Փոքրիկ ձկնորսը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոքրիկ ձկնորսը
ՀեղինակՀովհաննես Թումանյան
ՏեսակԻրապատում հեքիաթ
ԺանրՀեքիաթ
Բնօրինակ լեզուՃապոներեն
ԼեզուՀայերեն
Ստեղծման տարեթիվ1911
ԵրկիրՀայաստան
ՎիքիդարանՓոքրիկ ձկնորսը

«Փոքրիկ ձկնորսը», Հովհաննես Թումանյանի հեքիաթներից, որը տպագրվել է 1911 թվականին։

Ճապոնական հեքիաթները Թումանյանի թարգմանությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումանյանին շատ էր հրապուրում արևելյան հեքիաթը՝ ժողովրդական երևակայության իր գունագեղ աշխարհով։ Նրա գրադարանում կարելի էր գտնել արաբական, չինական, տիբեթական,հնդկական,ճապոնական հեքիաթների բազմաթիվ հրատարակություններ և տարբերակներ, ինչպես «Ճապոնական հեքիաթներ», «Հին Ճապոնիայի զրույցները», «Հին արևելքի հեքիաթները», Պավլենկոյի հեքիաթների գրադարանը, Սիտինի նրբագեղ ու գեղեցիկ հրատարակությունը։

Ճապոնական ժողովրդական բանահյուսության գանձարանում առանձնահատուկ տեղ են գրավում հեքիաթները, որոնք աչքի են ընկնում մտահղացման նրբությամբ, լեզվի պատկերավորությամբ։ Այդ հեքիաթները արտահայտում են ճապոն ժողովրդի լավատեսությունը, լավագույն, երջանիկ կյանքի երազանքները։ Ճապոնական հեքիաթների հերոսը աշխատասեր է, հավատարիմ, սիրով հակված դեպի հայենիքը և հարազատները[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փոքրիկ ձկնորսը» հեքիաթը առաջին անգամ տպագրվել է 1911 թվականին։ Ճապոնական այս հեքիաթը Հովհաննես Թումանյանը թարգմանել է ռուսական հրատարակությունից («Урасима или маленький рыбак», Москва, 1904)՝ օգտագործելով ճապոնացիների կյանքն ու կենցաղը վերարտադրող վերջինիս նկարազարդումները։ Թարգմանված է 1910 թվականի վերջերին կամ 1911 թվականի առաջին կեսին։ Թարգմանության թվականը որոշվում է ըստ Հսկ, 1910, № 11 և 9911, № 2-ում լույս տեսած հայտարարությունների, ըստ որոնց՝ «Մանկական գրադարան» մատենաշարով շուտով լույս են տեսնելու նաև «Փոքրիկ ձկնորսը» և «Լեզուն կտրած ծիտիկը» հեքիաթները[2]։

Ձկնորս Ուրաշիմայի հեքիաթում Թումանյանին գրավել է երկու հանգամանք՝ երիտասարդ ձկնորսի կերպարի մարդկայնությունը և հայրենիքի ու անմահության խնդիրը։

Թումանյանն իր գրադարանում եղած Ուրաշիմայի հեքիաթի բազմաթիվ տարբերակներից ընտրել է Սիտինի պատկերազարդ հրատարակությունը` մասամբ օգտագործելով նույն հեքիաթի Պորոզովսկայայի գերմաներենից կատարած թարգմանությունը։ Թումանյանի թարգմանությամբ այդ հեքիաթը լույս է տեսել նույն ձևավորմամբ և նույն ճապոնական նկարներով։

Թումանյանը ստրկաբար չի հետևել հեքիաթի՝ իր ընտրած տարբերակին։ Թարգմանության ընթացքում նա շատ բան է ավելացրել. լեզվին հաղորդել է բարեհնչություն, մտցրել է հնչյունային կրկնակներ, նույնանիշներ, ժողովրդական ոճեր, ստեղծել է ծերունու կերպարը, որը հերոսին պատմում է ճշմարտությունը, թե ինչ է պատահել նրա բացակայության միջոցին և այլն[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար տարիներ առաջ Ճապոնական ծովի ափին ապրում է Ուրաշիմա անունով մի ձկնորս։ Մի անգամ ձուկ բռնելու փոխարեն ջրից հանում է մի մեծ կրիա։ Ուրաշիման մտածում է, որ լավ կլիներ կրիաի փոխարեն ձուկ բռնած լիներ և կրիային կրկին գցում է ծովը։ Ծովի անդունդից դուրս է գալիս մի սիրուն աղջիկ և մտնում Ուրաշիմայի նավակը։ Պարզվում է, որ նա ծովի թագավորի աղջիկն է, իր հոր հետ ապրում է վիշապների ապարանքում և Ուրաշիմայի բռնած կրիան հենց այդ աղջիկն էր։ Աղջկա հայրը ուղակել էր աղջկան, որ Ուրաշիմայի բարությունը ստուգի։ Եվ այժմ Ուրաշիման, եթե ցանկանա, կարող է ամուսնանալ աղջկա հետ։ Ուրաշիման և ծովի թագավորի աղջիկը միասին գնում են վիշապների ապարանք։ Երկար ժամանակ Ուրաշիման և Սեն-Նինը՝ ծովի թագավորի աղջիկը, ապրում են շատ երջանիկ կյանքով, սակայն մի օր Ուրաշիման ցանկանում է իր ընտանիքին այցելել։ Սեն-Նինը իր համաձայնությունն է հայտնում Ուրաշիմային և նրան մի տուփ  է տալիս և ասում, որ չբացի այդ տուփը։ Եթե բացի, երբեք չի կարող վերադառնալ Սեն-Նինի մոտ։ Ուրաշիման վերցնում է տուփը և խոստանում, որ չի բացի։ Սեն-Նինը քուն է բերում Ուրաշիմայի վրա և երբ Ուրաշիման արթնանում է, արդեն իր հայրենիքի եզերքին էր։ Չկար Ուրաշիմայի հայրական տունը, գյուղը։ Ուրաշիման հանդիպում է մի ծերունու և նրան հարցնում, թե ուր է փոխադրվել Ուրաշիմայի տունը։ Ծերունին պատմում է, թե մանուկ ժամանակ լսել է, որ հարյուրավոր տարիներ առաջ մի Ուրաշիմա է եղել, գնացել է ծովը ձուկ որսալու ու էլ ետ չի եկել։ Նրա ծնողները, եղբայրները վաղուց են մահացել։ Ուրաշիման կրկին ցանկանում է վերադառնալ Սեն-Նինիի մոտ։ Ուրաշիման բացում է տուփը, քանի որ կարծում էր, որ այդ միջոցով կարող է գնալ Սեն-Նինիի մոտ, սակայն բացելուց հետո միայն հիշեց կնոջ խոսքը։ Ուրաշիման միանգամից ճերմակեց ձյան պես, երեսը կնճռոտեց և մեռած ընկավ ծովափին։ Պարզվում է, որ ջահելության գաղտնիքն էր ամփոփված կախարդական տուփի մեջ։ Ուրաշիման սիրող, ազնիվ սիրտ ուներ ու գնաց իր սրտի ետևից։ Այդ պատճառով էլ մինչև օրս Ճապոնիայում չեն մոռացել Ուրաշիմային։ Շատ տեղերում պաշտում են նրան այն բանի համար, որ նույնիսկ աստվածների անհոգ աշխարհում չմոռացավ իր հարազատներին ու իր աղքատ ծննդավայրը։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուրաշիմա-ձկնորս
  • Սեն-Նին-Ուրաշիմայի կինը
  • Ծովի թագավոր
  • Անցորդ ծերունի

Գաղափարական բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրաշիման ո՛չ թե աստվածություն է, այլ մարդ, իր ժողովրդի զավակը, որին պետք է սիրել, պետք է նմանվել։ Նա մեռավ, վարվելով ըստ իր սրտի թելադրանքի. «Խե՜ղճ Ուրաշիմա... զրկվեց ջահել, երկար կյանքից ու երջանիկ ապրելու վայելքից։ Բայց նա սիրող, ազնիվ սիրտ ուներ ու գնաց իր սրտի հետևից։ Էդ է պատճառը, որ մինչև օրս էլ Ճապոնիայում չեն մոռացել Ուրաշիմային ու նրա խորհրդավոր պատմությունը։ Եվ շատ տեղերում պաշտում են նրան նրա՛ համար, որ նույնիսկ աստվածների անհոգ աշխարհքում, Սեն-Նինիի սիրո մեջ էլ չմոռացավ հարազատներին և իր աղքատ ծննդավայրը»[3]։

Հեքիաթում ամփոփվում է այն ստեղծող ժողովրդի հիմնական գաղափարը։ Եվ Թումանյանն իր հեքիաթի վերջում ներհյուսել է ծնողների ու հայրենիքի սիրո գաղափարը։ Մարդկայնության իմաստն այն է, եզրակացնում է Թումանյանը, որ մարդը բոլոր պայմաններում, նույնիսկ հավերժական երջանկության, սիրո և անմահության կղզում, փարթամության մեջ չմոռանա իր հայրենի երկիրը, իր տունը, որքան էլ դրանք աղքատ ու խեղճ լինեն։ Դրանով իսկ Թումանյանը իր թարգմանությամբ հեքիաթը դարձնում է խրատական, ուսանելի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Ճապոնական հեքիաթները Թումանյանի թարգմանությամբ».
  2. Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ Գիտություն հր. էջեր 792–793.
  3. Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ հր. էջ 266.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Փոքրիկ ձկնորսը