Ազատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազատներ (պահլավ. âzât, պարսկ. âzâd), ազնվական դաս միջնադարյան Հայաստանում։ Լայն իմաստով ազատներ, ազատորեար կամ ազատանի են կոչվել առհասարակ արտոնյալ խավերը, նեղ իմաստով՝ ազնվականների միայն ստորին դասը։ Մոտավորապես համապատասխանում է Սասանյան Պարսկաստանի (III–VII դդ.) ազատների (հեծյալ֊արտեշտարան), միջնադարյան Եվրոպայի հեծյալների (chevaliers) կամ Կիլիկյան Հայաստանի ձիավորների դասին։ Ազատներ վասալական կախման մեջ էին հողի գերագույն տերերից, նրանցից էին ստանում պայմանական հողաբաժինների և ժառանգաբար օգտագործում՝ դառնալով ավատառու (տես Խոստակդար)։ Ազատներ հողատու տերերի համար կատարում էին զինվորական և պատվարժան այլ ծառայություններ, մասնակցում աշխարհաժողովներին։ Հանցավոր ազատներ դատվում էին հասարակական դատարանում․ նրանց չէր կարելի մարմնական պատժի ենթարկել կամ ուղարկել ստորին աշխատանքի, ենթակա էին միայն դրամատուգանքի։ Ազատների արյան գինը կրկնակի բարձր էր անազատների արյան գնից։ Հայ մատենագրության մեջ ազատներ հայտնի են նաև «որսատենչ» կամ «փափկացյալ» անվամբ՝ խաղաղ պայմաններում ժամանակի մեծ մասը որսորդության կամ զվարճությունների հատկացնելու համար։ Հայ պետականության անկումից հետո ազատների դասն աստիճանաբար դադարեց գոյություն ունենալուց։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մանանդյան Հ., Ֆեոդալիզմը հին Հայաստանում, Երկեր, հատոր 4, Երևան, 1981
  • Նիկողայոս Ադոնց, Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում, Երևան, 1987
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 99
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։