Ադդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Ադդե Հայրապետ
Ի ծնե Ադդե Բագրատունի
Ժամանակաշրջան 1-ին դար
Ծնունդ անհայտ
Ծննդավայր Եդեսիա, Օսրոյենե
Վախճան անհայտ
Վախճան վայր Եդեսիա, Օսրոյենե
Սրբացված կարգ սուրբ
Հիշատակության օր Հիսնակի Դ կիրակիից հետո՝ երկուշաբթի օրը
Աշխատանք կերպասագործ
Պաշտոն Եդեսիայի եպիսկոպոս
Ազգություն հայ
Երկիր Օսրոյենե
Ուսուցիչ Թադեոս առաքյալ

Ադդե Բագրատունի (սուրբ Ադդե Հայրապետ), (ծննդյան և մահվան թվականներն անհայտ, 1-ին դարի տոնելի քրիստոնյա նահատակ)։ Ըստ ասորական և հայկական աղբյուրների՝ Աբգար Ե թագավորի համար խույր (թագ) գործող վարպետ՝ կերպասագործ։ Ըստ ավանդության, Բագրատունիների իշխանական տոհմից։ Երբ Թադեոս առաքյալն այցելել է Եդեսիա (Ուրֆա), անձամբ աշակերտել է առաքյալին, որն իր փոխարեն հոգևոր առաջնորդ՝ Եդեսիայի եպիսկոպոս է ձեռնադրել նրան։ Աբգար թագավորի մահից հետո նրա որդին՝ Անանունը, «... հայրենի առաքինության հետևող չեղավ, այլ կուռքերի մեհյանները բացեց ու հեթանոսական պաշտամունքն ընդունեց»[1]: Անանունը մարդ է ուղարկում Ադդեի մոտ, որ նա «իրեն համար բեհեզից խույր կարե ոսկե բանվածքով, ինչպես անում էր իր հոր համար»։ Ադդեն պատասխանում է. «Իմ ձեռքերը խույր չեն կարի անարժան գագաթի համար, որ չի երկրպագում Քրիստոսին, կենդանի Աստծուն» (նույն տեղում), ինչի համար էլ թագավորի զինվորը սրով կտրում է Ադդեի սրունքները, և նա մահանում է։ Հայ Առաքելական եկեղեցին Ադդեի հիշատակը սկզբնապես տոնել է Աբգար թագավորի հետ։ Հետագայում Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը բաժանել է այս տոները. ներկայումս Ադդեի հիշատակը տոնվում է Հիսնակի Դ կիրակիից հետո՝ երկուշաբթի օրը (Հիսնակը Աստվածահայտնությանը նախորդող հիսուն օրերի տոնն է)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լաբուբնայ կամ Ղեբուբնայ, «Եդեսացւոյ թուղթ Աբգարու և քարոզութիւն սրբոյն Թադէի», Երուսաղեմ, 1868։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն», գիրք 2-րդ, գլ. ԼԴ

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png