու վրա մեծ տպավորություն է գործել[13]։ Ըստ Ալեքսեյ Սուվորինի խոսքերի՝ գրողը ծրագրել է վանքից հետո Ալյոշային դարձնել հեղափոխական, որին մահապատժի կենթարկեն քաղաքական հանցագործության համար։ Դրանով իսկ նա կկրկներ Կարակոզովի ճակատագիրը[13]։

Անվան ծագման վերաբերյալ առաջարկվել են մի քանի վարկածներ։ Այսպես, Դմիտրի Կարակոզովն ընդհատակում հայտնի է եղել որպես Ալեքսեյ Պետրով[13]։ Մյուս կողմից, Լեոնիդ Գրոսմանը նշել է, որ Ալեքսեյի գրական նախատիպը կարող էր դառնալ Ժորժ Սանդի «Սպիրիդոն» վեպի հերոս աբեղա Ալեքսեյը[13]։ Վլադիմիր Պոսեն ենթադրություն է հայտնել, թե Ալյոշայի նախատիպը կարող էր լինել նաև Ալեքսեյ Խրապովիցկի միտրոպոլիտը, քանի որ գրողը երկար ժամանակ շփվել է նրա հետ[14]։ Դրանից բացի, ըստ բանասեր Մոիսեյ Ալտմանի, հերոսի անունը կարող է վերցված լինել «Վարք սրբոց» գրքի «Աստծո մարդ Ալեքսեյից», քանի որ Դոստոևսկին ծրագրել էր գրել համապատասխան ուղղվածության գիրք, իսկ կերպարին նման կերպ մի քանի անգամ կոչում են նրան շրջապատողները[14]։

Ալյոշան էկրանավորումներում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1958 – «Կարամազով եղբայրներ» ֆիլմում Ուիլյամ Շետների դերակատարմամբ
  • 1968 – «Կարամազով եղբայրներ» ֆիլմում Անդրեյ Մյագկովի դերակատարմամբ
  • 1990 – «Տղաներ» (ռուս.՝ «Мальчики») ֆիլմում Դմիտրի Չեռնիգորսկու դերակատարմամբ
  • 2009 – «Կարամազով եղբայրներ» բազմասերիանոց ֆիլմում Ալեքսանդր Գոլուբևի դերակատարմամբ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Альтман М. С. Достоевский. По вехам имен. — Саратов: Издательство Саратовского университета, 1975. — 280 с.
  • Кийко, Е. И. Примечания. §3 // Ф. М. Достоевский. Полное собрание сочинений в тридцати томах / под ред. Г. М. Фридлендера. — Ленинград: Наука, 1976. — Т. 15. — С. 411-447. — 624 с. — 200 000 экз.
  • Кийко, Е. И. Достоевский и Гюго (Из истории создания «Братьев Карамазовых») // Достоевский. Материалы и исследования / под ред. Г. М. Фридлендера. — Ленинград: Наука, 1978. — Т. 3. — С. 166-172. — 296 с. — 27 200 экз.
  • Медведев, А. А. Картина А. Карраччи «Christuskopf» и «положительно прекрасный человек» в творчестве Ф. М. Достоевского (Вл. Соловьев как прототип Алеши Карамазова) // Соловьёвские исследования. — 2015. — Вып. 1(45). — С. 30-42.
  • Накамура, К. Словарь персонажей произведений Ф. М. Достоевского. — Санкт-Петербург: Гиперион, 2011. — 400 с. — ISBN 978-5-89332-178-4