Ադենոզինֆոսֆորաթթուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ադենոզինֆոսֆորաթթուներ, բարդ օրգանական միացություններ, նուկլեոտիդներ, ադենոզինի միաֆոսֆորաթթուների, կրկնաֆոսֆորաթթուների և եռֆոսֆորաթթուների եթերներ։

Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղկացած են ադենինից, ռիբոզից և ֆոսֆորաթթվի մեկ, երկու կամ երեք մնացորդներից և համապատասխանաբար կոչվում են՝ ադենոզինմիաֆոսֆորաթթու (ԱՄՖ), ադենոզինկրկնաֆոսֆորաթթու (ԱԿՖ) և ադենոզինեռֆոսֆորաթթու (ԱԵՖ)։ Պարունակում են բոլոր օրգանիզմները (մանրէներից մինչև մարդը

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացառիկ նշանակություն ունեն նյութերի և էներգիայի փոխանակության պրոցեսների, ինչպես նաև օրգանիզմի կենսագործունեության համար, քանի որ ֆոսֆատային խմբերի միացումը ադենոզինմիաֆոսֆորաթթվինին ուղեկցվում է էներգիայի կուտակմամբ (ԱԿՖ, ԱԵՖ էներգիայով հարուստ միացություններ են), իսկ նրանց ճեղքումը՝ էներգիայի անջատմամբ։ Բջիջներում տեղի է ունենում ադենոզինմիաֆոսֆորաթթվի, ադենոզինկրկնաֆոսֆորաթթվի և ադենոզինեռֆոսֆորաթթվի փոխադարձ փոխարկում։

Ադենոզինմիաֆոսֆորաթթու[խմբագրել | խմբագրել կոդը]

(ԱՄՖ, ադենիլային թթու), սպիտակ, ասեղնաձև բյուրեղներ են։ Մոլյառ կշիռը 347,23 մոլ։ Նուկլեինաթթուների բաղկացուցիչ մասն է և մանում է բազմաթիվ ֆերմենտների ակտիվ խմբի կազմության մեջ։

Ադենոզինկրկնաֆոսֆորաթթու[խմբագրել | խմբագրել կոդը]

(ԱԿՖ), ունի ֆոսֆորաթթվի 2 մնացորդ։ Մոլյառ կշիռը 427,22 մոլ։ Ադենոզինկրկնաֆոսֆորաթթուն գտնվում է կենդանի օրգանիզմների բոլոր հյուսվածքներում։

Ադենոզինեռֆոսֆորաթթու[խմբագրել | խմբագրել կոդը]

(ԱԵՖ), մոլյառ. կշիռը 507,21 մոլ։ Ադենոզինեռֆոսֆատազ ֆերմենտների ազդեցությամբ ադենոզինեռֆոսֆորաթթուն հեշտությամբ կորցնում է մեկ ֆոսֆատային խումբ, վերածվում ադենոզինկրկնաֆոսֆորաթթվի։ Անջատվում է էներգիա, որն օգտագործվում է օրգանիզմի հյուսվածքներում որոշ միացությունների ակտիվացման և սինթեզման պրոցեսների ապահովման (օրինակ՝ մկանային կծկման) համար։ Ադենոզինեռֆոսֆորաթթուն մասնակցում է ֆոսֆորիլացման պրոցեսներին՝ առաջացնելով նյութափոխանակության բնականոն ընթացքի համար անհրաժեշտ ֆոսֆորաթթվային մակրոէներգիկ (մեծ էներգիայով) և միջանկյալ միացությունների ադենոզինեռֆոսֆորաթթուն սինթեզվում է ադենոզիներկֆոսֆորաթթվից և ֆոսֆորական թթվից միտոքոնդրիաներում ու քլորոպլաստներում և ապահովում էներգիայի անհրաժեշտ քանակը բջջում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 70