Օգարյովի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օգարյովի տուն
Տեսակկալվածք և պատմության հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊրեսնենսկի շրջան
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Օգարյովի տուն (ռուս.՝ Дом Огарёва, Օգարյովի - Լոբանով-Ռոստովսկու տուն, ռուս.՝ Дом Огарёва — Лобанова-Ростовского), XVIII-XX դարերի տարածաշրջանային նշանակության ճարտարապետության հուշարձան Մոսկվայում։ Հիմնական շենքի հասցեն՝ Բոլշայա Նիկիտսկայա փողոց, տուն 23/14/9։ Տունը գտնվում է Բոլշայա Նիկիտսկայա փողոցի, Նիկիտսկի բուլվարի և Կալաշնի նրբանցքի անկյունում։ Ներկայումս շենքն զբաղեցնում է «Նիկիտսկի դարպասների մոտ» թատրոնը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինության հիմնական մասը վերաբերում է XVIII դարին։ 1753 թվականի դրությամբ այն պատկանել է կոլեգիալ խորհրդական Ս. Ե. Մոլչանովին։ Հետագայում դաստակերտն անցել է գաղտնի խորհրդական Ն. Ն. Սալտիկովին, որն այն նվիրել է դստերը, որն ամուսնացել է իշխան Յ. Ի. Լոբանով-Ռոստովսկու հետ։ XIX դարի սկզբին տունը պատկանել է ներքին գործերի նախարար Դ. Ի. Լոբանով-Ռոստովսկուն։ 1812 թվականի հրդեհից հետո շենքը գնել և ամպիր ոճով վերակառուցել է պատմաբան Դ. Ն. Բանտիշ-Կամենսկին[2][3]։

1824 թվականից դաստակերտը պատկանել է Պլատոն Օգարյովին։ Տանն անցել են նրա որդու՝ բանաստեղծ և մտածող Նիկոլայ Օգարյովի մանկությունն ու պատանեկությունը։ Տանը հաճախ էր հավաքվում լիբերալ տրամադրված երիտասարդության խմբակը, որում ընդգրկված էին Ալեքսանդր Գերցենը, Վադիմ Պասեկը և ուրիշներ։ 1834 թվականին խմբակի մասնակիցները ձերբակալվել են և պատժվել[2][3]։

Ն. Օգարյովի քույրը՝ Աննա Պլաուտինան, որին տունն անցել է հոր մահից հետո, այն 1838 թվականին վաճառել է պաշտոնաթող ռոտմիստր արքայազն Ա. Գոլիցինին։ XIX դարի երկրորդ կեսին տունն անցել է Անդրեյ Միխայլովիչ Միկլաշևսկուն։ Նա եղել է Վոլոկիտինո գյուղի ճենապակու գործարանի սեփականատերը։ Միկլաշևսկին վերակառուցել է տունը՝ առաջին հարկում իր արտադրանքի խանութը բացելու և սեփականության եկամտաբերությունն ավելացնելու նպատակով։ Հայտնվել է երրորդ հարկ, մեծացել են պատուհանները, առաջին հարկում արվել են մեծ ցուցափեղկեր և հեռացվել է հնաոճ սյունասրահը։ Ա. Մ. Միկլաշևսկուց հետո դաստակերտն անցել է նրա դստերը, նրանից էլ՝ Միխայիլ Պետրովիչ Սկորոպադսկուն[3]։

1885 թվականին տանը բացվել է Համառուսական ցուցահանդեսում ցուցադրված տնայնագործական իրերի առևտրային-արդյունաբերական թանգարան։ Նույն ժամանակ կատարվել է ևս մեկ վերակառուցում։ Տանը տրվել է էկլեկտիկ շենքի ձևավորում, որը զարդարված էր մանր կոտորակային ծեփվածքներով։ Այնտեղ գործում էին նաև Վ. Ա. Պոլտորացկայայի կանանց բարձրագույն դասընթացները, արվեստի և արդյունաբերության դպրոցը, Ժողովրդական կոնսերվատորիայի խմբերգային դասարանները, 1903 թվականին սա հնագրավաճառ Ա. Մ. Ստարիցինի հասցեն էր, որի մասին գրել է Անատոլ Ֆրանսը[3]։

1913 թվականին տունը վերակահավորել են «Ունիոն» կինոթատրոնի համար, որը խորհրդային տարիներին դարձավ «կրկնվող ֆիլմերի» կինոթատրոն։ Նրա վերևում 1920-ական թվականներին տեղակայված էր Ա. Ն. Սկրյաբինի անվան երաժշտական տեխնիկումը[3]։

Այժմ այստեղ գործում է «Նիկիտսկի դարպասների մոտ» թատրոնը։ Ներսույթներում մեծագույն արժեք ունի կինոթատրոնի շքասանդուղքը, որը XIX դարի առաջին կեսից պահպանվել է գրեթե անփոփոխ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Решение Президиума Московского Городского Совета народных депутатов № 84 от 30.07.1992
  2. 2,0 2,1 Романюк С. К. Переулки старой Москвы. История. Памятники архитектуры. Маршруты. — М.: Центрполиграф, 2014. — С. 105-106. — 831 с. — 2500 экз. — ISBN 978-5-227-05158-5
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Дом Огаревых». «Узнай Москву». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]