Քամի (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քամի
նկարիչԿարապետ Ադամյան
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
հիմնական թեմածովափնյա մոտիվով կատարված ստեղծագործություն
Ծանոթագրություններ

Քամի, Կարապետ Ադամյանի՝ ծովափին կերպավորած անձնավորություններից, որը լուսադեմ կանգնած է արևով ողողված ծովափին։ Բոլոր հատկանիշներով կոնկրետ անձնավորությունից պատկերված դիմանկար է՝ հայուհու դիմագծերով, որին նա անվանապես չի կոչել՝ գերադասելով ստեղծել քամու առկայության տպավորություն, նրան պատկերելով դրա հետ կապված համապատասխան արտահայտությամբ։ Նկարը կարելի է անվանել «Աղջիկը քամու պահին»։ Նման միտումը փաստորեն հանդիսանում է ծովափնյա մոտիվով կատարած ստեղծագործությունների շարունակությունը, որոնցում նա նպատակ է հետապնդում՝ շաղկապելով մարդուն բնության երևույթներին։ Տարբերությունը միայն այն է, որ նա այժմ դիմանկարների օգնությամբ է նման խնդիրներ լուծում՝ ցույց տալով ոչ թե երևույթը, այլ դրա հետևանքը՝ բնությանը հատկացնելով չեզոք դեր։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամյանը պատկերել է աղջկա կերպարային նկարագրի անհատական հատկանիշները։ Ադամյանը նրան պատկերել է այնպիսի դիրքով ու արտահայտությամբ, որ իրոք ստեղծված է քամու պատրանք։ Աղջկա դիմագծերի լարվածությունը, քամուց խռիվ եկած փողփողացող մազերը պատկերված են ակնթարթային տպավորության ընկալումով։ Ամեն ինչ արտահայտված են սուր դիտողականությամբ, սպառիչ բնութագրումով՝ տալով նրան ֆիզիկական ու հոգեկան նկարագրի հատկությունները՝ ամրակազմ, առույգ, լիարյուն, կենսահաստատ, լավատես, մարդամոտ, ինքնավստահ, համարձակ գծերով հարուստ բնավորություն։ Կնոջ գլուխը բարձր է պահած, ուղղաձիգ է նրա կեցվածքը, հպարտ, հայացքը հարցական է, կիսաբաց շրթունքները՝ խոսելու պատրաստ վիճակում են, որոնց ետևից երևում է սպիտակ ատամնաշարը։ Քամուց թեթև կկոցված խոշոր աչքերը նրա աշխույժ դիմագծերին կենսունակություն են հաղորդում, իսկ ողորկ, ձիգ մարմինը, որը ֆիզիկապես զարգացած նրա կառուցվածքի երաշխիքն է, կատարելապես ներդաշնակում է մյուս բարեմասնություններին՝ ստեղծելով ամբողջական կերպար։ Այս հատկությունների շնորհիվ կերպարը ստացել է վերին աստիճանի կենդանի, խոսուն արտահայտություն։ Որպես ֆոն հանդիսացող ծովի փոքրիկ հատվածը միայն տարածականության պատրանք է ստեղծում՝ ինչ-որ չափով օգնելով ընդգծելու կերպարը [1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ե. Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Երևան, 1987

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]