Քաղդեացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղդեացիները սեմական անասնապահ ցեղեր են, որոնք մ․թ․ա․ I հազարամյակի 1-ին կեսի տարաբնակվել են Բաբելոնիայի ծայրագավառներում (Պարսից ծոցի հյուսիս-արմտյան ափին)։ Ենթադրում են, որ ունեն արամեական կամ, որ ավելի քիչ հավանական է՝ հարավ արաբական ծագում։ Լեզվական պատկանելությունը վիճելի է, քանի որ քաղդեացիների ավագանին արագ բաբելականացվել է և կրել աքքադական անուններ, իսկ քաղդեական գրավոր հուշարձաններ չկան (Աստվածաշնչում և ետաստվածաշնչյան ավանդություններում քաղդեերեն է անվանվել բաբելա-արամեական խոսվածքը)։ Հաստատվելով Միջագետքի հարավում քազդեացիները աստիճանաբար անցել են նստակեցության և ստեղծել մի շարք իշխանություններ։ Դաշնակցելով Ելամի հետ, մ․թ․ա․ IX դարից քաղդեացիները պայքարել են Ասորեստանի դեմ՝ Բաբելոնին տիրելու համար, որի հետևանքով քաղդեացի իշխանները մ․թ․ա․ VIII դ․ 2-րդ կեսին - VII դ․ սկզբին բազմիցս զավթել են բաբելական գահը։ Մ․թ․ա․ 626-538 -ին Բաբելոնում կառավարել է քաղդեական դինաստիան (Նաբոպալասար, Նաբուգոդոնոսոր II և ուրիշներ), որն ստեղծել է Նոր Բաբելոնյան հզոր թագավորությունը։ Հին Հունաստանում և Հին Հռոմում քաղդեացիներին անվանել են բաբելական ծագում ունեցող քրմեր, գուշակներին։ XIX դ. վերջին — XX դ․ սկզբին քաղդեացիներ տերմինը սխալմամբ գործածվել է շումերների վերաբերմամբ։

Գրականություն[խմբագրել]

Հայ սովետական հանրագիտարան